Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Ռուսաստանում հասարակության մոտ անհանգստությունն աճել է

Ռուսաստանում հասարակության մոտ անհանգստությունն աճել է

Fri, 27 Feb 2026 14:30:07 +0400


2022 թվականից ի վեր Ռուսաստանում երիտասարդության մոտ եղած անհանգստությունը` կապված երկրում տնտեսական վիճակի հետ, կտրուկ աճել է։ Առանձին կատեգորիաներում դա 1,5-2 անգամ աճել է։ Հատկապես երիտասարդները դժգոհ են կոմունալ ծառայությունների վարձավճարների թանկացումներից եւ, առհասարակ, կյանքի թանկացումից։ Նման եզրակացության են հանգել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիալ-քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի մասնագետները՝ իրենց իրականացրած վերջին հարցախույզների արդյունքներն ամփոփելուց հետո։ Երիտասարդների տագնապի հիմնական պատճառը, իհարկե, սեփական բարեկեցությունն է։ Հարցվածների 79 տոկոսը խիստ անհանգստացած է սննդամթերքի թանկացումներից, 77 տոկոսը՝ բնակկոմունալ վարձերի գնաճից, 74 տոկոսը՝ կյանքի ընդհանուր թանկացումից, 71 տոկոսը՝ ինֆլյացիայից։

Ռուս-ուկրաինական պատերազմն անհանգստացնում է հարցվածների 62 տոկոսին։ Ռուսաստանյան հասարակության համար լուրջ խնդիրներ են համարվում թոշակառուների վիճակի վատացումը՝ 54 տոկոս, հանցավորության աճը՝ 52, կոռուպցիան եւ պաշտոնյաների ինքնիրավչությունները՝ 51, անվտանգության երաշխիքների բացակայությունը՝ 51, ահաբեկչությունը՝ 51, թմրամոլության տարածումը՝ 50 տոկոս, եւ միջուկային պատերազմի վտանգը՝ 50 տոկոս։ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացումն անհանգստացնում է հարցվածների միայն 48 տոկոսին, էկոլոգիական վիճակը՝ 47, ազգամիջյան կոնֆլիկտները՝ 44, ալկոհոլիզմը՝ 44, գործազրկությունը՝ 43, տնտեսական սանկցիաները՝ 42, ձեռնարկությունների փակվելը՝ 41, սոցիալական բեւեռացվածությունը՝ 42 տոկոսին։ Ռազմական գոծողությունների հետ կապված խնդիրները վերջին տարիներին հաստատուն կերպով մտնում են հասարակությանը հուզող ամենից կարեւոր երեք թեմաների մեջ։ Այն անձանց տեսակարար կշիռը, որոնց հարազատները կամ ընկերները զոհվել են պատերազմի ընթացքում, ավելացել է՝ 3,5-ից հասնելով 7,3 տոկոսի։ Ընդ որում, նվազել է պատերազմի հետ կապված նոր մոբիլիզացիայից անհանգստացողների տեսակարար կշիռը։ Պատերազմական իրավիճակը, անհանգստություններն ավելացնելով հանդերձ, ձեւավորում է նաեւ հասարակության միասնականացման, «դրոշի շուրջ համախմբման էֆեկտը»։ Դրա վկայությունն իշխանության հանդեպ վստահության աճն է։ Սակայն հատկապես երիտասարդության շրջանում եղած տրամադրությունները չեն նպաստում հասարակության ներսում երկարատեւ կայունության ապահովմանը։ Երիտասարդ ռուսաստանցիները ցուցաբերում են բարենորոգչական տրամադրություններ, եւ աճում է նրանց տեսակարար կշիռը, որոնք ուզում են, որ Ռուսաստանը լինի մարդասեր եւ իրավական պետություն, որը դավանում է խաղաղություն եւ արդարություն։

Այսպես, ըստ տարիքային խմբերի, 22 թվականից սկսած՝ կյանքի թանկացումը 18-24 տարեկանների շրջանում 34 տոկոսից դարձել է 63, 25-30 տարեկանների շրջանում 48 տոկոսից հասել է 62-ի։ Ապագայի նկատմամբ վստահությունը 25 թվականի համեմատ բավականին նվազել է։ 18-24 տարիքային խմբում մոտ 24 տոկոսը եւ 25-30 տարեկանների շրջանում մոտ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել իրենց վաղվա օրվա վիճակի հետ կապված հարցին։ Այս ամենը, ըստ մասնագետների, ազդում է ապագայի պլանավորման վրա, ինչը չի կարող դուրս մնալ իշխանությունների ուշադրությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով