«Հրապարակ»․ Հունգարիայում ձայների փոշիացում տեղի չունեցավ
Tue, 14 Apr 2026 12:15:06 +0400

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը կիրակի օրը հաղթեց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։ «Ընտրության արդյունքները վերջնական չեն, բայց իրավիճակը հասկանալի է եւ հստակ»,- ապրիլի 12-ի երեկոյան իր աջակիցներին հայտարարել է Օրբանը: «Ընտրության արդյունքը մեզ համար ցավալի է, բայց՝ հստակ։ Կառավարելու պատասխանատվությունը եւ հնարավորությունը մեզ չեն տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»,- ասել է նա։ «Իմ համաքաղաքացինե՛ր, մենք արեցինք դա»,- ընտրողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է Մաջյարը եւ հավելել․ «Միասին մենք վերջ դրեցինք Օրբանի ռեժիմին։ Միասին մենք ազատագրեցինք Հունգարիան, վերականգնեցինք մեր հայրենիքը»: Հունգարիայի ընտրությունների արդյունքները ոգեւորել են թե՛ Հայաստանի ընդդիմությանը, թե՛ իշխող թիմին: Զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի հետ:
– Օրբանի պարտությունից Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես ոգեւորվել են, սակայն այս ընտրությունների ամենաառանցքային մասը թերեւս այն է, որ իրականում արտաքին ազդեցություններն առ ոչինչ են, եթե տվյալ երկրի հասարակությունը վճռական ու միահամուռ կերպով պայքարում է իշխանությունների դեմ: Գաղտնիք չէ, որ Օրբանին աջակցում էր Դոնալդ Թրամփը, նա ջերմ հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Պուտինի հետ, սակայն, ինչպես տեսանք, ամեն բան անզոր գտնվեց վճռական հասարակության առջեւ: Ո՞րն է Ձեր տեսակետը այս պրոցեսների մասին:
– Կյանքում, առհասարակ, այդ թվում` քաղաքականության մեջ, քիչ է պատահում, որ ամեն բան լինում է սեւ ու սպիտակ: Դա լինում է այն պարագայում, երբ դու հասկանում ես, որ քո երկրի ղեկավարը սպասարկում է, օրինակ, ինչ-որ արտաքին ուժերի շահեր: Այս պարագայում տրամաբանական է, որ թե՛ Հայաստանի ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը կարող են ուրախ լինել նույն երեւույթի համատեքստում: Դուք շատ ճիշտ նշեցիք` արտաքին ազդեցությունը կարող է ունենալ զրո ազդեցություն, եթե հասարակությունը մոբիլիզացված է: Մենք տեսանք, որ Հունգարիայում շուրջ 6 մլն մարդ մասնակցեց ընտրություններին` մասնակցության թիվը կազմել է 77 տոկոս, իսկ, օրինակ, 2022 թվականի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 70 տոկոսը: Այսինքն` 7 տոկոսով տարբերվեց այս ընտրությունն ակտիվությամբ: Այն քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ, բացի նրանից, որ Օրբանի կուսակիցն էր երկար ժամանակ եւ, այսպես ասած, գիտեր՝ ում եւ ինչպես քննադատել, կարողացավ լայն շերտերին միավորել: Նա վարեց ճիշտ քաղաքականություն, եւ Հունգարիայում ձայների փոշիացում տեղի չունեցավ, հետեւաբար, մենք պետք է հետեւություններ անենք: Արտաքին ազդեցությունն ունի զրո ազդեցություն, հատկապես Թրամփի եւ Վենսի ազդեցությունը, որն օգտագործում էր թե՛ Օրբանը, թե՛ Հայաստանի իշխանությունները: Ամերիկայի Հանրապետական կուսակցությունը փաստացի ունի զրո ազդեցություն այլ պետությունների ընտրությունների վրա: Ակտիվ մասնակցությունը եւս խիստ կարեւոր նախապայման էր` հաղթանակի համար, ինչպես նաեւ՝ ընտրություններին քիչ թվով ուժեր մասնակցեցին: Այս ամենը նպաստեց նրան, որ Հունգարիայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Սակայն պետք է մի բանի վրա ուշադրություն դարձնել․ մենք մեկ ասում ենք, որ արտաքին ուժերի ազդեցությունը դերակատարում չունեցավ ընտրությունների վրա, սակայն չպետք է մոռանալ, որ Եվրոպան ակտիվորեն մասնակցեց այս ընտրական ցիկլին, մասնակցեցին նաեւ ուկրաինացիների շնորհիվ, հավանաբար, հենց ուկրաինացիներին էին գաղտնալսել տեղի ԱԳ նախարարին, եւ, որ ամենակարեւորն է՝ Հունգարիայում կարողացան ստանալ նախընտրելի մեդիապատկեր, ինչը նույնպես շատ կարեւոր է: Ստացվում է, որ Ամերիկան չկարողացավ օգնել Օրբանին, սակայն Եվրոպան օգնեց ընդդիմադիր թեկնածուին, եւ նա գլոբալիստական ուժերի շնորհիվ հաղթանակ տարավ:
– Օրբանը պաշտոնավարեց շուրջ 16 տարի: Ինչո՞ւ էր բնակչությունը նրանից այդքան դժգոհ:
– Պատճառը կոռուպցիան էր: Խոր համակարգված կոռուպցիան նպաստեց այդ ամենին: Այդ պրոցեսները որոշակիորեն նման են թե՛ ներկայիս Հայաստանին, թե՛ 2018-ի Հայաստանին: 2018 թվականի գարնանն ինչու հասարակությունը փողոց դուրս եկավ եւ Նիկոլին իշխանության բերեց․ որովհետեւ ինչ-որ մարդկանցից կազմված խմբերին ամեն ինչ կարելի էր, եւ որեւէ մեկը չէր պատժվում իր արարքների համար: Թեպետ այսօրվա Հայաստանում եւս իրավիճակը նույնն է: Էական տարբերություն չկա: Այժմ պետք է հասկանալ՝ կարո՞ղ ենք մենք էլ այս համակարգը շրջանցել, թե՞ ոչ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր