Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ
Thu, 30 Apr 2026 16:00:53 +0400

Երեկ Աղվերանում տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են հայ գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Սուքիասյան ընտանիքին պատկանող «Ռան Օիլ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը և այլք։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հայաստանում: «Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան», հայտնել էին ադրբեջանական աղբյուրները:
Հիշեցնենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է: Համապատասխանաբար, Մհեր Գրիգորյանը Հայաստանում նմանատիպ հանձնաժողովի նախագահն է: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կայացել է նաեւ սահմանազատման հանձնաժողովի նիստ։
Հիշեցնենք նաեւ, որ Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում Հնդկաստանից գոմեշի մսի մեծաքանակ ներմուծման համար 270 մլն դրամի մաքսատուրքից ազատել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր