Հիվանդները պիտի՞ պահք պահեն, թե՞ ոչ
Tue, 10 Mar 2026 12:37:11 +0400

Մեծ պահքի շրջանում հաճախ է առաջանում հարցը՝ արդյոք հիվանդ մարդիկ կարող են պահք պահել, թե ոչ։ Այս թեմային անդրադարձել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, որը ղեկավարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը։
Նրա խոսքով՝ նման հարցերի դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Նա ընդգծում է, որ Մեծ պահքի նպատակն ամենևին մարդու առողջությանը վնաս հասցնելը չէ, այլ՝ հոգևոր և ֆիզիկական բարելավմանը նպաստելը։
Բաղումյանի խոսքով՝ կան հիվանդություններ, որոնց դեպքում պահք պահելը կարող է հակացուցված լինել։ Այդպիսիք են, օրինակ, շաքարային դիաբետը կամ ստամոքսի հետ կապված տարբեր հիվանդությունները։ Նման դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական ցուցումները։ Նա նաև նշել է, որ պահք պահելու պարտավորություն չկա նաև հղի կանանց համար։
Միևնույն ժամանակ, հոգևորականի խոսքով՝ պահքը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ խոլեստերինի խնդիրներ։ Նա նաև հիշեցրել է, որ պահքը միայն սննդից հրաժարվելը չէ․ այն պետք է ուղեկցվի Սուրբ գրքի ընթերցմամբ, աղոթքով և ապաշխարությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր