Անկարան մտահոգված է․ Էրդողանը կառավարության նիստ է հրավիրել
Tue, 24 Mar 2026 14:00:21 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի օրակարգում կլինեն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և դրա հետևանքները երկրի համար, ինչպես նաև Հորմուզի նեղուցում և համաշխարհային էներգետիկ շուկաներում ստեղծված իրավիճակը:
Ըստ «Հյուրիեթ»-ի՝ նիստը տեղի կունենա մարտի 24-ին՝ Բեշթեփե համալիրում:
Նիստի ընթացքում կգնահատվեն Իրանի կողմից ձեռնարկված հրթիռային հարձակումներին ի պատասխան ձեռնարկված միջոցառումները, որոնք, ըստ Անկարայի պնդման, գրանցվել են Թուրքիայի օդային տարածքում:
Թուրքիայի կառավարությունը կքննարկի նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը և դրա փակման հնարավոր ազդեցությունը համաշխարհային էներգետիկ մատակարարումների վրա:
Գործադրի անդամներին կներկայացվեն պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական ջանքերը:
Մասնավորապես, կներկայացվի զեկույց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի գործունեության վերաբերյալ, որը շրջագայել է Պարսից ծոցի երկրներում՝ այցելելով Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի և այլ միջազգային գործընկերների հետ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր