Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Այսօրը հիշեցնում է «Սարգսյան -Դեմիրճյան» միասնությունը, որը խափանեցին․․․

Այսօրը հիշեցնում է «Սարգսյան -Դեմիրճյան» միասնությունը, որը խափանեցին․․․

Tue, 02 Jun 2026 15:45:34 +0400


Այս վիճակը գիտե՞ք ինչ վիճակի եմ նմանեցնում։ Գուցե դուք էլ եք մտածել, բայց չեք բարձրաձայնել։ Խոսքս Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին է։

Հիշո՞ւմ եք «Վազգեն Սարգսյան – Կարեն Դեմիրճյան» միասնությունը։ Վազգենը ուժ էր, Կարենը՝ ժողովրդի սիրտը։
Եղավ ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանն իր «ափերից դուրս էր եկել», ու դա զգում էր ժողովուրդը։ Շատերն արդեն չէին ճանաչում նախկին Վազգենին, վարարե՜լ էր… Կարծում եմ՝ սերնդակիցները լիովին կհասկանան ինձ։ Վազգենը հեղե՜ղ էր, ու՜ժ էր, հայրենասիրություն էր, իսկ Կարեն Դեմիրճյանը՝ խոհեմություն, ժողովրդի սեր, հավասարակշռություն, շինարարություն, տնտեսությո՜ւն էր։

Այդ միավորումը ժողովրդին լիցք տվեց։ Նրանք ամբողջացան, և Վազգենի «ափերից դուրս գալը» իմաստավորվեց հեղեղատի պատնեշով։ Ժողովուրդը նրանց մեջ տեսավ ոչ թե հակասություն, այլ լրացում։ Մեկը բերում էր ուժը, մյուսը՝ կշռույթը։ Մեկը՝ վճռականությունը, մյուսը՝ վստահությունը։

Լսենք Ռիմա Դեմիրճյանին․
«Վազգենին ես էլ միանշանակ չէի ընկալում սկզբից: Բայց երբ ես ուսումնասիրեցի նյութերը, ես հասկացա նաեւ Վազգենին: Վազգենն այս հողի, ջրի, այս ժողովրդի մարդն էր: Պարզապես ժամանակներն այնպիսին էր՝ պատերազմ էր, կրքերի շիկացում: Երեւի մեկը պետք է լիներ, որ իր վրա վերցներ ինչ-որ բաների կատարում, որոնք իրեն փառք չէին բերում: Դա ես համարում եմ ինչ-որ չափով անձնազոհություն»։

Կարեն Դեմիրճյանի կինը նաև խոստովանում է, որ կարդացել էր Վազգեն Սարգսյանի նամակը՝ Կարեն Դեմիրճյանին, երբ նա առաջարկում էր ստեղծել «Միասնություն» դաշինքը.
«Ես առաջինն էի դեմ դրան, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ էի»։
Այս տողերը կարդալուց Ռոբերտ Քոչարյանին չե՞ք հիշում։

Ո՜նց են շատերը դեմ, որ նա միասնություն կազմի Սամվել Կարապետյանի հետ։

Այո՛, կար ժամանակ, երբ Քոչարյանն էլ էր վարարել, «ափերից դուրս էր եկել», և նրան չէր հասկանում ժողովրդի մի հատվածը, ինչպես ժամանակին չէին հասկանում Վազգեն Սարգսյանին։ Բայց պատմության մեջ հաճախ լինում են պահեր, երբ անհատներին սկսում են գնահատել ոչ միայն իրենց կտրուկ կողմերով, այլ նաև այն ամբողջությամբ, որ ստեղծվում է համախոհների ու գործընկերների հետ։
Շատերի աչքերում Քոչարյանին ամբողջացնում է Սամվել Կարապետյանը՝ իր ժողովրդականությամբ, հասարակ մարդկանց շրջանում ունեցած վստահությամբ ու սիրով։ Նրան ամբողջացնում է նաև Գագիկ Ծառուկյանը՝ իր շռայլ ու բարի սրտով, իր սոցիալական ներկայությամբ ու մարդկանց կողքին կանգնելու պատրաստակամությամբ։

Հենց այդ եռամիասնությունն է Նիկոլ Փաշինյանն անվանում «եռագլուխ պատերազմի կուսակցություն»։ Բայց նրանց համակիրների համար այդ միասնությունը այլ իմաստ ունի․ այն տարբեր կարողությունների, փորձի, կապերի ու հասարակական հենարանների միավորում է։
Այդ ամենն ինձ հիշեցնում է այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հանդեպ։
Ինչո՞ւ։
Որովհետև այսօր շատերս ասում ենք, որ եթե Վազգենն ու Դեմիրճյանը չսպանվեին, Հայաստանը գուցե լրիվ այլ ուղիով կընթանար։ Ոչ ոք չի կարող հաստատ իմանալ, թե ինչ կլիներ, բայց այդ համոզմունքը շարունակում է ապրել ժողովրդի մտքում։
Նույն զգացողությունն է հիմա։ Շատ մարդիկ կարծում են, որ Հայաստանի գոյաբանական մարտահրավերների պայմաններում քաղաքական դաշտում ձևավորվում են նոր համախմբումներ, նոր առաջնորդություններ, նոր պատասխանատվություններ։ Նրանք այդ գործընթացներին նայում են ոչ թե առանձին անձանց նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տեսանկյունից, այլ պետության ապագայի հարցի շրջանակում։

Գուցե շատերդ չեք ընդունում Քոչարյանին, բայց ինչպես Դեմիրճյանի կինն էր տարիներ անց ասում՝ «ես սխալ էի»։ Եվ այսօր էլ խորհելու տեղիք են տալիս նրա հետևյալ խոսքերը.

«Ինչ որ խոսում են Վազգենի վերաբերյալ՝ ճիշտ թե սուտ, վերագրեք ժամանակին, խառը ժամանակներին, իսկ այն լավը, ինչ նա արել է եւ ուզում էր անել, վերագրենք նրա՝ հայկական, ազգային էությանը»։

Գուցե պատմությունը երբեք բառացիորեն չի կրկնվում, բայց երբեմն այն հուշում է մեզ, որ մարդկանց պետք է գնահատել ոչ միայն նրանց սխալներով, այլ նաև նրանց կարողություններով, նրանց փորձով և այն նպատակներով, որոնց համար նրանք պատրաստ են միավորվել։ Իսկ թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ինչպես միշտ, կասի ժամանակը։ Մեզ մնում է մի բան՝ Հայաստանի շահը վեր դասել անձնական համակրանքներից ու հակակրանքներից և սթափ նայել այն գործընթացներին, որոնք կարող են ազդել մեր պետության ապագայի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով

Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով Tue, 02 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով