Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

«Հրապարակ». Եթե խաղաղություն ենք երազում, պետք է ազատվենք պատերազմներ բերած այս խմբակից

«Հրապարակ». Եթե խաղաղություն ենք երազում, պետք է ազատվենք պատերազմներ բերած այս խմբակից

Tue, 19 May 2026 12:45:17 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանն է:

– Նիկոլ Փաշինյանը, 2017-ին խոսելով խաղաղության մասին, ասում էր, որ դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են: Եթե որեւէ պետություն ուզում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պատերազմի: Այժմ ասում է` մենք խաղաղություն ենք բերել, տեր կանգնեք խաղաղությանը: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը:

– Նիկոլ Փաշինյանին՝ որպես լրագրողի եւ մարդու, ճանաչում ու հետեւում եմ շատ վաղուց, իր՝ մամուլի աշխարհում երեւալու առաջին փորձերից: Նրա ասածներն ու արածները միշտ էլ «փայլել» են անհամապատասխանությամբ, անգամ՝ ծայրահեղ հակադրությամբ: Իսկ նա «փայլել» է մանիպուլյացիայի վարպետությամբ: Դարձել է պետության ղեկավար հենց այդ պատճառով: Նրա այդ «շնորհքին» տերերն ավելացրել են ժամանակակից տեխնոլոգիաներով առաջնորդվելու ձեւերն ու մեթոդները, որոնք, ընկնելով պարարտ հողի մեջ, մի ուրիշ ձեւով ծլեցին ու ծաղկեցին: Կարո՞ղ եք հիշել մի հարց, որին նա կամ իր հայտնի թիմակիցներն ուղիղ են պատասխանել: Չեք հիշի, չեն ցանկացել պատասխանել, քանի որ դրսից պատժվելու, աթոռից զրկվելու ահից սարսափած՝ դիմում են մարդկանց մոլորեցնելու իրենց այնքան մատչելի մեթոդին: Սկզբում դա նրանց հաջողվում էր, հիմա՝ ոչ: Ամեն ինչ պարզ է, դիմակները՝ պատռված, հիստերիկ ճղճղոցները, ձանձրացնող կրկնությունները՝ անհեթեթ ու աննպատակ: Մնացել է միայն կախարդական մեկ բառ՝ խաղաղություն, որն արյունարբու պատերազմների ֆոնին իրականության ձգտող երազանք է: Հազարավոր զոհեր տված մեր ժողովրդի համար այն ոչ միայն բաղձալի է, այլեւ կարող է սփոփանք լինել տառապած սրտերի համար, բայց «հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»,- ասում է արեւելյան առածը: Միակողմանի խաղաղություն որտե՞ղ եք տեսել: Կռված հարեւաններից եթե մեկն է միայն ուզում հաշտվել, այն չի կայանում: Մենք հիմա խաղալիք ենք մեր հարեւան բորենիների թաթերի մեջ, բոլոր ուղղություններով գրոհում են, իսկ իշխանությունը, ցայտնոտի մեջ, ռոբոտի նման կրկնում է «խաղաղություն» բառը: Ինչի՞ հիման վրա են հայտարարում խաղաղության մասին, կա՞ փաստաթուղթ: Չկա՛: Որքան բարձր են գոռում խաղաղություն, այնքան պարզ է դառնում, որ խաբում են: Առաջին հերթին երեւի իրենց են համոզում, բայց դա էլ չի ստացվում: Իսկ եթե խաղաղություն ենք երազում, ապա առաջին հերթին պետք է ազատվենք պարտերազմներ, զոհեր, կորուստներ բերած, ողջ աշխարհում մեր պատիվն ու արժանապատվությունը հողին հավասարեցրած այս խմբակից:

– Ալիեւը պարբերաբար խոսում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին: Ի՞նչ եք կարծում՝ ՔՊ-ի վերընտրվելու դեպքում սա իրականություն կդառնա՞:

– Նախ, պիտի հարցնեիք՝ ինչպիսի՞ն պետք է լինի պետության ղեկավարը: Եվ ես սրտի ցավով կպատասխանեի՝ հարեւան թշնամի երկրի նախագահի նման: Հակընդդեմ հարց տամ` իսկ Ադրբեջանից մազապուրծ փախած, այդ երկիրը կառուցած, տունուտեղը թուրքին թողածներին վերադարձ չկա՞: Արցախից եկածներին վերադարձ չկա՞: Այդքան միակողմանի զիջում լինո՞ւմ է: 300 հազարը փոքր թիվ չէ, բայց նրանք տոհմերով են գալու` 10-12 երեխաներով: Գալու են վստահ, որ տեղավորվելու են, բնակարան են ստանալու Երեւանում: Այլապես ո՞ւմ համար են կառուցում սնկի պես աճող բարձրահարկերը, որոնք կիսադատարկ, սեւ ակնախոռոչ հիշեցնող պատուհաններով սպասում են հունիսի 7-ին: Համոզված եմ, այդ շենքերում ապրող հատուկենտ բնակիչներն էլ կփախչեն թուրքի հարեւանությունից: Հիմա ինչպիսի՞ ղեկավար է Փաշինյանը, ո՞ւմ մասին է մտածում` ի՞ր քաղաքացու, թե՞ 300 հազար ադրբեջանցու: Ո՞ւմ վարչապետն է լինելու հունիսի 7-ից հետո, եթե ընտրվի: Ընտրվելուց հետո տերերը թույլ կտա՞ն, որ աշխատի, թե՞ նա եւ իր թիմը, իրենց սեւ գործը կատարած լինելով, կհեռացվեն: Հունիսի 7-ը մեր արժանապատվությունն ու պատիվը, հող հայրենին, մեր սուրբ օջախները, մեր պատմությունն ու գանձերը փրկելու օրն է:

– Ինչո՞ւ է Փաշինյանը պայքարում Արարատ լեռան, Հայ առաքելական եկեղեցու դեմ:

– Թե ինչու է պայքարում մեր ազգային արժեքների դեմ, չեմ կարող ասել: Անձնական պատճառները, թվում է, պարզ չեն, այնինչ նրա անսահման ատելությունը ՀԱԵ-ի ու հայկականության նկատմամբ կուրացրել է նրան այնքան, որ բացահայտ պայքար է մղում՝ օգտագործելով փողոցային բառապաշար ու հայհոյանք: Այս մարդը սրբություն չունի: Եթե Փաշինյանն ու իր թիմը կռվում են ոգեղենի դեմ, Եկեղեցին չէր կարող դուրս մնալ նրանց թիրախների ցուցակից: ՀԱԵ` ահա նրանց եւ նրանց տերերի գլխավոր թշմամին եւ սարսափը: Նրանց կպատասխանի մեծ հայրենասերը՝ Խաչատուր Աբովյանը. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Ժամանակավոր են որոշումները եւ որոշումներ կայացնողները: Հուսահատ խեղդվողի՝ ձեռքը փրփուրներին գցելու նման է: Իրենք էլ գիտեն, որ իրենց ժամանակը սպառվել է, գալու է պատասխան տալու ժամանակը: Նրանք վախենում են հատուցման պահանջից, գիտեն, որ չկա վաղեմության ժամկետ: Եթե նույնիսկ 1 հայ մնա աշխարհում, հենց նա է լինելու Հայաստանի, Արարատի եւ այն ամենի պահանջատերը, ինչն արդեն քանի դար է՝ խլում են մեզնից, փորձում են ջնջել, ոչնչացնել, մոխրացնել: Փաշինյանն ու բոլոր ՔՊ-ականները գործիք են դարձել թշնամու ձեռքին (կամավոր թե ստիպված) ու բոլոր միջոցներով գնում են սրբությունների, խորհրդանիշների, հիշողության ոչնչացման: Ծիծաղելի է: Հազարամյակների ստեղծածը մի հիմար որոշումով չես կարող ջնջել: Ես առաջարկություն ունեմ՝ եթե չեն սիրում Արարատը, թող Արարատին նայող իրենց պատուհանները պատով փակեն, անթափանց վարագույր կախեն, բայց հային չեն կարող արգելել նայել իր պատմության ամենահզոր ականատես վկային, հիանալ նրա վեհությամբ, օրինակ վերցնել նրա հավերժականությունից: Արարատը տեսանելի է աշխարհի բոլոր կողմերից՝ ամեն հայի համար: Ահա՛ իմ պատասխանը Փաշինյանին.

Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
Հարբել հայրենի միրաժով նրա
Եվ հավերժ նայել իմ Արարատին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով․ հայտարարություն

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով․ հայտարարություն Tue, 19 May 2026 11:25:23 +0400 Քաղաքական իրավունքների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով