Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Թուրք-վրացական հարաբերություններում նոր ճգնաժա՞մ է հասունանում

Թուրք-վրացական հարաբերություններում նոր ճգնաժա՞մ է հասունանում

Sat, 28 Nov 2026 20:15:58 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վրդովվել է Բաթումիում՝ վրացի և թուրք ֆուտբոլի երկրպագուների բախումից: Խաղից առաջ և դրա ընթացքում թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների նկատմամբ վերաբերմունքը անընդունելի է և անհամատեղելի է Թուրքիայի և Վրաստանի միջև հարաբերությունների մակարդակի հետ, հայտարարել է Ֆիդանը: Այս մասին գրում է Haqqin.az կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաթումիի իրավապահ մարմինները ձերբակալել էին Ստամբուլի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի 16 երկրպագուի՝ հասարակական կարգը խախտելու և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ անօրինական գործողություններ իրականացնելու համար։

Ֆիդանը միջադեպի պահին գտնվել է Պակիստան ուղևորվող ինքնաթիռում։ Միջադեպի մասին իմանալուց հետո նա անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև անմիջական կապ է պահպանել դեսպանատան և գլխավոր հյուպատոսության հետ, որոնց աշխատակիցները ներկա են եղել տեղում։ «Սա մեզ համար բացարձակապես անընդունելի իրավիճակ է։ Այն չի համապատասխանում մեր երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակին։ Մենք չենք կարող հանդուրժել մեր երկրպագուների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը։ Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ մեր հղած ազդանշանները հասկացվել են», – Իսլամաբադում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆիդանը։
Նախարարը հավելել է, որ Անկարայում Վրաստանի դեսպանը կանչվել է հանդիպման ուրբաթ օրը, որի ընթացքում նրան տրվել են համապատասխան նախազգուշացումներ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, սակայն, հստակեցրել է իրավիճակը, հայտարարելով, որ թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բաթումիի» միջև խաղը հյուրընկալելը բարեկամական ժեստ էր Թուրքիայի նկատմամբ՝ չնայած առկա ռիսկերին հասկանալի պատճառներով։

Նրա խոսքով՝ թուրք երկրպագուների մեծ մասը լավ է ընդունել վրացական կողմի առաջարկը, սակայն մի քանի հարյուր երկրպագուներ սադրանքների են դիմել:

«Երբ դուք նման առաջարկ եք անում երկրպագուներին, և նրանք պատասխանում են անպատշաճ գործողություններով, դա շատ վիրավորական է», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել վրաց ոստիկանությանը՝ մարզադաշտում և դրսում կարգուկանոն պահպանելու համար։ Ի դեպ, սա կարող է անուղղակի ապտակ հանդիսանալ Ֆիդանի համար, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը Իսլամաբադում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենք պահանջել էին ապահովել թուրք երկրպագուների անվտանգությունն ու որ նրանցից ոչ ոք չձերբակալվեր, իսկ Կոբախիձեի պատասխան հայտարարությունը նշանակում է՝ շնորհակալություն վրացի ոստիկաններին, որ ձերբակալել են կարգազանց թուրք երկրպագուներին:

Հենց այստեղ է, որ սրվել է իրավիճակը, որովհետև ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշի» և «Հապոել Բեեր Շևայի» միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը։

Թուրքական կողմը պահանջել է միջադեպի լիարժեք հետաքննություն՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, բացի այդ պահանջել են օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել «Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու և միջամտելու համար պատասխանատու անձանց նկատմամբ»։

Թուրքական ֆուտբոլային ակումբները շտապել են այս միջադեպքում մեղադրել ՈՒԵՖԱ-յին, մոռանալով սեփական երկրպագուների անկառավարելի վարքն ու սադրիչ գործողությունները:
Չնայած ՈՒԵՖԱ-ն հատուկ հայտարարություն է տարածել, սակայն դրանից թուրքական ֆուտբոլային ակումբները չեն նահանջում՝ նրանց կարծիքով թուրքերի երակներով կապույտ արյուն է հոսում և անկախ գտնվելու վայրից ու հանգամանքներից՝ թուրքերին մատով անգամ ձեռք տալ չի կարելի:

Մեջբերում ՈՒԵՖԱ-ի հայտարարությունից․«Ինչպես այս մրցաշրջանի բոլոր խաղերը, այսօրվա խաղը նույնպես բացառություն չէր, քանի որ ՈՒԵՖԱ-ն խաղի կազմակերպիչը չէր և, հետևաբար, պատասխանատու չէր մարզադաշտի անվտանգության ապահովման կամ դրա վերահսկողության համար: Մարզադաշտում բոլոր գործողությունները ձեռնարկվել և իրականացվել են իրավասու տեղական իշխանությունների կողմից՝ իրենց լիազորությունների և իրավասության շրջանակներում»:

Իհարկե, այսքանով թուրքերը չեն սահմանափակվել, Էրդողանի հանձնարարությամբ, արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը ներգրավվել է իրավիճակի կարգավորման գործում: Նա բանակցություններ է վարել իր վրացի գործընկեր Պաատա Սալիայի հետ, դատապարտել բռնությունը և պահանջել անհապաղ ազատ արձակել թուրք քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հիշեցնենք, որ ձերբակալված կարգազանց թուրք երկրպագուները՝ թվով 16 հոգի, ձերբակալումից կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, բայց թուրքական կողմի բարձրացրած ողբը դեռևս չի ավարտվել: Մյուս կողմից չենք կարող չնշել մի հանգամանք, որ աչք է ծակում, Թուրքիան իր թուրք քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար պատրաստ է լարել այլ պետությունների հետ հարաբերությունները, սա մեր տարածաշրջանում ու միգուցե հենց Հայաստանում իշխանություններին մտածելու տեղիք պիտի տա, թերևս….

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության Fri, 27 Nov 2026 23:30:18 +0400 Կատալոնական «Բարսելոնայի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով