«Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է»
Tue, 01 Sep 2026 15:45:05 +0400

Երբ հանրությունը շունչը պահած հետևում է, թե Պուտինը ոնց կընդունի Փաշինյանին, մի բան է նշանակում․ հանրությունը սպասելիք ունի ՌԴ նախագահից։ Արդարության սպասելիք։ Մյուս կողմից՝ հանրությունը տեսնում է, որ իր անունից գործում է իր կամքին հակառակ մի ղեկավար, որի ձեռքը ոչ մեկը չի բռնում։ Նրան ամեն ինչ կարելի է։ Հին օրերի լավագույն սպասումով՝ հանրությունը ենթագիտակցորեն օգնություն է ակնկալում։ Հանրության մեջ քաղաքականությունից դուրս մի պարզ միտք է․ կլինի՞ մեկը, որը կկարողանա իրեն ազատել փաթաթուկի պես կոկորդը սեղմող ղեկավարից։ Այդ մեկը նա իրեն չի պատկերացնում, որովհետև 44- օրյա խորշակից հետո ուշքի չի եկել և պետական ողջ ռեսուրսը կենտրոնացված է իր իրավունքը պաշտպանող քաղաքացու դեմ։
Այս ֆոնի վրա, երբ Նիկոլ Փաշինյանի էջում պարզունակ թվացող գրառումներ են հայտնվում, դրանք ամենևին էլ պարզունակ չեն։ Դրանք քաղաքական հնարքներ են ՝ հանրային տրամադրության վրա ազդելու համար։ Մի փոքրիկ օրինակ։ Ժողովուրդը անհամբեր սպասում է Պուտին-Փաշինյան հանդիպմանը։ Այդ ընթացքում Փաշինյանը սեր է խոստովանում ժողովրդին, սրտիկներ է ուղարկում, իսկ ամենակարևորը՝ իր էջը ողողվում է փոխադարձ սիրո դրսևորումներով։ Մթնոլորտ է ստեղծվում։ Եթե նույնատիպ, սիրատոչոր 50–100 մեկնաբանություն հայտնվում է որևէ մեկի էջում, ընթերցողը կարող է ենթագիտակցաբար ստանալ շատ պարզ ազդակ․ «Տես, մարդիկ այսպես են մտածում»։ Եվ այդ ֆոնի վրա հայտնվում են մի քանի, առաջին հայացքից՝ ծիծաղելի նախադասություններ․ «Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է»։ Կամ, երբ Պուտինը արարողակարգային ձևով բարևում է Փաշինյանին, գրում են․ «Այ այդպես, կգաս, կբարևես մեր Հզորին»։
Պարզունակ է, չէ՞։ Բայց հենց այստեղ է հնարքը։
Նման գրառումները գլխիվայր են շրջում իրականության ընկալումը․ ուժեղին ներկայացնում են որպես խեղճ ու թույլ, իսկ թույլին՝ որպես ուժեղ։ Իրական քաղաքական հարաբերությունը վերածվում է կենցաղային հումորի, իսկ հումորի միջոցով՝ հոգեբանական ազդեցության։ Այո՛, պարզունակ է։ Բայց պարզունակ լինելը դեռ չի նշանակում անարդյունավետ լինել։ Մի պահ պատկերացրեք, թե սա ինչպես է աշխատում այն մարդկանց վրա, որոնք իրենց երկրի կորստի, անվտանգության, խաղաղության ու ապագայի հարցերում սպասում ունեն։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է վախի, անորոշության, քաղաքական լարվածության, տեղեկատվական գերբեռնվածության, անվստահության, պառակտման ու հիասթափության մեջ, ուղեղը շատ ավելի հեշտ է ընդունում պարզ ու հուզական սխեմաները։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ «մեծ մասսան պարզունակ է մտածում»։ Մարդու հոգեբանությունն է որոշ պայմաններում հակված բարդ իրականությունը վերածելու պարզ պատմության։
Իսկ երբ մարդուն հաջողվում է համոզել ոչ թե այն բանում, թե ինչն է ճիշտ, այլ այն բանում, թե «բոլորն այդպես են մտածում», հոգեբանական գրոհի ամենակարևոր մասը, հնարավոր է, արդեն կատարված լինի։
Իսկ նրանք, ովքեր սնվում են կերակրատաշտից ու ամեն կերպ փորձում են պահել տաշտը, դա շատ լավ հասկանում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր