Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը. Արաղչի
Sun, 08 Mar 2026 14:57:27 +0400

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին քննադատել է Վաշինգտոնի արձագանքը նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ հարևաններին պարզած բարեկամության ձեռքին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե անմիջապես մերժել է այդ ժեստը, հայտնում է Press TV-ն։
«Նախագահ Փեզեշքիանի պատրաստակամությունը տարածաշրջանում լարվածության նվազեցմանը՝ պայմանով, որ մեր հարևանների օդային տարածքը, տարածքն ու ջրերը չեն օգտագործվի իրանցի ժողովրդի վրա հարձակվելու համար, գրեթե անմիջապես տապալվեց, երբ նախագահ Թրամփը սխալ մեկնաբանեց մեր կարողությունները, վճռականությունն ու մտադրությունները»,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։
Նա հավելել է, որ «եթե Թրամփը ձգտում է էսկալացիայի, ապա դա հենց այն է, ինչին վաղուց պատրաստ են մեր հզոր զինված ուժերը, և այն, ինչ նա կստանա»։
Արաղչին նշել է, որ ինքնապաշտպանության նպատակով Իրանի գործողությունների ցանկացած ակտիվացման պատասխանատվությունն անմիջականորեն կրելու է ԱՄՆ վարչակազմը։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Թրամփի մեկշաբաթյա արկածախնդրությունն ամերիկացի զինվորականների վրա արդեն իսկ 100 միլիարդ դոլար է նստել՝ չհաշված երիտասարդ զինվորների կյանքերը։
«Երբ շուկաները կրկին բացվեն, այդ գինը կտրուկ կաճի և անմիջականորեն կծանրանա սովորական ամերիկացիների ուսերին՝ լցակայաններում»,- ասել է նա։
Արաղչին ընդգծել է, որ հենց Թրամփի Ազգային հետախուզական խորհուրդը, որը ներկայացնում է ԱՄՆ 18 հետախուզական գործակալությունների շահերը, եկել է այն եզրակացության, որ Իրանի դեմ պատերազմը դատապարտված է ձախողման։
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ ինքը նախազգուշացրել է Թրամփի ներկայացուցիչներին այն մասին, որ պատերազմը չի բարելավի Վաշինգտոնի դիրքերը բանակցություններում, և հետաքրքրվել է՝ արդյոք նման նախազգուշացումները փոխանցվել են նրան։
«Ամերիկացի ժողովուրդը քվեարկել է Մերձավոր Արևելքի թանկարժեք հակամարտություններին մասնակցությունը դադարեցնելու օգտին։ Փոխարենը նա ստացավ մի վարչակազմ, որին Նեթանյահուն՝ տասնամյակներ շարունակվող անհաջող փորձերից հետո, ի վերջո կարողացավ խաբեությամբ ներքաշել Իսրայելի պատերազմների մեջ»,- ասել է նա։
Եզրափակելով՝ Արաղչին Իրանի դեմ շարունակվող ամերիկա-իսրայելական արշավը որակել է որպես «ընտրովի պատերազմ», որը մղում է «իսրայելցի զինյալների» մի փոքր խումբ, իսկ «Իսրայելն՝ առաջին հերթին» սկզբունքը միշտ նշանակում է «Ամերիկան՝ վերջին հերթին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր