Ֆեյսքուքում գրառման համար մեղադրանք են առաջադրել, դատարանը դադարեցրել է հետապնդումը
Sat, 28 Nov 2026 13:45:51 +0400
Ըստ մեղադրական եզրակացության՝ Տաթևիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2024 թ․ մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցում «Tatev Muradian» անվամբ գրանցված իր էջի բաց հարթակում կատարել է «անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ»:
Մասնավորապես գրել է՝ «Տա Աստված լինի իշխանափոխություն ու դրանից հետո Հայաստանում մի աշխարհ մարդ պետքա լուսահոգի Վահան Հովհաննիսյանի ասած լեգենդար խոսքի համաձայն՝ ԾԵԾՎԻ դալաններում, ստորացվի, որոշները պետքա վտարվեն ու զրկվեն ՀՀ անձնագրից, որոշները սատկեն բանտում ու որոշները պարզապես ամեն Աստծո օր ամեն տեղ ստորացվեն ու թուք ու մուր ուտեն! Ես դա անելու եմ! Մենակ էտ դեպքում էս սրբազան հողը կմաքրվի էս տեսակ շան ծնունդներից, ուրիշ ձև չկա!!!»:
Այս գրառման համար Տ․ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»)։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է 1-4 տարի ժամկետով ազատազրկում։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը քննել է Մուրադյանի գործը և նախնական դատալսումներ է նշանակել 2025 թ․ ապրիլի 23-ին։ Այդ նիստում դատավոր Աբելյանը որոշել է Տ․ Մուրադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ։ Իսկ 2026թ․ փետրվարի 5-ին դատարանը գտել է` քանի որ քրեական գործով վարույթը նախաձեռնվել է Ոչ պատշաճ աղբյուրից` «օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա», Տաթևիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել։ Որոշել է նաեւ, որ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Տաթևիկ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել, իսկ 2024 թ․ հուլիսի 16-ին կայացված որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված և Տաթևիկ Մուրադյանին պատկանող, նրա պատասխանատու պահպանությանը հանձնված՝ «Այֆոն 13 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոսը հանձնել վերջինիս տնօրինությանը։
Նման վարույթից հետո գործը քննած ու մեղադրանքը դատարան ուղարկած քննիչներն ու դատախազները պետք է ամոթից կարմրեին, բայց դա հայ իրավապահների մասին չէ` մեղադրող Լ․ Հակոբյանը վերաքննիչ բողոք է բերել, խնդրելով ամբողջությամբ բեկանել Երևանիի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (Ավան նստավայր) 2026թ. փետրվարի 5-ին կայացրած որոշումը և գործը փոխանցել առաջին ատյանի այլ դատարան՝ նոր քննության: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վերաքննիչ դատարանում սույն վարույթով դատական վերջին նիստը նշանակված էր նոյեմբերի 18-ին, այն չի կայացել։