Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Գյումրին ամեն գնով զավթելու Փաշինյանի պլանն ու իրավական սողանցքները

Գյումրին ամեն գնով զավթելու Փաշինյանի պլանն ու իրավական սողանցքները

Fri, 19 Jun 2026 15:45:42 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններն այն մասին, թե շուտով Գյումրիում արտահերթ ընտրություններ են լինելու և իշխանությունն իրավական լուծումներ է փնտրում, փաստում են մեկ բան. գործող վարչակազմը փորձում է ամեն գնով և բացահայտ ճնշումներով զավթել Գյումրու կառավարումը, որտեղ տեղական ընտրությունների արդյունքում հաղթել և իշխանություն է ձևավորել երեք ընդդիմադիր ուժերի կոալիցիան։

​Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո էլ իշխանության պլանը ձախողվեց, քանի որ քաղաքի ղեկավարումն անցավ նրա թիմակիցներին՝ փեսան` փոխքաղաքապետեր Ավետիս Առաքելյանն է քաղաքապետի պարտականությունները կատարում։
​Գյումրին զավթելու իշխանության կողմից փնտրվող մեթոդների ու հնարավոր իրավական սողանցքների շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ՏԻՄ խնդիրներով զբաղվող, երիտասարդ իրավաբան֊փորձագետ Նարեկ Սարգսյանի հետ։

​ – Պարո՛ն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում ստեղծված ճգնաժամի ֆոնին իրենք իրավական լուծումներ են փնտրում նոր ընտրություններ նշանակելու համար։ Բայց հաշվի առնելով, որ կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ավագանիում ընտրվել է երեք ընդդիմադիր ուժերի միավորման և ձայների մեծամասնության շնորհիվ, իսկ քաղաքի իշխանությունը մնացել է նրա թիմի ձեռքում, ո՞նց են պատրաստվում դա անել։ Ի՞նչ սողանցքներ կան։

– Ձեր նշած փաստը հենց այս ամբողջ պատմության մեխն է։ Քանի որ երեք ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն ունեն, քան իշխող ուժը, Կառավարությունը չի կարող սովորական քաղաքական ճանապարհով`օրինակ, ավագանու ներսում նոր քաղաքապետի ընտրությամբ, վերցնել Գյումրու կառավարումը։ Ընդդիմադիր եռակողմ դաշինքը պահում է քաղաքը։
​Այս իրավիճակում Փաշինյանի թիմի համար մնում են միայն «արտակարգ» կամ օրենսդրական շրջանցման սողանցքները.
​առաջին՝ քվորումի տապալում՝ 3-ամսյա ճգնաժամ ստեղծելու համար: Քանի որ ՔՊ-ն չի կարող հաղթել ընդդիմությանը ձայների թվով, նրանց միակ տակտիկական քայլը նիստերը բոյկոտելն է։ Եթե ՔՊ-ն չի գալիս նիստերին, իսկ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ են սկսվում, ճաք է առաջանում, ֆիզիկապես մարդ չի հերիքում, նիստերը կարող են տապալվել։ Օրենքով՝ եթե 3 ամիս անընդմեջ ավագանու հերթական նիստ չի գումարվում քվորումի բացակայության պատճառով, կառավարությունը հիմք է ստանում ուղղակի լուծարել ավագանին և նշանակել նոր ընտրություններ։ Սա հենց այն իրավական լուծումներից է, որի մասին ակնարկում է Փաշինյանը։
​Երկրորդ՝ կայծակնային օրենսդրական փոփոխություն ԱԺ-ում: Քանի որ Գյումրու ավագանիում ընդդիմադիր կոնսենսուսը պինդ է, իսկ Փաշինյանը չի ուզում 3 ամիս սպասել կամ թողնել, որ քաղաքը ղեկավարի Ղուկասյանի փեսան, իշխանությունը կարող է օգտագործել Ազգային ժողովի իր մեծամասնությունը։ Նրանք կարող են արագ փոփոխություն մտցնել ՏԻՄ օրենքում, որով սահմանվի, եթե համայնքի ղեկավարը կալանավորված է կամ անգործունակ, իսկ ավագանիում ստեղծվել է ճգնաժամ, Կառավարությունն իրավունք է ստանում նշանակել իր ԺՊ-ին` շրջանցելով գործող փոխքաղաքապետերին։ Սրանով նրանք դե-ֆակտո կչեզոքացնեն երեք ընդդիմադիր ուժերի իշխանությունը քաղաքում և կտանեն նոր ընտրությունների։
​Նորից եմ ասում` չեն բացառվում ճնշումներ ընդդիմադիր կոալիցիայի անդամների նկատմամբ: Փորձելու են կոտրել այդ երեք ուժերի միասնությունը։ Եթե այդ դաշինքից մի քանի ավագանու անդամներ վայր դնեն մանդատները կամ դուրս գան ֆրակցիաներից, ընդդիմությունը կկորցնի իր մեծամասնությունը, և ավագանին կդառնա անգործունակ, ինչը նույնպես կբերի լուծարման և նոր ընտրությունների։

​- Ի դեպ, Ավետիս Առաքելյանն ինքը չի բացառել, որ իրեն նույնպես կարող են ձերբակալել կամ կալանավորել։ Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, և առաջին փոխքաղաքապետը նույնպես հայտնվի ճաղերի հետևում, ի՞նչ կառաջանա իրավական դաշտում։ Քաղաքի կառավարումն անցնելու է երկրորդ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի՞ն, թե՞ սա հենց այն իրավական սողանցքն է, որով կառավարությունը կարող զավթել Գյումրին։

​ – Եթե Ավետիս Առաքելյանին նույնպես կալանավորեն, մենք կունենանք մի իրավիճակ, որը ՏԻՄ օրենսդրության մեջ գրեթե նախադեպը չունի. համայնքի ղեկավարն ու նրան փոխարինող հիմնական անձը միաժամանակ մեկուսացված կլինեն։ Այստեղ իրավական երկու զարգացում է հնարավոր` ​օրենքի տառով երկրորդ փոխքաղաքապետի գործոնը։ Քանի դեռ ավագանին լուծարված չէ, օրենքով քաղաքապետի պարտականությունների կատարումը պետք է անցնի հաջորդ փոխքաղաքապետին՝ Գագիկ Մանուկյանին։ Այսինքն՝ ընդդիմադիր եռակողմ ամրոցը դեռ կփորձի դիմադրել հաջորդ պաշտոնյայի միջոցով։ Բայց սա կլինի զուտ տեխնիկական կառավարում, որովհետև քաղաքը փաստացի կաթվածահար վիճակում կհայտնվի։ Արտակարգ իրավիճակի սողանցքը Կառավարության համար. Առաքելյանի հնարավոր կալանքը Փաշինյանի թիմի համար կլինի ուժեղագույն հաղթաթուղթ՝ հայտարարելու են, որ Գյումրիում առկա է իշխանության լիակատար վակուում և կառավարման ճգնաժամ։ Կառավարությունը կարող է ԱԺ-ով արագ անցկացնել այնպիսի ձևակերպում, որ եթե համայնքի ղեկավարն ու առաջին փոխարինողը անգործունակ են, ապա համայնքում բնականոն կյանքն ապահովելու համար անհապաղ նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար ՝ մինչև նոր ընտրություններ։

​- Այսինքն, Ավետիս Առաքելյանին ձերբակալելը կամ կալանավորելը կարո՞ղ է դառնալ հենց այն «իրավական լուծումը» կամ ավելի ճիշտ՝ ուժային լուծումը, որով իշխանությունը վերջնականապես կկոտրի երեք ընդդիմադիր ուժերի դիմադրությունը Գյումրիում։

-Կարճ ասած` այո, դրանից հետո ավագանու լուծարումն ու արտահերթ ընտրությունները կդառնան ընդամենը օրերի ու տեխնիկայի հարց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Fri, 19 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով