«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը. Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում»
Fri, 26 Jun 2026 21:25:06 +0400

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է․
«Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը
Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։
Բայց այսօրվա նիստից հետո այլևս հնարավոր չէր լռել։
Հունիսի 9-ին մի պարզ հարց էի տվել, որի պատասխանը մինչ օրս չկա։
Եթե դիմում եք Սահմանադրական դատարան, արդյո՞ք վստահում եք նրան, և պատրա՞ստ եք ընդունել նրա ցանկացած որոշում՝ անկախ նրանից՝ այն ձեր օգտին կլինի, թե ոչ։
Հարցը պատահական չէր։
Տարիներ շարունակ հենց դուք էիք պնդում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական ազդեցության տակ է, դրա ձևավորումն ունի լեգիտիմության խնդիր, և այն անկախ չէ։
Այսօր այդ հակասությունն ավելի խորացավ։
Ձեր ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ երկու դատավորների ինքնաբացարկից հետո Սահմանադրական դատարանն այդ կազմով ընդհանրապես իրավազոր չէ քննելու գործը։
Հուսով եմ՝ այդ «ուժեղ» իրավական փաստարկի քաղաքական հետևանքները հաշվարկել եք։
Եթե վաղը Սահմանադրական դատարանը մերժի ձեր պահանջները, դուք արդեն պատրաստ պատասխան ունեք. «Այս դատարանն իրավազոր չէր, հետևաբար նրա որոշումն էլ լեգիտիմ չէ»։
Բայց այսօր դրանից էլ մեկ քայլ առաջ եք գնում։
Ընդդիմության ներկայացուցիչներից մեկն արդեն հրապարակայնորեն հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշումից անկախ՝ ընտրություններն, ամեն դեպքում, կեղծված են և ոչ լեգիտիմ։
Ուրեմն նույն հարցը կրկին։
Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք Սահմանադրական դատարան։
Եթե պատասխանը նախապես հայտնի էր, այդ ամբողջ գործընթացի քաղաքական և իրավական իմաստը ո՞րն էր։
Ավելին` հենց ձեր գործողություններով դուք ավելի ու ավելի եք ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։
Եթե ընտրությունները կեղծված են,
Եթե քաղաքական առումով չէիք վստահում Սահմանադրական դատարանին,
Եթե այսօր արդեն հայտարարում եք, որ այն նույնիսկ իրավազոր չէ,
Եթե արդեն իսկ ասում եք, որ նրա ցանկացած որոշումից անկախ` ընտրությունները կեղծված են,
ապա ձեր իսկ տրամաբանությունը հուշում է մեկ եզրակացություն․ այդ ընտրություններով ձևավորված Ազգային ժողովից մանդատ վերցնելը քաղաքականապես անհնար է հիմնավորել։
Բայց, ԱկՆՀԱՅՏ է` պատրաստվում եք անել ճիշտ հակառակը։
Ուրեմն հարցը շատ ուղիղ է.
Ինչո՞ւ եք ձեր իսկ ձեռքով ավելի ու ավելի ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։ Ինչո՞ւ եք հիմնավորում այն որոշումը, որն իրականում չեք պատրաստվում կայացնել։ Ո՞րն է այս քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը։
Թե՞ կարծում եք, որ մարդիկ ժամանակի ավելցուկ ունեն և պետք է հետևեն մի գործընթացի, որի ավարտը դուք նախապես որոշել եք։ Եթե ի սկզբանե պատրաստ չէիք ընդունելու Սահմանադրական դատարանի որևէ որոշում, ապա ինչո՞ւ էիք հասարակությանը ներքաշում այս ամբողջ գործընթացի մեջ։ Ինչո՞ւ էիք մարդկանց ժամանակը վատնում մի դատավարությամբ, որի արդյունքը ձեզ համար նախապես նշանակություն չուներ։ Ու դուք ուղիղ ձեր մանդատ վերցնելու որոշումը հայտնելու փոխարեն տարբեր փաթեթներ եք հորինում:
Եվ վերջում՝ ևս մեկ դիտարկում։
Այս օրերին լսում ենք, որ մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը պետք է որոշվի հրապարակում, կրկեսում, այգում, դահլիճում կամ հերթական հավաքի ժամանակ՝ «ժողովրդի կարծիքը լսելով»։ ժոդովուրդը ընտրության ժամանակ կարծիք ասել է:
Քաղաքականությունը պատասխանատվությունը հրապարակի վրա դնելու արվեստ չէ։
Եթե որոշում եք կայացնում՝ վերցնել կամ չվերցնել մանդատները, դա ձեր քաղաքական որոշումն է։
Պատասխանատվությունը նույնպես ձերն է։
Ժողովուրդը ձեզ ձայն է տվել ոչ թե նրա համար, որ դժվար պահին իր վրա դնեք ձեր քաղաքական պատասխանատվությունը, այլ որպեսզի այդ որոշումը կայացնեք դուք և վճարեք դրա քաղաքական ԳԻՆԸ։
Իսկ եթե բազմամարդ հրապարակն ինքնին լեգիտիմության չափանիշ է, ապա ընդունենք նաև հակառակը։
Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակից խոսում է ընդդիմությանը «սատկացնելու», «կզզացնելու», «պառկացնելու» մասին, իսկ հրապարակը ծափահարում է, արդյո՞ք դա նույնպես լեգիտիմ է։
Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր