«Հրապարակ»․ Ծաղկաձորի համայնքապետարանը ստում է՝ տեսչությունը տուգանել է համայնքապետին
Fri, 27 Feb 2026 11:15:57 +0400

Մեր տեղեկություններով՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025 թվականին Ծաղկաձոր համայնքում ստուգումներ են իրականացվել, ու մի շարք խախտումներ են արձանագրվել։ Արդյունքում՝ մոտ 15 մլն դրամի տուգանք է սահմանվել: Մեզ տեղեկացրին, որ, արձանագրված խախտումներից զատ, նաեւ վարչական տույժ է կիրառվել Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ ՔՊ-ական Նարեկ Հարությունյանի նկատմամբ:
Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատողներին ասվել է, որ այս ամենի մասին որեւէ տեղ չխոսեն՝ ինֆորմացիայի արտահոսք չլինի: Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Ծաղկաձորի համայնքապետարան՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025 թվականին Ծաղկաձոր համայնքում ստուգումներ են իրականացվել: Եթե այո, ապա ինչպիսի՞ խախտումներ է արձանագրել տեսչությունը: Համայնքապետարանից ստացել ենք պատասխան. «2025 թվականի ընթացքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից եղել են այցելություններ, կատարվել են տարածքների ուսումնասիրություններ՝ Ծաղկաձորի համայնքապետարանի հետ համատեղ, սակայն խախտումներ չեն արձանագրվել»։
Հարցում ուղարկեցինք նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին՝ ձեր կողմից 2025 թվականին ստուգումներ իրականացվե՞լ են Ծաղկաձորում, եթե այո, ապա խոշորացված համայնքում ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել տեսչության կողմից, ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր հայտնաբերվե՞լ են, ճի՞շտ է, որ տուգանք է նշանակվել՝ մոտ 15 մլն դրամի չափով: Ջրային ռեսուրսների ի՞նչ ապօրինի օգտագործման մասին է խոսքը: Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ կիրառվե՞լ է վարչական տույժ, եթե այո՝ որքա՞ն։
Ստացել ենք հետեւյալ պատասխանը․ «Ստուգմամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ եւ Հանքավան գյուղերի ազգաբնակչությանը խմելու ջուր մատակարարելու համար 2022, 2023 եւ 2024 թվականներին՝ առանց լիազոր մարմնի (շրջակա միջավայրի նախարարություն) կողմից տրված ջրօգտագործման թույլտվության «Հաչաջուր», «Խշշան», «Սառնաղբյուր», «Այգի» կոչվող հանդամաս, «Մեշաբաշ», «Փլված ձոր», «Կարոյի քաղոն» եւ «Բաբախանի ձոր» կոչվող ստորերկրյա բնական աղբյուրներից իրականացվել է ընդհանուր 1 508 100 մ խորանարդ ծավալով ջրառ։ Կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ընդհանուր՝ 13 մլն 572 հազար 900 ՀՀ դրամ։ Լիազոր մարմնի կողմից 2025 թվականի հունվարի 16-ին տրամադրվել է թիվ 039-25 ջրօգտագործման թույլտվությունը, որի անբաժանելի մաս հանդիսացող պայմանների 4-րդ կետի ա) ենթակետի՝ Հիմնարկը պարտավոր էր մինչեւ ջրօգտագործումն իրականացնելը ջրառի կետերն ապահովել տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերով, հաշվառված տվյալների տեխնիկական հնարավորությամբ, ինչը վերջինիս կողմից չի կատարվել: 2025 թվականի 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներին ջրառն իրականացվել է վերոհիշյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակների գերազանցմամբ։ Կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, որը կազմել է 212 հազար 355 ՀՀ դրամ: 2022, 2023 եւ 2024 թվականների համար բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները եւ վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացվել են ոչ հավաստի եւ աղավաղված։ 2022, 2023 եւ 2024 թվականների համար սահմանված կարգով եւ ժամկետում չեն ներկայացվել ձեւ N2-ՏԱ (ջուր) վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները։ Հիմնարկին ներկայացվել է 13 մլն 785 հազար 255 ՀՀ դրամի չափով ջրային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ։ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 630 հազար ՀՀ դրամի չափով»։
Մնում է հասկանալ, թե ինչպես է Ծաղկաձորի համայնքապետարանը ստում, այն էլ՝ գրավոր պատասխանի մեջ, փորձելով մոլորեցնել լրագրողին եւ հանրությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր