«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղալ մեր բոլորի հույզերի հետ
Thu, 23 Apr 2026 11:15:53 +0400

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:
– Արցախում ադրբեջանցիները շարունակում են վանդալիզմը մշակութային կոթողների, հայկական հուշարձանների նկատմամբ: Շատերն անդրադառնում են այդ թեմային: Երեկ նաեւ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն է հայտարարություն տարածել, որ Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային հոգեւոր ժառանգությունը ոչնչացնել՝ հիմնահատակ քարուքանդ անելով դրանք: Անգամ Ստեփանակերտի նորակառույց մայր եկեղեցին են հողին հավասարեցրել: Չնայած այս ամենին, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղության մասին ճամարտակել եւ հանրության աչքին թոզ փչել, թե Ադրբեջանի հետ խաղաղություն են հաստատել: Ինչո՞ւ է Փաշինյանի ընկեր Ալիեւը նման վայրագությունների դիմում, եւ, ի վերջո, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ այդ ամենը կանխելու համար:
– Ինչո՞ւ են նման քայլերի դիմում ադրբեջանցիները, որովհետեւ նրանք վարում են հստակ ռազմավարական` ցեղասպանական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ոչ միայն հայերին իրենց բնօրրանից դուրս հանելն էր` ներառյալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը, այլեւ հայկական պատմական հետքերը` պատմական, մշակութային, ինչու չէ՝ իրավական, վերացնելն է: Նրանք ամեն գնով փորձում են պատմությունը խեղաթյուրել, որպեսզի կանխեն հետագայում արցախցիների պահանջները, վերադարձի հարցը եւ այլն: Այս տրամաբանության շրջանակներում էլ հերթով քանդում են հայկական քրիստոնեական կոթողները, այդ թվում` եկեղեցիները, գերեզմաններն ու հուշարձանները: Նրանք նաեւ փոխում են որոշ դեպքերում դրանց ինքնությունը եւ հերթական անգամ խեղաթյուրում պատմությունը՝ ներկայացնելով, թե իբր դրանք հայկական չեն: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս պարագայում․ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները չպետք է այդքան շատ խոսեն խաղաղության մասին, ինչո՞ւ, որովհետեւ խաղաղություն ասելով խաղաղությունը չի գալիս, ինչպես որ տոլմա ասելով տոլմա չես ուտի: Տոլմա ուտելու համար նախ պետք է կարողանաս այն պատրաստել, եփել, մարսել…. Խաղաղության մասին այսքան շատ անիմաստ խոսելու փոխարեն պետք է գործել դրան հասնելու համար: Գործել խաղաղության համար՝ նշանակում է հակամարտության բոլոր հարցերի հետ առերեսվել, այլ ոչ թե անտեսել դրանք: Բոլոր հիմնախնդիրները պետք է հասցեագրվեն, այլ ոչ թե դրանց վրա պետք է աչք փակել, դրանք անտեսել: Ադրբեջանի ժողովրդին, ոչ թե իշխանություններին, նույնպես պետք է խաղաղությունը, Հայաստանին եւս անհրաժեշտ է խաղաղություն` խորքային եւ համապարփակ իմաստով։ Դրա համար պետք է մշակութային-հոգեւոր ժառանգության հարցերը եւս հասցեագրվեն եւ լուծվեն: Արցախ վերադարձի հարցը նույնպես պետք է հասցեագրվի: Հայատյացության գաղափարները պետք է արմատախիլ արվեն նախ` այդ ամենին հասնելու համար: Հենց այդ գաղափարախոսությունն է այս բոլոր արհավիրքների հիմքը եւ հիմնական պատճառը: Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղղակի խաղալ, խաղալ թատրոն եւ խաղալ մեր բոլորի հույզերի հետ, մեր ճակատագրի հետ եւ այլն: Ադրբեջանի եւ միջնորդ ԱՄՆ-ի հետ բանակցություններում այս հարցը պետք է շատ կոշտ դրվի: Չի կարող լինել խաղաղություն, եթե քանդվում է հայկական մշակութային ժառանգությունը, եթե դրանք հողին են հավասարեցվում եւ այլն: Պետք է այդ հարցերը ոչ թե հայելային քննարկումների թեմա դառնան, այլ՝ հստակ բանակցությունների առարկա, որի համար իշխանություններն իսկապես կանհանգստանան:
– Միջազգային հանրությունը հաճախ չի էլ իմանում տեղի ունեցողի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունները դրանց վերաբերյալ ընդհանրապես չեն խոսում եւ դեռ մի բան էլ հրաժարվում են միջազգային հայցերից: Արդյոք չպե՞տք է ՀՀ իշխանությունները գոնե այս ամենի մասին միջազգային հարթակներում խոսեն, տեղեկացնեն:
– Մասնակիորեն` այո: Ամեն դեպքում, ով ցանկանում է, նա տեսնում է: Դիվանագիտության մեջ պետք է այս թեման բարձրաձայնեն, այս թեման ավելի շատ ունի դրա կարիքը: Միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն: Հայաստանն ունի գործիքակազմեր՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական եւ դիվանագիտական, որոնք շատ հանգիստ կարող է կիրառել, վստահաբար՝ դրանք կթողնեն իրենց ազդեցությունը: Առնվազն բանակցություններում այս հարցի բարձրաձայնումը նվազագույն բանն է, որ կարելի է անել: Պետք է հստակ պայման դրվի` չի կարող լինել բանակցություններում առաջընթաց, եթե Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր