«Հրապարակ»․ Գրեթե 24 ժամ բացատրում-համոզում եմ, թե ինչու չի կարելի ընտրել Փաշինյանին
Wed, 13 May 2026 09:45:30 +0400

«Էրատո» ջոկատի նախկին անդամ Արսինե Մինասյանը, որը խիստ քննադատում է իշխանություններին, սոցցանցերում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում` ուղիղ եթերներ, ստատուսներ, եւ բավականին մեծ լսարան է հավաքել` ամսական մոտ 5 միլիոն դիտում ունի: Մենք Արսինեին հարցրինք` ո՞րն է այս ակտիվության նպատակը, ի՞նչն է ստիպել, որ իր բիզնեսին զուգահեռ նաեւ նման հանրային գործունեությամբ զբաղվի:
– Նախ, ուզում եմ մեր զրույցը սկսել այնտեղից, որ ես ոչ մի կուսակցության եւ որեւէ քաղաքական ուժի կողմից չեմ ֆինանսավորվում, ես երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, սակայն քանի որ ինձ մտահոգում է մեր երկրի ապագան, ես նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթի: Այդ է պատճառը, որ ես իմ օրվա մեծ մասը տրամադրում եմ մարդկանց` գրեթե 24 ժամ բացատրում եմ, համոզում եմ, թե ինչու չի կարելի ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ես մարդկանց եմ գտնում, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, նրանց հետ զրուցում եմ, փորձում եմ հասկանալ, թե ինչն է պատճառը` այդ ի՞նչ է արել Փաշինյանը, որ նրան ցանկանում են երրորդ անգամ քվե տալ: Բազմաթիվ կոչերով դիմել եմ Ազգային ժողովի պատգամավորներին, երբեմն միայն Վահագն Ալեքսանյանն է արձագանքել ինձ` մեկնաբանությունների տեսքով, սակայն երբ ես իրեն տեսանյութի միջոցով ուղերձ եմ հղել, այլեւս չի արձագանքել ինձ: Հետաքրքիր դասընթաց եմ սկսել․ «դասընթաց՝ զոմբիների համար»: Համացանցում կեղծ էջերով շատ են տարբեր մարդկանց թիրախավորում, հատկապես` ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, ես փորձում եմ բացահայտել, թե նրանք ովքեր են եւ ինչու են նման քայլերի դիմում: Կրթված մարդկանց համար դասընթացը բավականին զավեշտական է, իսկ քիչ կրթված ու ոչ ադեկվատ մարդկանց համար «նյարդերի դեղ» հաղորդումներ եմ տեղադրում, եւ մեր հաղորդումների շեմը ֆեյսբուքյան հարթակում շաբաթական հասնում է 4 միլիոնի: Ես այժմ նոր նախաձեռնություն եմ սկսել` «Ոչ Նիկոլին», «Ոչ ՔՊ-ին», «Այո» այն ընդդիմադիր ուժերին, ովքեր հատելու են 5 տոկոսի շեմը` ըստ վիճակագրական տվյալների:
– Ի՞նչը հիասթափեցրեց Ձեզ, որ որոշեցիք անջատվել «Էրատո» ջոկատից: Ինչպե՞ս ստացվեց, որ ոչ միայն ջոկատի հետ կապերը խզեցիք, այլեւ պայքար սկսեցիք ջոկատի հրամանատարի ամուսնու դեմ:
– Շատ հետաքրքիր հարց է: Ջոկատի հետ կապը խզված չէ: Ջոկատի անդամներից մի քանիսի հետ հավաքվում ենք, զրուցում ենք, ունենք ջերմ հարաբերություններ, կապեր, իհարկե` փոքր մասի հետ: Աննա Հակոբյանը՝ որպես ջոկատի հրամանատար, առաջին իսկ օրվանից գիտեր, որ ես ունեմ ընդդիմադիր հայացքներ, ես երբեք չեմ եղել իշխանական, սակայն որպես ընդդիմադիր էլ չեմ եղել ագրեսիվ ու պայքարող: Ուղղակի ես չեմ ընկալել, թե բավարար կրթություն չունեցող, փաբերում պարտքեր ունեցող, հեռուստացույցի ապառիկը վճարել չկարողացող, փողոցից եկած մարդն ինչպես կարող է բարձր պաշտոններ զբաղեցնել: Իմ հայացքները մշտապես եղել են ընդդիմադիր, սակայն ո՛չ թշնամական: Թշնամական դարձավ այն պահից, երբ Փաշինյանն Ազգային ժողովից հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, սակայն չարեց, որովհետեւ իրեն դավաճան կասեին: Ինձ այդ հայտարարությունը խիստ տրամադրեց նրա դեմ: Աննա Հակոբյանի հետ ես երբեք խնդիր չեմ ունեցել ու չունեմ: Եթե ինչ-որ մի իրավիճակ լինի, որ մենք համատեղ պայքարենք ինչ-որ մի երեւույթի դեմ, գուցե ես նորից միանամ նրան: Մենք միասին հաց ենք կիսել, ճանապարհ ենք անցել, եւ ես ոչ մի խնդիր չունեմ նրա հետ:
– Բավականին մեծ լսարան եք հավաքել: Ի՞նչ եք կարծում` ազդեցություն թողնո՞ւմ են Ձեր եթերները լսարանի վրա:
– Իմ առաջին խնդիրը հայհոյանքը վերացնելն է, դա, կարծում եմ, ինձ մոտ ստացվում է: Եթե համեմատենք իմ առաջին դասը եւ 13-րդ դասը, ապա որակապես կա փոփոխություն: Խելացի մարդիկ դրանց հումորով են վերաբերվում, իսկ շատերի մոտ կարծիք է փոխվում: Ամեն դեպքում, եթե նայում են, լսում են, ուրեմն մարդկանց հետաքրքրում է, հակառակ դեպքում ուղղակի չէին նայի ինձ: Ես տեսնում եմ, որ ամեն օր իմ բանակը մեծանում է:
– Այս ընտրությունների մասնակիցների մեջ ունե՞ք ֆավորիտ թեկնածու: Ռոբերտ Քոչարյանի հետ Մասիսում կայացած հանդիպմանը, եթե չեմ սխալվում, մասնակցում էիք:
– Ունեմ իմ ֆավորիտը, սակայն եթե ես այդ մասին խոսեմ, կստացվի, որ հստակ քաղաքական շեշտադրումներ եմ անում: Օգտվելով քվեարկության գաղտնիությունից՝ ես դա կանեմ գաղտնի եւ ինչ-որ կոչեր չեմ անի, որպեսզի ընդդիմադիր ինչ-որ մի ուժի չվնասեմ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր