Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել

Wed, 25 Nov 2026 12:15:57 +0400


Նոյեմբերի 29-ին Մեծամոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: 2 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն եւ ՀՅԴ-ն, կպայքարեն համայնքային իշխանության համար: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ ընտրացուցակի 2-րդ համարն է, իսկ նրա համագյուղացի Սարգիս Արշակյանը` առաջին: Այս օրերին մարզպետն արձակուրդ է վերցրել եւ լծվել է համագյուղացուն քաղաքապետ դարձնելու գործին: Նորապատցի Սարգիս Արշակյանը 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2012 թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը, իսկ 2010-2021 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի աշխատակազմում։ 2022 թվականին մարզպետն իր համագյուղացուն նշանակել է Մեծամոր համայնքի Նորապատ գյուղի վարչական ղեկավար, 2025-ից Արշակյանն արդեն զբաղեցնում է Մեծամորի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Վահրամ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է որոշել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Մեծամորի համայնքապետի պաշտոնի՞ն է ուզում վերադառնալ։ «Կշարունակեմ մարզպետի իմ պարտականությունները: Մեր ցուցակի առաջին համար կա՝ Սարգիս Արշակյան, ինքը կդառնա համայնքապետ»: Բայց մոտ 2 տարուց մարզպետարանները լուծարվելու են, աշխատանք կորցնելը Ձեզ չի՞ մտահոգում, թե՞ Դուք բիզնեսներ ունեք։ «Ձեզնից եմ լսում, մամուլից եմ լսում մարզպետների ինստիտուտի կրճատման մասին: Էնպես չի, որ կառչած եմ աթոռից: Ես չէ, բայց ընտանիքս ունի բիզնես, եւ ապահովված ենք»:

Նշենք, որ Վահրամ Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2025թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2026թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նա ստացել է 10 մլն 527 հազար դրամ եկամուտ՝ ամբողջությամբ աշխատավարձի տեսքով։ 2026 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ Սարգիս Արշակյանը կանխիկ ունեցել է 15 մլն դրամ եւ 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշվին՝ 613 հազար դրամ։ Նա անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում կառուցվող շենքից 66 քմ բնակարանի գնման իրավունք։ Ունի նաեւ 1991թ. արտադրության «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։ Սարգիս Արշակյանն Արմավիրում ունի բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ առեւտուր` բենզալցակայան, պետռեգիստրով՝ «Հրավտանգ» ՍՊԸ, որի տնօրենը Արշակյանի կինն է՝ Մարետա Ջիզմեչյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու Wed, 25 Nov 2026 09:45:29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով