Վերջ տվե՛ք «չանա տալուն»․ քարտեզը սեղանին
Tue, 01 Sep 2026 19:45:55 +0400

Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում կան հարցեր, որոնց շուրջ քաղաքական հայտարարություններ լսելու ժամանակը վաղուց անցել է։ Մեկն անկլավների հարցն է։ Մի ժամանակ վարչապետն ասում էր՝ չկա իրավական հիմք, հիմա ասում է՝ կա, Ադրբեջանը պահանջում է իր տարածքները, ընդդիմությունն ընդվզում է, իսկ հասարակությանը հայտնի չէ, թե ինչ փաստաթղթի, որ քարտեզի եւ որ իրավական հիմքի մասին է խոսքը։
Կարծում եմ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է վերջապես իր իրական դերը կատարի։
Ոչ թե իրար վրա գոռան, վիրավորեն, «չանա տան» (լոռեցու ասած) ու կրակոտ ելույթները ցուցադրեն, այլ երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը դնեն սեղանին, բերեն փաստեր, ուսումնասիրեն փաստաթղթեր եւ ժողովրդին ներկայացնեն հասկանալի ձեւով։
Սահմանազատման գործընթացում կողմերը 2024 թ. ապրիլին պայմանավորվեցին սահմանազատումը շարունակել Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար–Աշաղի Ասկիպարա, Կիրանց–Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղըզըլհաջիլի ուղղություններով։ Հայտարարվեց, որ հիմքում դրվելու է ԽՍՀՄ փլուզման 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած միջհանրապետական սահմանը։ Նույն փաստաթղթում նաեւ նշվել է, որ սահմանազատման հետագա փուլերում պետք է անդրադառնալ անկլավների եւ էքսկլավների հարցերին։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանն արդենընդունեց, որ նման հարց կա, եւ նրա մոտեցումը գաղտնիք չէ։ Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրն ինքնին չի որոշում յուրաքանչյուր կոնկրետ հողակտորի պատկանելությունը, այլ սահմանում է քաղաքական-իրավական սկզբունք։ Իսկ սահմանագծի որոշումը պահանջում է քարտեզագրական եւ սահմանազատման աշխատանք։ Հակառակ դեպքում «Ալմա-Աթան» վերածվում է կախարդական բառի, որը կարելի է արտասանել վեճի ժամանակ եւ փակել քննարկումը։
Բայց, ըստ Փաշինյանի, Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները պետք է պահպանվեն որպես անկախ պետությունների սահմաններ, իսկ Արծվաշենի հարցը պետք է լուծվի իրավական փաստաթղթերի հիման վրա եւ բանակցությունների միջոցով։ 2024 թ. մայիսին էլ նա հայտարարել էր, որ սահմանազատումն իրականացվում է 1976 թ. խորհրդային գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա, որոնք, նրա ներկայացմամբ, ԽՍՀՄ վերջին՝ իրավական նշանակություն ունեցող քարտեզներն են։ Ուրեմն իշխանությունն իր դիրքորոշումն ունի։ Այն կարելի է ընդունել, վիճարկել, քննադատել, մերժել, բայց պետք է պահանջել, որ ամբողջական փաստաթուղթը հրապարակվի։ Ո՞ր քարտեզն է հիմքը։ Ո՞վ է այն կազմել։ Ի՞նչ իրավական ուժ ունի։ Ի՞նչ սահման է այն արձանագրում։ Ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանը կապվում 1991 թ. Ալմա-Աթայի գործընթացի հետ։ Եվ ամենակարեւորը՝ այդ փաստաթղթերի հիման վրա կոնկրետ որ տարածքն ինչ կարգավիճակ ունի։
Նույնը ընդդիմությունը պետք է անի: Եթե ունի ապացույցներ, որ այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու իրավունք Փաշինյանը չունի, պետք է ներկայացնեք ձեր ունեցած փաստական հիմքերը՝ քարտեզներ, պատմական ու իրավական փաստաթղթեր։ Դրեք դրանք սեղանին։
Ժողովուրդը հայրենիքը «հանձնելու» մանդատ չի տվել ձեզ։ Իշխանությունը հաճախ հիշեցնում է, որ ստացել է ժողովրդի քվեն, ընտրվել է, ունի քաղաքական մանդատ։ Այո, ընտրված իշխանությունն ունի կառավարելու մանդատ։ Բայց որեւէ ընտրական քվեաթերթիկ չի կարող մեկնաբանվել որպես ժողովրդի կողմից նախապես տրված անսահմանափակ համաձայնություն՝ երկրի տարածքային եւ ցանկացած այլ հարց լուծելու ցանկացած եղանակով։ Ժողովուրդն իշխանությանը տվել է պետությունը կառավարելու մանդատ, ոչ թե հայրենիքը պատառ-պատառ ուրիշին փոխանցելու անսահմանափակ իրավունք։
Իսկ այն, ինչ տեսնում ենք խորհրդարանում՝ մեկը խոսում է, մյուսը՝ գոռում, երրորդը՝ ընդհատում, չորրորդը՝ մեղադրում, իսկ հարցը մնում է նույն տեղում։ ԱԺ-ն «չանա տալու» տեղ չէ։ «Չանա կարելի է տալ» կենցաղում, հումորի մեջ, իսկ ՀՀ խորհրդարանը պետք է լինի փաստերի, իրավական հիմնավորման, պետական որոշումների հարթակ։ Ցանկացած հարց պետք է դուրս բերել կուսակցական փոխադարձ մեղադրանքների շրջանակից։ Քարտեզը՝ սեղանին։ Փաստաթուղթը՝ սեղանին։ Օրենքը եւ հիմնավորումները՝ սեղանին: Այդ դեպքում ժողովուրդը հնարավորություն կունենա գոռգոռոցի ու քաղաքական պիտակավորումների մեջ կողմնորոշվելու, թե ով է փաստերով խոսում, ով է խեղաթյուրում, ով է թաքցնում եւ ով է իսկապես պաշտպանում ՀՀ շահը։ Որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ճակատագիրը ոչ մի իշխանության սեփականությունը չէ, ոչ էլ կարող է որեւէ օտար պետության պահանջի առարկան լինել։ Այն ՀՀ եւ նրա քաղաքացիների սեփականությունն ու որոշելիքն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր