Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Thu, 26 Nov 2026 14:46:32 +0400


Հայաստանում նախատեսվում է փոփոխել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները մի շարք նոր կարգավորումներ են սահմանում, որոնք վերաբերում են ինչպես նպաստների չափերին, այնպես էլ դրանց ստացման պայմաններին։

Փոփոխություններից մեկի համաձայն՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների դեպքում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կլինի միասնական՝ անկախ ծնողի աշխատանքային կարգավիճակից և բնակության վայրից։ Այսինքն՝ այլևս տարբերություն չի դրվի՝ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, չի աշխատում, թե բնակվում է գյուղական համայնքում։
Ներկայում խնամքի նպաստի չափը կազմում է 31 հազար 600 դրամ՝ չաշխատող ծնողի, 37 հազար 500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողի և 69 հազար 100 դրամ՝ գյուղաբնակ ծնողի համար։

Փոփոխություններ են նախատեսվում նաև նպաստների հետադարձ նշանակման ժամկետներում։ 2028 թվականի հունվարի 1-ից ուշ դիմելու դեպքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները հետադարձ կարգով կվճարվեն առավելագույնը նախորդ երեք ամիսների համար։ Ներկայում այդ ժամկետները համապատասխանաբար վեց և 12 ամիս են։ Բացառություն կկազմեն ծնողի մահվան դեպքերը, որոնց համար կպահպանվի վեցամսյա ժամկետը։
Նոր կարգավորումներով երեք ամիս կսահմանվի նաև Հայաստանից բացակայելու հիմքով նպաստի վճարումը դադարեցնելու համար։ Բացի այդ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար պարտադիր պայման կլինի ոչ միայն երեխայի, այլև ծնողի՝ Հայաստանի տարածքում գտնվելը։

Փոփոխությունների շրջանակում նախատեսվում է վերացնել նաև նպաստառուների համար գործող վարչարարական պահանջներից մեկը։ Մասնավորապես, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան ու խնամքի նպաստները շարունակելու համար ծնողներն այլևս պարտավոր չեն լինի տարեկան առնվազն մեկ անգամ այցելել բանկ և ստորագրությամբ հաստատել իրենց ներկայությունը Հայաստանում։

Փոխարենը՝ ծնողի և երեխայի՝ երկրի տարածքում գտնվելու հանգամանքը կստուգվի ինքնաշխատ եղանակով՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Եթե նպաստառուն վերադառնա Հայաստան, նպաստ ստանալու իրավունքը կվերականգնվի ավտոմատ կերպով՝ առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտության։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Թռնեն վերեւ, իջնեն ցած՝ Հռչակագիրը մեր պատմության անբաժան մասն է եղել ու մնում է

«Հրապարակ»․ Թռնեն վերեւ, իջնեն ցած՝ Հռչակագիրը մեր պատմության անբաժան մասն է եղել ու մնում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով