Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Ջորկաեֆ ազգանունը բավարա՞ր է հայկական ֆուտբոլը ղեկավարելու համար

Ջորկաեֆ ազգանունը բավարա՞ր է հայկական ֆուտբոլը ղեկավարելու համար

Tue, 24 Nov 2026 16:15:50 +0400


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում։ Դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում գործող նախագահի պաշտոնին հավակնում են Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու Ֆրանսիայի հավաքականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։

Սակայն Դենիս Ջորկաեֆի հնարավոր թեկնածության շուրջ հարցերը շատ ավելի վաղ են առաջացել՝ դեռևս նրա պաշտոնական առաջադրումից առաջ։ Խնդիրն այն է, որ ՀՖՖ-ն ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ փոփոխություններ կատարեց կանոնադրությունում՝ վերացնելով նախագահի թեկնածուների համար հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պարտադիր պահանջները։

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած արտահերթ ժողովում փոփոխություններն ընդունվեցին 29 կողմ, 2 դեմ ձայներով։ ՀՖՖ-ի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ այդ պահանջները կարող էին սահմանափակել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող թեկնածուների առաջադրման հնարավորությունը։

Սակայն դժվար է անտեսել ժամանակային համընկնումը։ Դենիս Ջորկաեֆի հնարավոր թեկնածության մասին տեղեկությունները շրջանառվում էին դեռևս կանոնադրական փոփոխություններից առաջ։ Ավելին՝ փոփոխություններից հետո հենց նա դարձավ ՀՖՖ նախագահի պաշտոնի երկու թեկնածուներից մեկը։

Ստացվում է՝ հայկական ֆուտբոլի գլխավոր կառույցը որոշել է, որ իր նախագահի թեկնածուն այլևս պարտադիր չէ, որ տիրապետի հայերենին կամ վերջին մեկ տարում բնակված լինի Հայաստանում։ Իսկ ո՞ւմ համար էր անհրաժեշտ այդ սահմանափակումների վերացումը, եթե ոչ այնպիսի թեկնածուների համար, որոնք մինչ այդ չէին բավարարում գործող պահանջներին։

Հարցը միայն կանոնադրության փոփոխությունը չէ։ Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ ո՞վ է Դենիս Ջորկաեֆը հայկական ֆուտբոլի համար, և ի՞նչ մասնագիտական հիմքերով է նա հավակնում ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Անվիճելի է, որ Ջորկաեֆների ընտանիքը մեծ անուն ունի համաշխարհային ֆուտբոլում։ Դենիսի եղբայրը՝ Յուրի Ջորկաեֆը, Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Նրանց հայրը՝ Ժան Ջորկաեֆը, նույնպես հայտնի ֆուտբոլիստ է եղել և ներկայացրել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։

Բայց Դենիս Ջորկաեֆի պարագայում հարցն այն է, թե արդյոք նա անձամբ ունի հայկական ֆուտբոլը ղեկավարելու անհրաժեշտ փորձն ու հեղինակությունը։ Եղբոր մարզական նվաճումները նրա կենսագրության մաս չեն կազմում, իսկ հայտնի ազգանունը չի կարող փոխարինել մասնագիտական կարողություններին։

Ինքը՝ Ջորկաեֆը, հայտարարել է, որ ավելի քան 30 տարի իր կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Նրա խոսքով՝ աշխատել է որպես ֆուտբոլային գործակալ, եղել է ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ 2020 թվականին նշանակվել է նաև ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական։

Սակայն այստեղ էլ առաջանում են մի շարք հարցեր։ Ի՞նչ ակումբ է ղեկավարել Դենիս Ջորկաեֆը, ի՞նչ արդյունքներ է գրանցել այդ պաշտոնում, ի՞նչ ֆուտբոլային նախագծեր է իրականացրել և, ամենակարևորը, ի՞նչ է արել հայկական ֆուտբոլի զարգացման համար։ ՀՖՖ-ում միջազգային հարցերով խորհրդական աշխատելու փաստն ինքնին դեռևս չի նշանակում, որ նա ունի ֆեդերացիան ղեկավարելու անհրաժեշտ կառավարչական փորձ։

Ավելին՝ նրա՝ ՀՖՖ-ում ունեցած գործունեությունը հանրությանը մանրամասն ներկայացված չէ։ Եթե Ջորկաեֆն իսկապես հայկական ֆուտբոլի զարգացման գործում նշանակալի դերակատարում է ունեցել, ապա ինչո՞ւ այդ աշխատանքի արդյունքները մինչ այժմ չեն դարձել հանրային քննարկման առարկա։

Ուշագրավ է նաև, որ Դենիս Ջորկաեֆը ֆրանսահայ հասարակական և քաղաքական կյանքում ավելի տեսանելի դերակատարում ունի, քան հայկական ֆուտբոլում։ Նա Ֆրանսիայի Նանտ քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, ինչպես նաև Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Այս հանգամանքները կարող են օգտակար լինել միջազգային կապերի զարգացման տեսանկյունից, սակայն ինքնին չեն պատասխանում հայկական ֆուտբոլի կառավարման վերաբերյալ հիմնական հարցերին։

Առանձին ուշադրության է արժանի նաև նրա հրապարակային քաղաքական դիրքորոշումը։ Քաղաքացիական պայմանագրի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Ջորկաեֆը սոցիալական ցանցերում դրական գնահատական էր տվել Հայաստանում խաղաղության, ժողովրդավարության և ինքնիշխանության ճանապարհը շարունակելու վերաբերյալ քաղաքական գործընթացին։ Նա նաև հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի հետ ասոցացվող խորհրդանիշը՝ «Խաղաղություն» գրությամբ։

Այս հանգամանքները ևս արժանի են քննարկման, հատկապես եթե Ջորկաեֆն իրեն ներկայացնում է որպես անկախ թեկնածու։ Արդյոք նա պատկերացնո՞ւմ է ՀՖՖ-ի կառավարումը որպես քաղաքական իշխանությունից անկախ կառույցի ղեկավարում, և ինչպե՞ս է ապահովելու ֆեդերացիայի ինքնուրույնությունը։

Մյուս կարևոր հարցը հայերենի իմացությունն է։ Դենիս Ջորկաեֆը ներկայումս հայերենին չի տիրապետում, թեև իր հրապարակային հայտարարության մեջ նշել է, որ սովորում է հայերեն և պատրաստվում է տեղափոխվել Հայաստան՝ այստեղ ապրելու և աշխատելու նպատակով։

Բնականաբար, լեզվի չիմացությունը չի կարող ինքնին որևէ մեկին զրկել մասնագիտական պաշտոնի հավակնելու իրավունքից։ Բայց ինչպե՞ս է ՀՖՖ նախագահը անմիջականորեն հաղորդակցվելու հայկական ակումբների ղեկավարների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ։ Արդյոք ֆեդերացիայի նախագահի պաշտոնը կարելի՞ է դիտարկել բացառապես միջազգային կապերի տեսանկյունից՝ անտեսելով հայկական ֆուտբոլային միջավայրի հետ անմիջական հաղորդակցության անհրաժեշտությունը։

ՀՖՖ կանոնադրությամբ թեկնածուն շարունակում է պարտավոր լինել վերջին հինգ տարիներից առնվազն երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ֆուտբոլի բնագավառում։ Այսինքն՝ նույնիսկ կանոնադրական փոփոխություններից հետո պահպանվել է հայկական ֆուտբոլի հետ մասնագիտական կապ ունենալու պահանջը։

Հետևաբար ՀՖՖ-ն պարտավոր է պարզաբանել՝ ինչ հիմքով է գնահատելու Ջորկաեֆի համապատասխանությունը այդ պահանջին, ինչ աշխատանք է նա կատարել Հայաստանում և ինչ փաստաթղթերով է հիմնավորվում նրա՝ վերջին տարիներին հայկական ֆուտբոլում ունեցած ակտիվ դերակատարումը։

Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ ունի հայկական ֆուտբոլի զարգացման 2027-2031 թվականների ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել առաջիկայում։ Բայց այստեղ էլ պետք է հարցնել՝ ինչո՞ւ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը պետք է վստահվի մի մարդու, որի գործունեության կոնկրետ արդյունքները Հայաստանում հանրությանը դեռևս բավարար չափով ներկայացված չեն։

Հայկական ֆուտբոլն այսօր կարիք ունի ոչ թե միջազգային ճանաչում ունեցող ազգանվան, այլ արդյունավետ կառավարման, ակումբների խնդիրները հասկացող, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը առաջնահերթություն համարող և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ղեկավարի։

Դենիս Ջորկաեֆն իրավունք ունի հավակնելու այդ պաշտոնին, եթե համապատասխանում է սահմանված պահանջներին։ Բայց նույնքան իրավունք ունի ֆուտբոլային հանրությունը պահանջելու նրանից հստակ պատասխաններ։

Ի՞նչ կապ ունի նա հայկական ֆուտբոլի հետ, ի՞նչ է արել դրա համար, ինչո՞ւ են ընտրություններից առաջ վերացվել հայերենի իմացության և Հայաստանում բնակվելու պահանջները, և արդյոք այս ամենը պատահականությունների համընկնում է։

Ի վերջո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Յուրի Ջորկաեֆի ընտանեկան ժառանգությունը տնօրինելու կառույց չէ։ Այն հայկական ֆուտբոլի ապագան որոշող կառույց է։ Իսկ այդ ապագան վստահելու համար միայն հայտնի ազգանունը բավարար չէ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին

Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին Tue, 24 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով