Արասի Բալաբանյան․ հայազգի բրազիլացի դերասանուհին
Thu, 14 May 2026 21:00:37 +0400

Բրազիլական հեռուստատեսության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի հայազգի դերասանուհի Արասի Բալաբանյանը։ Տասնամյակներ շարունակ նա եղել է Բրազիլիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը` ազգային հեռուստատեսության սիմվոլներից։ Նա յուրահատուկ կերպար էր ոչ միայն բրազիլական կամ լատինամերիկյան իրականության մեջ, այլ նաեւ՝ հայկական սփյուռքում։ Հայկականությունը նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել՝ սկսած ինքնության եւ աշխարհայացքային հարցերից մինչեւ կերպար ու գործունեության նրբերանգներ։ Ծնվել է 1940 թվականին, Կամպու-Գրանդի քաղաքում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ գաղթականի ընտանիքում։ Ընտանիքը թեեւ ինտեգրված էր բրազիլական իրականությանը, սակայն պահպանում էր հայոց լեզուն, հայկական ավանդույթները։ Երիտասարդ տարիքում Արասին տեղափոխվել է Սան-Պաուլո։ Այնտեղ ծանոթացել տեղի թատրոնին եւ հեռուստատեսությանը։ Ուսանել է սոցիալական գիտություններ, հետո որոշել է նվիրվել դերասանական արվեստին։
Կարիերան սկսել է թատրոնից։ 60-ականներին գրավել է քննադատների ուշադրությունը երգիծական դերերով, նաեւ էմոցիոնալ խոր կերպարներ է ստեղծել։ Այն ժամանակ բրազիլական թատրոնը վերելք էր ապրում՝ տեղի մշակութային առանձնահատկությունները համադրելով եվրոպական ավանդույթների հետ։ Բալաբանյանը կարողանում է դառնալ դրա մասնիկը։ Սակայն իրական փառքի հասնում է հեռուստատեսությունում՝ դառնալով բրազիլական սերիալների առանցքային դեմքերից մեկը։ Համագործակցում է բրազիլական խոշորագույն հեռուստաընկերությունների հետ, այդ թվում՝ նաեւ TV Globo-ի, եւ դառնում է լեգենդ բրազիլական մշակույթում։ Նա համադրում էր հումորն ու դրամատիկ խաղը, արտահայտիչ դիմախաղն ու ձայնի ելեւէջները եւ հիշվող կերպարներ էր ձեւավորում։ Այս ամենով հանդերձ՝ նա չէր մոռանում իր հայ լինելու մասին, որքան էլ որ ինտեգրված էր բրազիլական իրականությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր