Տարանջատեք, որ Հայաստանն էլ չխճճվի Փաշինյանի հետ
Fri, 12 Jun 2026 21:08:50 +0400

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է.
«Բազմիցս գրել եմ նախընտրական շրջանում, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավորությունն է, պատեհությունը: Շատերի համար թերեւս բարդ է դա ընկալելը: Բարդ է պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստացավ այնպիսի բովանդակություն 2020-ից հետո, որ նրա համար իշխանությունը պահելը հիմա ավելի դյուրին գործ է, քան իշխանությունից հեռանալը, իշխանությունը թողնելը:
Սամվել Կարապետյանի գործոնը այդ իմաստով էլ Փաշինյանի համար ժամանակի ու տարածության մեջ պատմական պատեհություն էր, եւ գուցե վերջինը: Դրանից հետո նրա համար իշխանությունը պահելը միայն ու միայն բարդանալու է, իսկ ահա իշխանությունից հեռանալը երբեք չի դյուրանալու:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել իր հաղթանակի մասին դեռեւս ձայների հաշվարկի գործընթացի մեկնարկին, վկայում է, որ նա պատկերացնում է դա: Բայց, իհարկե, մի բան է պատկերացնել, մեկ այլ բան՝ գտնել լուծում պատկերացրած բարդությունից: Նիկոլ Փաշինյանը լուծում ընտրեց՝ խճճվելը:
Հիմա Հայաստանում որեւէ ակտուալ ընդդիմության խնդիրն ավելի է պարզվել՝ տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը՝ հավաքական իմաստով Հայաստանը, այլ ոչ թե միայն աշխարհագրական ու վարչական: Տարանջատել, որ Հայաստանն էլ չխճճվի Փաշինյանի հետ:
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ: Այս ընտրությունից հետո դա այլեւս արդիական չէ: Պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր