Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ
Tue, 19 May 2026 12:53:55 +0400

Քննչական կոմիտեն վարույթ չի հարուցել Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանի՝ ոստիկանությանը հասցեագրած բողոքի հիման վրա, համաձայն որի մայիսի 15-ին ՔՊ-ի աջակից Ռուստամ Ավագյանը Արմավիրի կենտրոնական հրապարակում խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը, վիրավորել, հետապնդել՝ փորձելով նվաստացնել լրագրողին։ Անի Գեւորգյանը բողոքը հասցեագրել է Գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Ինչպես նաև 237 հոդվածով նախատեսված արարքի վերաբերյալ։
«ՀՀ քաղաքացի Ռուստամ Ավագյանը 15.05.2026թ․-ին Արմավիր քաղաքի կենտրոնում ՔՊ քարոզարշավի ժամանակ խոչընդոտել է իմ մասնագիտական գործուենությանը՝ միջամտելով քաղաքացիների հետ հարցազրույցին, վարկաբեկող հայտարարություն արել, ես քաղաքացիների հետ զրույցը ընդահատել եմ՝ գնալով նույն տարածքի այլ հատված, սակայն վերջինս հետապնդել է ինձ, փորձել է, ներգրավելով նաև այլ մարդկանց իմ վրա ճնշում գործադրել, որպեսզի չշարունակեմ մասնագիտական գործունեությունս, ինչպես նաև նվաստացնի ինձ։ Խոչընդոտելը դրսևորվել է նրանով, որ ես չեմ կարողացել ավարտել քաղաքացիների հետ հարցազրույցը, ստիպաված եմ եղել լքել այդ հատվածը։ Խոչընդոտումը դրսևորվել է նրանով, որ սահմանափակվել իմ ազատ աշխատանքը, դիտավորյալ հոգեկան հարկադրանք է կիրառվել՝ նաև հնչեցնելով իմ մերձավորի՝ երեխայի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություն։ Նա լկտի բառապաշարով, ատելության խոսքով հետապնդել է ինձ քարոզարշավին եկած բազմաթիվ մարդականց մոտ։ Ես բարձրախոսը դեպի նրան չեմ ուղղել, որպեսզի գոնե ուղիղ եթերին հետևողների համար լսելի չլինեն նրա ատելության խոսքերը, վիրավորանքները։ Սակայն նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Rustam Avagyan» անվամբ օգտահաշվի կիրառմամբ, իրականացրել է 1 րոպե 43 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում տեսախցիկը ուղղելով դեպի ինձ՝ իմ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ, նվաստացնող արտահայտություններ։ «Երկրագնդի ամենակեղտոտ լրագրողն ա, ժողովուրդ ջան միակ լրագրողն ա, որ զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկում ա ամենավերջին ձևով․․․ այլանդակ Անի։ Քաղաքականությունը կապ չունի սրա հետ, սա զոհված զինծառայողների գնով ապրող փողոցային ա․․․ դու թափթփուկ ես, խայտառակություն ես Հայաստանի Հանրապետությունում, դու լիլիպուտ ես, անչափահաս թափթփուկ Անին ա․․․ երեխուդ հորը ման արի»» իր հաղորդման մեջ դեպքի մանրամասներն այսպես է ներկայացրել լրագրողը՝ դատախազությունից ակնկալելով քննարկել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Լրագրողը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ օրեր առաջվա միջադեպը գուցե չլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի այլ աջակիցներ, որոնք հարձակում էին գործել իր վրա, պատժված լինեին․«Կա երկու քրեական գործ, որոնցով պիտի պատժվեին եւ դատարանի երկու որոշում, համաձայն որոնց պետք է ներողություն խնդրեին, ոչ մեկն էլ տեղի չի ունեցել, ինչն էլ ծնում է նոր հանցագործություն»։




Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր