Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

«Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում

«Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում

Wed, 13 May 2026 08:45:57 +0400


Քարոզարշավի 5-րդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշեց քայլարշավը շարունակել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի փողոցներով։ Հավանաբար, նկատի ունենալով նախորդ օրվա տխուր պատկերը, թե ինչպես էին Էրեբունի համայնքում քաղաքացիները համատարած մերժում իրեն, քննադատում Արցախի, Հայաստանի սուվերեն տարածքների կորստի եւ զոհերի համար, երեկ Փաշինյանը խուսափում էր անձամբ մոտենալ քաղաքացիներին, զրուցել նրանց հետ։

Իրեն էին մոտենում, հիմնականում` իր երկրպագուները, սիրո եւ հավատարմության խոստովանություն անում, իսկ ինքն ուղղակի քայլում էր փողոցներով, մտնում բակեր, որտեղ նախապես սպասում էր ՔՊ երիտասարդների խումբը՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկելով եւ ծափահարելով։ Փաշինյանը բարձրանում էր պիկապի վրա, խոսում իրենց բարեփոխումներից՝ թոշակների բարձրացում, առողջապահության ապահովագրություն, 9-ամսյա խաղաղություն, եւ հորդորում ներկաներին` իր հետ շրջող խմբին, տեր կանգնել այդ խաղաղությանը։ Եվ չնայած այս ակնհայտ բեմադրված տեսարաններին, ՔՊ առաջնորդի քայլարշավը մայրաքաղաքի փողոցներով երեկ էլ առանց տհաճ միջադեպերի չանցավ․ քայլերթի սկզբում Փաշինյանը փորձեց մեկ-երկուսին մոտենալ` Հայաստանի փոքրացած քարտեզ-կրծքանշանը հանձնելու, սակայն քաղաքացիները կտրուկ հրաժարվեցին, մի պապիկ անգամ չցանկացավ բարեւել նրան։ «Էսքանից հետո ի՞նչ բարեւ»,- ասաց նա։

Մի տղամարդու` Փաշինյանին դավաճան անվանելու համար, ձեռնաշղթաներով հեռացրին տարածքից։ Պակաս վրդովված չէր մեկ ուրիշ տղամարդ, որ մոտեցավ Փաշինյանին ու հիշեցրեց, որ երբ 2018-ին նրան ձերբակալում էին, այդ ժամանակ իր ձեռքը կոտրել են, սակայն, չնայած դրան, նա շարունակել է մասնակցել ակցիաներին, որովհետեւ հավատացել է, որ պետք է այդ օրվա իշխանությունը հեռանա: «Հիմա էլ վստահ եմ, որ Դուք պետք է հեռանաք։ Գիտեմ, շատերին հաճելի չի լինի, բայց Դուք հանձնել եք Արցախը, Դուք 5 հազար տղաների մահվան առիթ եք դարձել»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց երիտասարդը։ 5 հազար թիվը լսելով՝ Փաշինյանը, բառի բուն իմաստով, կորցրեց ինքնատիրապետումը, կառչեց այդ թվից ու սկսեց բղավել, թե որտեղից եք վերցրել 5 հազար թիվը։ Տղամարդը հանդարտ շարունակեց, որ խնդիրը թվի մեջ չէ, որ Փաշինյանն է զոհերի եւ Արցախի կորստի պատասխանատուն: «Եթե 15 տարի առաջ այս ամենի մասին այսպես խոսեիք, Ձեզ զուգարանում զխկելու էին` սպանեին, այ, հենց սրա համար ենք ասում, որ հիմա պետություն ունենք, մենք Արցախը չենք կորցրել, Հայաստանն ենք գտել»,- իր հիմար թեզը կրկնեց նա։ Սրան ի պատասխան, Էրեբունիում, օրինակ, մի կին վերցրեց Նիկոլ Փաշինյանի ձեռքից քարտեզը, հետո վերադարձրեց՝ այնտեղ չկան Արցախը, Ամարասը:

Որքան ավելի սիրալիր էր իրեն գովերգողների հանդեպ, նույնքան ագրեսիվ էր նրանց նկատմամբ, ովքեր իրենց խնդիրներով էին մոտենում կամ քննադատություն էին հնչեցնում: Փաշինյանը կա՛մ թույլ չէր տալիս երկար խոսել, ասում էր, որ շտապում է, կա՛մ լսում ու արագ հեռանում էր: Մի կին փորձում էր անհետ կորած ամուսնու եւ պետական գերատեսչությունների 6-ամյա անգործության մասին խոսել, բայց Փաշինյանը խորամանկորեն կանխեց․ «Միակ բանը, որ կարող եմ անել, ներողություն խնդրելն է»: Մի տղամարդ էլ դժգոհեց, որ փողոցային առեւտրի համար 400 հազար տուգանել են, ու հիմա ինքը հաց վաստակելու խնդրի առջեւ է կանգնած: «Ապօրինի ձկան վաճառքով մի զբաղվի, որ չտուգանեն»,- խորհուրդ տվեց Փաշինյանը։ Գույքահարկը տասնապատկելու մասին էլ բողոքին հակադարձեց, թե տների գներն էլ են բարձրացել։

Բնականաբար, սպառնաց ու զազրախոսեց քաղաքական հակառակորդների, հատկապես Ծառուկյանի հասցեին. «Ծառուկյան Գագիկ, լեզուդ շատ է երկարել, միեւնույն է` լակոտիդ չես կարող փրկել»։ Փոխարենն անկաշկանդ ու երկար շփվում էր երեխաների հետ, լուսանկարվում, քաղցրավենիք ու քարտեզ բաժանում: Թեեւ նրան ուղեկցում էին մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, բայց քարտեզ, բուկլետ ու թխվածքաբլիթ բաժանում էր Փաշինյանը: Խրախուսում էր երեխաների ներկայությունը քարոզարշավին։ Դպրոցահասակ տղաներին տեսնելով, ասաց՝ ուրախ է, որ դպրոցականները վերջին դասից փախել, եկել են իր քարոզարշավին, կատակեց․ միայն տնօրենը չգա՝ իրենից հաշիվ պահանջի: «Երեկ, առավոտվա 10-ից մինչեւ երեկոյան 6-ը քարոզարշավ եմ արել, բայց չեմ հոգնել, որովհետեւ վայելել եմ ժողովրդի սերը, հատկապես երեխաների ներկայությունն է ինձ ուժ տալիս»,- ասաց նա։

Քարոզարշավի ողջ ընթացքում Փաշինյանին ուղեկցում էին ՊՊԾ տասնյակ աշխատակիցներ, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետը։ Մաշտոցի պողոտայով նրա շարասյունն անցնելիս մենք հաշվեցինք` 18 ավտոմեքենա եւ սրտիկներով 2 ավտոբուս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Խաղեր տվողներին» պատժելու է

«Հրապարակ»․ «Խաղեր տվողներին» պատժելու է Wed, 13 May 2026 08:15:00 +0400 Սյունիքի մարզում քարոզարշավին մասնակցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով