Հանրապետությունով մեկ վաղը խորոված-փարթիներ են անելու
Fri, 24 Apr 2026 18:45:02 +0400

Հեղափոխական իշխանությունների կողմից հայկական տոնացույցում ավելացված, բայց այդպես էլ տոն չդարձած Քաղաքացու օրն այս տարի նշվում է ապրիլի 25-ին:
Իշխանությունը 8 տարվա մեջ Քաղաքացու օրը մեծ շուքով նշել է միայն հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019թվականին, իսկ դրանից հետո, հաջորդող տարիներին այդ օրը գրեթե չի նշվել: Փաշինյանի իշխանությունը որոշել է այս տարի` 2026 թվականին կրկին մեծ շուքով նշել Քաղաքացու օրը, քանի որ մեկ ամսից ընտրություններ են:
Հանձնարարվել է մարզպետարաններին տոնակատարություններ կազմակերպել համայնքներում: Մարզպետներն էլ, համայնքների ղեկավարների հետ, եռանդով պատրաստվում են միջոցառումներին: Հայաստանի 100 համայնքում տեղի կունենա միջոցառումներ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։
Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ, իսկ վերջում օրը կամփոփեն խորոված- փարթիով, երգ -երաժշտությամբ: Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը օրեր առաջ համայնքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ անձամբ ավագանու անդամներին հրավիրել է, որ ներկա լինեն Քաղաքացու օրվա միջոցառումանը և խորոված- փարթիին:
Տեղեկացանք, որ Արաքսի համայնքապետարանը միջոցառման վրա համայնքի բյուջեից 700 հազար դրամ է ծախսել: Թե ինչ խորհուրդ ունի այդ տոնը, հարց ուղղեցինք ՔՊ-ական Ղազար Ղազարյանին. «Իմ համար մեծ խորհուրդ ունի»: Ո՞ր քաղաքացու տոնն եք նշում` «հպարտ» քաղաքացո՞ւ, թե՞ 2020 թվականի պատերազմը պարտված քաղաքացու. «Ով ոնց իրեն կհամարի»: Դուք Ձեզ ինչպիսի՞ քաղաքացի եք համարում. «Ես հպարտ քաղաքացի եմ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր