Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Երբ վարչական արարքի համար քաղաքացուն հասցնում են ինքնասպանության. AntiCor

Երբ վարչական արարքի համար քաղաքացուն հասցնում են ինքնասպանության. AntiCor

Mon, 18 May 2026 13:45:01 +0400


Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն գործած քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի դեպքը վերածվել է Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ ծանրագույն հարցադրումների։ Տեղի ունեցածը այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես առանձին ողբերգություն կամ բացառիկ միջադեպ։ Խոսքը պետական ուժի կիրառման, քրեական դատավարական մեխանիզմների անհամաչափ օգտագործման և իրավական ամենաթողության վտանգավոր դրսևորման մասին է։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով՝ «քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը» հոդվածով։ Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը իրավապահ համակարգի կողմից որակվել էր որպես նախընտրական քարոզչությանը խոչընդոտում։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար իրավական հակասություն։

Վարչական իրավախախտումը վերածվել է քրեական հետապնդման
Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածը հստակ նախատեսում է նախընտրական քարոզչական պաստառների վնասման կամ պոկման պատասխանատվությունը՝ որպես վարչական իրավախախտում։ Օրենսդիրը նման արարքի համար սահմանել է վարչական պատասխանատվություն և այն չի դասել քրեական հետապնդում ենթադրող արարքների շարքին։

Այդ պայմաններում քաղաքացու նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնումը, առավել ևս՝ ձերբակալումը, առաջացնում են իրավաչափության լրջագույն հարցեր։ Առավել կարևոր է այն հանգամանքը, որ հրապարակված տեղեկություններով՝ Արմեն Հովհաննիսյանին նույնիսկ մեղադրանք ներկայացված չի եղել, սակայն նա արդեն իսկ ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ։

Այսինքն՝ մարդը փաստացի զրկված է եղել ազատությունից այնպիսի իրավիճակում, երբ անգամ մեղադրանք չէր առաջադրվել, իսկ հիմքում ընկած արարքը օրենսդրությամբ նախատեսված է որպես վարչական իրավախախտում։

Ապօրինի ձերբակալության հնարավոր հատկանիշները
Տեղի ունեցածը արդեն առաջացնում է ոչ միայն կարգապահական կամ ծառայողական, այլ նաև հնարավոր քրեական պատասխանատվության հարց հենց իրավապահ համակարգի ներսում։

Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածին՝ «Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը»։

Հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու անձի կողմից ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը քրեորեն պատժելի արարք է։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է առավել խիստ պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության։

Այսինքն՝ եթե վարչական բնույթի արարքի պայմաններում անձի նկատմամբ կիրառվել է ապօրինի ձերբակալում, իսկ դրա հետևանքով տեղի է ունեցել ինքնասպանություն, ապա առաջանում է ոչ միայն քաղաքական կամ բարոյական, այլ նաև ուղղակի քրեաիրավական պատասխանատվության հարց։

Ձերբակալումից մինչև հոգեբուժարան
Ոստիկանության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Արմեն Հովհաննիսյանը գտնվել է Արտաշատի համայնքային ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ Մայիսի 16-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, նրա մոտ արձանագրվել է «հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ», ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, և նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն։

Ավելի ուշ՝ ժամը 18։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Այս ամբողջ շղթան՝ վարչական բնույթի արարքից մինչև քրեական վարույթ, ձերբակալում, պահման վայր, հոգեբուժարան և վերջնական ողբերգություն, առաջացնում է պետության գործողությունների համաչափության և օրինականության վերաբերյալ ծայրահեղ ծանր հարցադրումներ։

Ընտրական գործընթացներում ուժային մեթոդների վտանգը
Հայաստանի ընտրական գործընթացներում վաղուց ձևավորվել է վտանգավոր մի իրականություն, երբ իրավապահ համակարգը հաճախ գործում է ոչ թե օրենքի սահմաններում, այլ քաղաքական և ցուցադրական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Ընտրական գործընթացների ժամանակ ցանկացած իրավախախտում հաճախ վերածվում է ուժային արձագանքի ցուցադրության։

Սակայն իրավական պետությունում քրեական արդարադատության մեխանիզմները չեն կարող օգտագործվել որպես հոգեբանական ճնշման գործիք, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական իրավախախտմանը։

Երբ քաղաքացուն նախընտրական պաստառ պոկելու համար տեղափոխում են Քննչական կոմիտե, պահում ձերբակալվածների պահման վայրում, ապա հոգեբուժարան, իսկ վերջում արձանագրվում է ինքնասպանություն, հասարակության մեջ ձևավորվում է ոչ թե օրենքի ուժի, այլ պետական ուժի անվերահսկելիության ընկալում։

AntiCor-ի դիտարկումը
Արմեն Հովհաննիսյանի ողբերգական մահը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում իրավապահ համակարգի ինստիտուցիոնալ խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Երբ վարչական իրավախախտման դեպքում կիրառվում են քրեական հետապնդման մեխանիզմներ, իսկ դրա հետևանքը դառնում է մարդու կյանքը, խոսքն արդեն ոչ թե առանձին սխալի, այլ իրավական պետության հիմքերի խարխլման մասին է։

Այս դեպքը պահանջում է ոչ թե ձևական ծառայողական ստուգումներ, այլ լիարժեք, անկախ և հանրային վստահություն վայելող քննություն՝ իրավապահ մարմինների բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների հնարավոր քրեաիրավական գնահատմամբ, այդ թվում՝ Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածի շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ու իր թիմը որոշել են նախընտրական գործընթացը վերածել անիմաստ, «ղժղժան» շոուների

Փաշինյանն ու իր թիմը որոշել են նախընտրական գործընթացը վերածել անիմաստ, «ղժղժան» շոուների Mon, 18 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով