Ինչով է ավարտվելու հակամարտությունը
Sat, 28 Feb 2026 14:30:09 +0400

Իլոն Մասկի xAI ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակմամբ եւ գործարկմամբ, պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ, որը ենթադրում է Grok չաթ-բոտի կիրառում ռազմական գերատեսչության փակ ինֆորմացիոն համակարգերում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հաղորդման, մինչ այժմ միակ նեյրոցանցը, որը կիրառվել է Պենտագոնի կողմից հետախուզական գործունեության, սպառազինությունների մշակման եւ օպերացիաներ իրականացնելու համար, եղել է Anthropic ընկերության Claude մոդելը։ Սակայն այս տարվա հունվարի վերջին, ինչպես հայտնել են մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցներ, տարաձայնությունները Պենտագոնի եւ այդ ընկերության միջեւ դարձել են փակուղային։
200 միլիոն դոլարի պայմանագրի բանակցությունները հայտնվել են պատային վիճակում։ Axios-ը դեռ փետրվարի կեսերին նաեւ հայտնել էր, որ այդ իրավիճակում Պենտագոնում որոշում են կայացրել դադարեցնել համագործակցությունը Anthropic-ի հետ եւ այն ներառել «ոչ հուսալի մատակարարների» ցանկում։ Բանն այն է, որ Anthropic-ը հրաժարվել է տրամադրել իր Claude համակարգը՝ բոլոր օրինական նպատակների համար՝ արգելելով, որ այն կիրառվի զանգվածային հետապնդումներ իրականացնելու եւ ամբողջովին ավտոնոմ սպառազինություններ ստեղծելու մեջ։ Այս պայմաններին, ի դեպ, Մասկի ընկերությունը համաձայնել է։ Axios-ն ընդգծում է, որ դեռեւս պարզ չէ, թե Մասկի xAI ընկերությունը կկարողանա՞ արդյոք ամբողջովին փոխարինել Anthropic-ին, եւ այլ փոխարինման գործընթացն ամբողջականացնելու համար որքան ժամանակ կպահանջվի։ Պարզ է մի բան, որ Claude-ի փոխարինումը Grok-ում շատ բարդ եւ բավականին ժամանակատար պրոցես է լինելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր