Վստահո՞ւմ են ռուսաստանցիներն իշխանություններին
Thu, 12 Mar 2026 14:00:22 +0400

Սոցհարցումները պարզել են, որ Ռուսաստանում պետական կառույցների հանդեպ շարքային քաղաքացիների վստահությունը նվազել է, եւ դա սկսել է նկատվել աշնանից, երբ ավելի զգալի են դարձել սոցիալ-տնտեսական խնդիրները, եւ մարդկանց սպասումները՝ տնտեսական առումով, սկսել են հօդս ցնդել։
Ընդ որում, դա կապված չէ ռուս-ուկրաինական պատերազմից ակնկալիքների հետ։ Համաձայն Հանրային կարծիքի հիմնադրամի անցկացրած սոցհարցումների, 77 տոկոսը կարծում է, որ Պուտինը լավ է աշխատում, բայց վերջին 12 ամսում սա ամենացածր ցուցանիշն է, առավելագույնը եղել է 83 տոկոս։ Սակայն աճել է վարչապետ Միշուստինի աշխատանքը դրական գնահատողների թիվը՝ 54 տոկոսից հասնելով 58-ի։ Նվազել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հանդեպ վստահության ցուցանիշը՝ 48-ից հասնելով 36 տոկոսի։ nezigar կայքը դա անվանում է բացասական դինամիկա։
Վարչապետ Միշուստինի ռեյտինգի ավելացումը, ըստ սոցիոլոգների, բացատրվում է նրանով, որ նա երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական պատասխանատուն է։
Իշխանությունների հանդեպ վստահության նվազումը նաեւ բացատրվում է նրանով, որ խստագույն վերահսկողություն է իրականացվում մեդիադաշտի նկատմամբ, եւ մարդիկ այլընտրանքային ասելիքը տեղ հասցնելու հնարավորություն չունեն։
Հարցումները նաեւ ցույց են տալիս, որ Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 73,3 տոկոսը։ Մասնագետները ստեղծված վիճակը գնահատում են «հակասական», քանի որ նախագահին թեեւ աջակցում են, սակայն դժգոհ են նրա վարած ինֆորմացիոն-վերահսկողական քաղաքականությունից եւ փորձում են այլընտրանքային ինֆորմացիա գտնել՝ VPN ծառայություններից օգտվելով։ Իսկ Դումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին այս տեղեկատվությունը մտորելու առիթ պետք է տա։ Ամենայն հավանականությամբ, իշխանության հանդեպ «լոյալությունից շեղվողների հանդեպ խստացումները շարունակվելու են»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր