Չինաստան. Երկու հեղափոխություն, որոնք շրջելու են մարդկության ճակատագիրը

Չինաստան. Երկու հեղափոխություն, որոնք շրջելու են մարդկության ճակատագիրը

Fri, 15 May 2026 19:15:38 +0400


Անվիճարկելի ճշմարտություն է՝ մաքառող, պայքարող ժողովուրդներն ապագա ունեն։ Ծույլ եւ պայքարի անընդունակ ժողովուրդները ոչնչանում, անհետանում են: Այսօր կյանքը հայ ժողովրդին պարտադրում է անօրինակ մաքառում՝ ամենժամյա համառ աշխատանք, պետականաշինություն, անվտանգության ամրապնդում, արտադրությունների զարգացում, ազգային դոկտրինի վերաձեւակերպում։ Մի՞թե 8 տարի առաջ որեւէ մեկը կարող էր պատկերացնել, որ հայ ժողովրդի լինելիության հարցը կդրվի պատմության դատաստանի առաջ։ Բայց այսօրվա իշխանությունները մեր ժողովրդին տարան հենց այդ ճանապարհով։ Եվ հիմա ոչ թե համազգային պայքարի ու ինքնակազմակերպման ճանապարհով են մեզ առաջնորդում, այլ խնդիրները մոռացության տալու, ամենօրյա խրախճանքների, «ֆեստիվառ» զվարճությունների, խաշ-խորոված-խաշլամայի, զուռնա-դհոլի, անհոգ կյանքի կեղծ փիլիսոփայությամբ։ Ժողովրդին ներշնչում են, որ ինքը ոչ թե ստեղծող է, այլ ընդամենը սպառող ամբոխ։ Հայ ժողովուրդը պետք է սթափվի եւ դեն նետի այս ծանր պարտադրանքը։ Ինչպե՞ս։ Երկու օրինակ բերեմ, որոնք ինձ զարմացնում են։

Չինաստանում վերջերս անսովոր բան է տեղի ունեցել. «Ֆերրարիով», «Ռոլս-Ռոյսով», «Հերմեսով» պարծեցող, միլիոնավոր հետեւորդներ ունեցող ինֆլյուենսերները (օնլայն մեծ լսարան ունեցող հանրային անձինք) մի օր պարզապես… անհետացել են համացանցից։ Առանց աղմկոտ դատավարությունների, առանց սկանդալների։ Երեկ դու «հաջողության խորհրդանիշ» էիր, այսօր՝ ոչինչ։ Քո էջը պարզապես չի բացվում։ Չինաստանի իշխանությունները որոշել են, որ ցուցադրական հարստության պաշտամունքը սկսել է քայքայել հասարակությանը, ոչ թե ոգեշնչել։ Այն բլոգերները, որոնք տարիներ շարունակ ցուցադրում էին միլիոնավոր յուան արժեցող պայուսակներ, թանկարժեք մեքենաներ, շքեղ առանձնատներ ու անսահման սպառում, զանգվածաբար անհետացել են սոցիալական հարթակներից։ Ամենահայտնիներից մեկը՝ Վան Հոնգցյուան Սին, որին անվանում էին «չինական Քիմ Քարդաշյան», ուներ միլիոնավոր հետեւորդներ, մի օրում կորցրեց իր էջերը: Եվ դա ուղեկցվում էր շատ հստակ պետական ուղերձով․ «Պայքարում ենք փողի պաշտամունքի դեմ։ Չինաստանը չի ցանկանում, որ երիտասարդների իդեալը դառնա ցուցադրական սպառումը։ Չինաստանն ուզում է բոլորովին այլ երազանք ձեւավորել՝ ոչ թե՝ «հարստացիր ու ցուցադրիր», այլ՝ «աշխատի՛ր ու օգտակար եղիր»։ Չինաստանի իշխանությունները նոր կանոններ սահմանեցին, որոնց համաձայն՝ այն բլոգերները, որոնք խոսում են բժշկությունից, իրավունքից, ֆինանսներից, կրթությունից կամ հոգեբանությունից, պետք է ունենան մասնագիտական հավաստագիր։ Հակառակ դեպքում նրանց էջերը եւս կարգելափակվեն։ Այսինքն՝ այլեւս չի թույլատրվում էկրանի առաջ «կապիկություններ» անել եւ միլիոնավոր մարդկանց սովորեցնել՝ «ինչպես բուժել դեպրեսիան», «որտեղ ներդրում անել», «ինչպես դաստիարակել երեխաներին», կամ տարածել ցնդաբանություններ՝ «դարձիր կրիպտոմիլիոնատեր», «ապրիր գեղեցիկ ու մի լարվիր»։ Չինաստանն առաջ է մղում բոլորովին այլ արժեքներ՝ համեստություն, կարգապահություն, քրտնաջան աշխատանք, կրթություն, ինժեներական մտածողություն, արտադրություն, եւ, ամենակարեւորը՝ դա պետք է օգտակար լինի երկրին։ Չինաստանը հասկացել է մի բան, որը մենք դեռ չենք ուզում հասկանալ․ հասարակության ապագան կերտում են այն մարդիկ, որոնցով հիանում է երիտասարդությունը։ Եթե երիտասարդը հիանում է անաշխատ փող ցուցադրող պարապ բլոգերով՝ հասարակությունը քայքայվում է։ Եթե հիանում է գիտնականով, ինժեներով, արտադրող մարդով՝ հասարակությունը վերածնվում է։ Չինաստանն այսօր առաջիններից է, որը փորձում է վերակառուցել հանրային հարգանքի ամբողջ համակարգը՝ ոչ թե սպառողի, այլ ստեղծողի շուրջ։ Եվ այդ մեղվաջան ժողովրդի մեջ միլիոններով ծնվում են աշխատող, տքնող, ստեղծող մարդիկ։

Երկրորդ օրինակը. մի առավոտ Չանշա քաղաքի բնակիչներն արթնացան ու իրենց պատուհաններից տեսան 10 հարկանի մի բնակելի, որը երեկ… չկար: Չինացի միլիարդատեր ինժեներ Չժան Յուեն ժամանակակից շինարարության նորարարներից է։ Նրա ստեղծած «Բրոադ գրուպ» ընկերությունն աշխարհին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Չանշա քաղաքում 10 հարկանի բնակելի շենք կառուցեց ընդամենը 28 ժամ 45 րոպեում։ Բայց ամենակարեւորն արագությունը չէ, այլ՝ շինարարության փիլիսոփայության փոփոխությունը։ Չժան Յուեն հասկացել էր, որ ավանդական շինարարությունը չափազանց դանդաղ է, աղտոտում է շրջապատը, վտանգավոր է երկրաշարժերի ժամանակ, ահռելի քանակի բետոն է սպառում։ 2021թ. նա հիմք դրեց շենքերի մի «արտադրության»՝ այնպես, ինչպես աշխարհում արտադրում են մեքենաներ կամ ինքնաթիռներ։ Նման բան աշխարհը չէր տեսել։ Շենքի բոլոր մասերը նախապես արտադրվում են գործարանում։ Ներսում արդեն տեղադրված են լինում էլեկտրական համակարգերը, ջրագծերը, օդափոխությունը, պատուհանները, ներքին հարդարման մեծ մասը։ Այնուհետեւ կռունկներն իրար վրա հավաքում են այդ մոդուլները՝ առանց ավանդական ծանր բետոն օգտագործելու։ Շենքը կառուցվում է հատուկ չժանգոտվող պողպատից, որը շատ ավելի թեթեւ եւ ամուր է սովորական շինանյութերից։ Սա պարզապես տեխնոլոգիական լուծում չէ։ Սա համաշխարհային հեղափոխություն է շինարարության մեջ։ Քիչ սխալներ, քիչ թափոն, մեծ արագություն, բարձր ստանդարտացում, երկրաշարժակայունություն, նվազ բնապահպանական վնաս եւ հսկայական արտադրողականություն։ Այսօր նույն ուղղությամբ աշխատում են Ճապոնիան, Սինգապուրը, սկանդինավյան երկրները, ԱՄՆ-ի մի շարք տեխնոլոգիական ընկերություններ։

Հիմա հայ ժողովուրդը պետք է որոշի՝ ո՞ր ճանապարհով է ուզում գնալ։ Արարելո՞վ, աշխատելո՞վ, պետություն կառուցելո՞վ, թե՞ զվարճանալով, կապիկություններ անելով եւ իրականությունից փախչելով։ Եթե մենք ընտրում ենք մաքառման ճանապարհը, ապա նախ պետք է ազատվենք այս իշխանություններից, որոնք ժողովրդին տանում են կերուխումերի, հեշտ փող աշխատելու, զվարճանքի կործանարար ճանապարհով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Fri, 15 May 2026 16:15:56 +0400 Պահհհհհոոո, փաշինյանական իշխանությունները կրկին բռնվեցին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով