«Հրապարակ». Սահմանադրությունը չի կարող դառնալ որեվէ քաղաքական ուժի գործիքը

«Հրապարակ». Սահմանադրությունը չի կարող դառնալ որեվէ քաղաքական ուժի գործիքը

Fri, 27 Nov 2026 13:45:53 +0400


Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյանի հետ

– Նոյեմբերի 23-ին հայտարարվեց ԹՐԻՓՓ-ի պաշտոնական մեկնարկը, եւ այդ առիթով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոհբերը հայտարարեց․ «Մենք թույլ չենք տա շրջանցել հիմնական միջանցքները եւ ստեղծել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք։ Հետեւություններ արեք Հորմուզի նեղուցի օրինակից»: Ի՞նչ զարգացումներ սպասենք:

– Նախ արձանագրենք, որ Հայաստանի համար ցանկացած տարածաշրջանային հաղորդակցային նախագիծ պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլեւ ազգային անվտանգության, ինքնիշխանության եւ տարածաշրջանային ուժերի շահերի համատեքստում։ TRIPP ծրագրի իրականացման մեկնարկը, բնականաբար, նոր իրողություն է ստեղծում տարածաշրջանում։ Սակայն պետք է հասկանալ, որ ճանապարհների, երկաթուղիների եւ հաղորդակցային ուղիների կառուցումը միայն տնտեսական կամ տեխնիկական գործընթաց չէ։ Հարավային Կովկասում յուրաքանչյուր նման նախագիծ ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Իրանի դիրքորոշումն այս առումով պետք է ընկալել շատ լուրջ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի սահմանների փոփոխությանը, իր հյուսիսային սահմանների աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխությանը եւ այնպիսի լուծումներին, որոնք կարող են սահմանափակել իր կապը Հայաստանի հետ։ Իրանի համար Հայաստանի հետ սահմանը պարզապես երկու պետությունների միջեւ սահմանագիծ չէ, այլ ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական եւ տնտեսական կապ։ Միաժամանակ, ես չէի շտապի այս հայտարարությունը մեկնաբանել որպես անխուսափելի ռազմական առճակատման նախազգուշացում։ Բայց Հորմուզի նեղուցի հիշատակումը պատահական չէ։ Դա քաղաքական ուղերձ է, որով Իրանը ցույց է տալիս, որ իր կենսական աշխարհաքաղաքական շահերը շրջանցելու փորձերը կարող են առաջացնել շատ ավելի լուրջ հետեւանքներ։ Իմ գնահատմամբ՝ առաջիկայում կարող է զարգանալ մի քանի սցենար։ Առաջին․ դիվանագիտական ճնշման ուժեղացում։ Իրանը կարող է ավելի կոշտ դիրքորոշում արտահայտել Հայաստանի, ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի մյուս դերակատարների հետ հարաբերություններում՝ պահանջելով հստակ երաշխիքներ, որ ծրագիրը չի սահմանափակելու իր ռազմավարական շահերը։ Երկրորդ․ տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության աճ։ Եթե Թեհրանը TRIPP-ը դիտարկի որպես իր հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ներկայության հաստատման գործիք, ապա խնդիրը կարող է դուրս գալ հայ-իրանական հարաբերությունների շրջանակից եւ վերածվել ավելի լայն տարածաշրջանային դիմակայության։ Երրորդ․ տնտեսական եւ տրանսպորտային մրցակցության սրում։ Իրանը կարող է ակտիվացնել այլընտրանքային հաղորդակցային նախագծերը՝ փորձելով պահպանել իր տարանցիկ նշանակությունը եւ թույլ չտալ, որ տարածաշրջանի տնտեսական նոր ճարտարապետությունը ձեւավորվի իր շահերի հաշվին։ Սակայն այստեղ կա մի սկզբունքային հարց. Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ մեծ տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հստակ պատասխանել մի քանի հարցի՝ ո՞վ է իրականացնելու սահմանային եւ մաքսային վերահսկողությունը, ո՞վ է ապահովելու ճանապարհի անվտանգությունը, ի՞նչ իրավազորություն է գործելու հայկական տարածքում, եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի սահմանափակվելու։ Իրանը Հայաստանի անմիջական հարեւանն է, եւ մենք չենք կարող անտեսել նրա ազգային անվտանգության մտահոգությունները։ Իրանը չի հանդուրժելու որեւէ քայլ, որը կհակասի իր ազգային եւ ռազմավարական շահերին։ Դա պետք է գիտակցեն ինչպես Երեւանում, այնպես էլ Վաշինգտոնում, Բաքվում եւ Անկարայում։ Բայց նույնքան կարեւոր է մեկ այլ հանգամանք. Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գործի ՀՀ ինքնիշխանության ներքո։ Ոչ մի պետություն իրավունք չունի Հայաստանի տարածքում իր աշխարհաքաղաքական պատկերացումները պարտադրել Հայաստանին։ Եվ ոչ մի արտաքին ուժ չպետք է ունենա Հայաստանի ինքնիշխան որոշումները սահմանափակելու հնարավորություն։

– Հասցրե՞լ եք ծանոթանալ նոր սահմանադրությանը:

– Որոշ չափով ծանոթացել եմ ներկայացվող նոր սահմանադրությանը եւ այն քաղաքական տրամաբանությանը, որի շրջանակում իշխանությունը փորձում է առաջ տանել այս նախաձեռնությունը։ Մենք գործ ունենք քաղաքական մի ծրագրի սահմանադրականացման փորձի հետ, որը լիովին համահունչ է Նիկոլ Փաշինյանի որդեգրած, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության» եւ «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Սահմանադրությունը չի կարող լինել օրվա իշխանության քաղաքական պատկերացումների, աշխարհայացքի կամ քաղաքական շահերի արտացոլումը։ Այն չպետք է դառնա որեւէ քաղաքական ուժի գաղափարախոսության իրավական ամրագրման գործիք։ Սահմանադրությունը պետք է լինի համազգային պայմանագիր, որը միավորում է հասարակությանը, երաշխավորում պետականության շարունակականությունը, պաշտպանում ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը, ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Ինձ մոտ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ նոր սահմանադրության քննարկումը ներկայացվում է քաղաքական այնպիսի համատեքստում, որտեղ իշխանությունը հետեւողականորեն փորձում է վերաիմաստավորել Հայաստանի պատմությունը, պետականության ընկալումը եւ ազգային առաջնահերթությունները։ Սահմանադրությունը պետք է ամրագրի Հայաստանի պետականության հիմնասյուները, ոչ թե հարմարեցվի իշխանության տվյալ պահի քաղաքական պատկերացումներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ

Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ Sat, 28 Nov 2026…

9 րոպե ago

Ինքնագլուխ կերպով սրբագրել է համատեղ հայտարարության տեքստը

Ինքնագլուխ կերպով սրբագրել է համատեղ հայտարարության տեքստը Sat, 28 Nov 2026 15:00:38 +0400 ԱՄՆ նախագահ…

23 րոպե ago

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ Sat, 28 Nov 2026 14:45:53 +0400 Պայքարը հանուն արդարության…

38 րոպե ago

Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն

Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն Sat, 28 Nov 2026 14:30:28 +0400 Ֆուտբոլային…

54 րոպե ago

TRIPP-ով Հայաստանը կորցնում է իր լծակները

TRIPP-ով Հայաստանը կորցնում է իր լծակները Sat, 28 Nov 2026 14:15:35 +0400 Ռուս քաղաքագետ Ալեքսանդր…

1 ժամ ago

Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի հետ ունեցած զրույցի մանրամասների մասին

Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի հետ ունեցած զրույցի մանրամասների մասին Sat, 28 Nov 2026 14:07:30 +0400 ԱԺ…

1 ժամ ago