«Հրապարակ»․ Իշխանական քարոզչամեքենան կեղծել է IRI-ի հաղորդած տվյալները
Tue, 26 May 2026 09:45:21 +0400

Ամերիկյան IRI-ը (International Republican Institute) 1980-ականներին ԱՄՆ կոնգրեսի կողմից ստեղծված կազմակերպություն է, որը, ելնելով համոզմունքից, որ ամերիկյան շահերը լավագույնս պաշտպանված են այնտեղ, որտեղ գոյություն ունեն ազատություն եւ ժողովրդավարություն, ծառայում է աշխարհում ժողովրդավարության տարածմանը։ IRI-ը հայտարարում է, որ իրենք «խրախուսում են ժողովրդավարությունն այն վայրերում, որտեղ այն բացակա է, սատարում են ժողովրդավարության ամրապնդմանն այն վայրերում, որտեղ այն վտանգված է, եւ փոխանակում են լավագույն փորձն այն վայրերում, որտեղ ժողովրդավարությունը ծաղկում է» (We encourage democracy in places where it is absent, help democracy become more effective where it is in danger, and share best practices where democracy is flourishing).
IRI-ն այնքան վաղուց է գործում Հայաստանի Հանրապետությունում, որ հազիվ թե մեկը կարողանա վերհիշել, թե երբ է դա սկսվել։ Դժվար է նաեւ ասել, թե IRI-ը երբ է համարել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ծաղկում է, երբ է համարել, որ վտանգված է։ Ամեն պարագայում, այս տարվա ապրիլի վերջին՝ 29.04.2026-ին, IRI-ը հրապարակել էր Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրություններում IRI-ի Նախընտրական գնահատողական առաքելության Եզրահանգումների եւ առաջարկությունների զեկույցը (Statement of Findings and Recommendations | IRI Pre-Election Assessment Mission to Armenia’s 2026 Parliamentary Elections, հասանելի է հղումով), որի մասին իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, լռեց։ Այդ զեկույցում տպավորիչ իրազեկությամբ թվարկված էին նախընտրական շրջանում իշխանությունների կողմից գործադրվող ապօրինությունները ընտրություններում։ Զեկույցում, օրինակ, առաջարկվում էր, որ ԿԸՀ-ն արձագանքի վարչական ռեսուրսի չարաշահման հանցագործություններին (The CEC and relevant authorities should address offenses related to the misuse of administrative resources), կամ՝ արձանագրված էր, որ ձայներ գնելու ամբաստանությամբ վերջին ձերբակալությունները մեծացրել են քաղաքական լարվածությունը, հարցեր են առաջացնում դրանց գործադրման ժամանակը եւ քաղաքական միջավայրի վրա ազդեցությունը եւ այլն։
Սակայն ամենից կարեւոր եւ ՔՊ-ի համար չարագուշակ իրողությունն այն էր, որ զեկույցում չկար որեւէ կանխատեսում, թե ՔՊ-ն կարող է հաղթել առաջիկա զեկույցում։ Ընտրարշավի առնչությամբ գրված էր՝ ՔՊ-ն մնում է առաջատար ուժ, սակայն «Ուժեղ Հայաստանն» ասպարեզ է իջել որպես ամենադինամիկ ընդդիմադիր մրցակից: «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը մնում են քաղաքականապես մրցունակ, սակայն մարդաշատ մրցադաշտում ընտրազանգվածները պահպանելու խնդիր ունեն (Civil Contract remains the leading force, while Strong Armenia has emerged as the most dynamic opposition challenger. Armenia Alliance, Prosperous Armenia, and the Republic Party remain politically relevant, but face challenges to retain electoral weight in a crowded field․)
Դիտարկման իրազեկությունն ու խորությունը տպավորություն է գործում եւ ՔՊ-ի համար ոչ թե վարդագույն, առհասարակ՝ ոչ մի հուսադրող հեռանկար չի կանխատեսում։ Զեկույցում բաց տեքստով ասվում է, որ նույնիսկ վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ անձանց հետապնդել-ձերբակալելով ՔՊ-ի համար հաղթանակ չի ուրվագծվում։ Զեկույցը կազմել են արտերկրից Հայաստան ժամանած IRI-ի կարճաժամկետ Նախընտրական գնահատողական առաքելության (Pre-Election assessment mission, PEAM) անդամները, որոնք Հայաստանում են գտնվել ապրիլի 20-24-ը։ PEAM-ի հանգամանքն է բացատրում այդքան ճշմարտացի, իրազեկ եւ ՔՊ-ի համար աննպաստ զեկույցի իրողությունը, որի մասին ՔՊ-ն պետք է լռեր եւ լռել է։
Դրանից հետո՝ 22.05.2026-ին հրապարակվում է Հայաստանի առնչությամբ IRI-ի՝ այս տարվա երրորդ փաստաթուղթը՝ Հանրային կարծիքի հարցախույզ (Public Opinion Survey: Residents of Armenia | May 2026, հասանելի է հղումով), որն անցկացվել է Հայաստանի բնակիչների շրջանում, 2026-ի մայիսի 5-11-ը։ Այս հարցախույզն անցկացնողներն այլեւս ամերիկացիները չեն, այլ նրանց հետ համագործակցող՝ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հայաստանյան մի ընկերություն, որին ծառայություններ պատվիրող իրավաբանական անձանց ցանկում է նաեւ ՀՀ կառավարությունը։
Ամենից տպավորիչ թիվը, որ բացատրում է ամեն ինչ, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ապագայի վերաբերյալ հաղորդվում է IRI-ի Հանրային կարծիքի հարցախույզի 2-րդ էջում (հոդվածին կից տեղադրվում է), որից հետո կարելի է նույնիսկ չշարունակել։ Հարցախույզին մասնակցելու խնդրանքով հեռախոսազանգերին ՀՀ քաղաքացիների 84%-ը պատասխանել է բացասաբար, հրաժարվել է մասնակցել հարցախույզին։ Ընդսմին, ինչպես նույն՝ 2-րդ էջում կարդում ենք, յուրաքանչյուր հեռախոսահամարին կատարվել է մինչեւ երեք զանգ։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների 84%-ը ոչ թե անհարմար մի պահի զանգ ստանալու կամ տեխնիկական այլ պատճառով չի պատասխանել, այլ հետեւողականորեն եւ որպես դիրքորոշում՝ հրաժարվել է մասնակցել հարցախույզին։ Հավանակա՞ն է, որ հրաժարվողները լինեին գործող իշխանության համակիրները։ Գրեթե անհավանական է։
Ինչն էլ ավելի հետաքրքիր է. մնացյալ 16%-ից էլ, ովքեր համաձայնել եւ մասնակցել են հարցախույզին, միայն 32%-ն է ասել, թե կընտրի ՔՊ-ին եւ Փաշինյանին։ Իշխանությունը բացահայտ կեղծել էր IRI-ի հրապարակած տվյալը՝ 38% ցուցանիշ թմբկահարելով։ Թե ինչ կեղծարարության էին դիմել, ինչ ցուցանիշ էին ինչի փոխարեն ներկայացրել՝ հոդվածի հաջորդ մասում։ Այս պահին արձանագրենք, որ IRI-ի հարցախույզին մասնակցելու խնդրանք ստացած ՀՀ քաղաքացիների 16%-ի 32%-ը, այսինքն՝ վերջնահաշվում 5%-ն է միայն հայտնել, թե կընտրի Փաշինյանին եւ ՔՊ-ին։ Ընդսմին, այդ 16% հարցախույզին մասնակցած անձինք գրեթե լիովին իշխանության ազդեցության եւ քարոզչական մամլիչի ներքո գտնվող մարդիկ են, ովքեր, դատելով հարցախույզի 59-րդ էջի տվյալներից (հոդվածին կից կայքում տեղադրվում է), հիմնական տեղեկատվություն ստանում են Հ1, «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերություններից։
Մինչդեռ, համաձայն IRI-ի հարցախույզի, նույն՝ 16%-ի 44%-ն ասել է, որ դեռ չի կողմնորոշվել, կամ մերժում է հայտնել, թե ում կընտրի։ Այս 44%-ը հենց այն ռեսուրսն է, որ ունի իշխանության ընդդիմադիր մրցակիցը։ Իսկ այդ դինամիկ բարձրացող մրցակիցը, ինչպես նշված էր IRI PEAM-ի զեկույցում, «Ուժեղ Հայաստանն» է։
Շարունակելի
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր