Երբ չգիտես ինչ անել, բայց գիտես` ով է մեղավորը
Wed, 01 Jul 2026 18:15:43 +0400

Ռուսաստանի նախկին նախագահ, նախկին վարչապետ, իսկ ներկայում Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը ցուցադրում է միջազգային հարաբերությունների էությունից իր անտեղյակությունը, միաժամանակ՝ Ռուսաստանի թուլությունն ու անճարակությունը: Նա հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունում կառավարող՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, որի նախագահն ինքն է, եւ խոսում է հավաքական Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, զգուշացնում Հայաստանի քաղաքացիներին՝ Ռուսաստանի հետ կապերի խզման հետեւանքների մասին: Փոխանակ բացատրի, թե ինչպես իրենց ձախողված քաղաքականության արդյունքում իրենց դաշնակից Հայաստանը դարձավ Արեւմուտքի ձեռքին Ռուսաստանի դեմ ուղղված գործիք, նա ինչ-որ մեղավորներ է գտնում Արեւմուտքում:
Այն, ինչ ասում է ռուսաստանցի քաղաքական գործիչն ու պաշտոնյան՝ Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մասին, հայտնի է բոլորին. «Արեւմուտքը Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք։ Արեւմուտքը շահագրգռված է երկրի քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առողջ հարաբերությունների կողմնակիցներից»։ Նա որպես օրինակ բերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մանդատներից, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում կազմակերպելը. «Այս ամենը տեղի է ունենում արեւմտյան երկրների լիակատար լռության պայմաններում… Իրենց սիրելի նեոգաղութատիրական գործելակերպի ոգով նրանք Հայաստանի պետական ապարատը բառացիորեն դարձրել են ձեռնասուն»:
Իհարկե, Արեւմուտքը Հայաստանն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, եւ դա որեւէ մեկի համար ո՛չ նորություն է եւ, առավել եւս, ո՛չ էլ գաղտնիք: Արեւմուտքը, ի դեմս Հայաստանի եւ նրա իշխանության, ձեռք է բերել մի գործիք, որն օգտագործում է ըստ նշանակության, զարմանալի կլիներ, եթե հակառակը տեղի ունենար, այդ գործիքը չօգտագործեր կամ օգտագործեր ոչ ըստ նշանակության, ասենք` թույլ տար կամ նպաստեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական, հոգեւոր-մշակութային կամ ռազմատեխնիկական կապերի զարգացմանը: Յուրաքանչյուր գործիք ձեռք է բերվում ըստ նշանակության օգտագործման համար, Արեւմուտքում հիմարներ չեն, որ այլ կերպ վարվեն:
Ինչպես նշեցինք` Դմիտրի Մեդվեդեւն իր ելույթում հանդես եկավ նաեւ ՀՀ քաղաքացիներին ուղղված զգուշացումով. «ՀՀ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի հետ տասնամյակների ընթացքում կառուցված կապերի խզումն անխուսափելիորեն կհանգեցնի ծանր հետեւանքների։ Սակայն ԵՄ-ն բացարձակապես չի հետաքրքրվում այս հարցերով»: Իսկ ինչո՞ւ պետք է ԵՄ-ին հետաքրքրի Հայաստանի քաղաքացիներին հասցվող վնասը կամ ծանր հետեւանքները:
Ռուսաստանը կորցրել է Հայաստանի նկատմամբ հսկողությունը եւ դրա համար մեղադրում է Հայաստանին ու հայ հասարակությանը, սակայն դա Ռուսաստանի ձախողումն է, որի գինը վճարում է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը: Այս վիճակը շատ նման է նրան, որ Փաշինյանը եւ նրա շրջապատն իրենց ձախողումների համար մեղադրում են նախկիններին կամ Ռուսաստանի իշխանություններին: Չնայած այդ ձախողումներից տուժում են Հայաստանը եւ հայ հասարակությունը, բայց կարեւորը` կան մեղավորներ:
Ամեն անգամ, երբ չգիտես, թե ինչ անել, փորձում ես խնդիրը տեղափոխել «իսկ ո՞վ է մեղավոր» հարթություն եւ գտնել մի մեղավորի, որին պետք է վերագրես քո ձախողումը կամ անճարակությունը: Քանի որ Հայաստանի մասով շատ է ասվել, ասենք միայն Ռուսաստանի մասով: Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս է եկել ոչ Հայաստանի մեղքով կամ կամքով, այլ Ռուսաստանի, Ռուսաստանի թուլության եւ իր շահերը պաշտպանելու հարցում անհետեւողականության պատճառով: Հայաստանի համար եղել է պայքար Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ (Թուրքիան հանդիսանում է Արեւմուտքի մաս), եւ այդ պայքարում հաղթել է Արեւմուտքը, դրա համար Հայաստանը մեղավոր չէ: Մեղավոր չէ նաեւ հայաստանյան հասարակությունը, նա չի կարող միայնակ պայքարել եւ հաղթել Արեւմուտքի, Թուրքիայի եւ հայաստանյան նրանց դրածո կառավարիչների դեմ պայքարում: Երբ Մեդվեդեւը հայտարարում է, որ Արեւմուտքը Հայաստանը`Ռուսաստանի վաղեմի եւ երկարամյա դաշնակցին վերածել է իր դեմ պայքարի գործիքի, դրանով ընդունում է իր երկրի պարտությունը: Բայց փոխանակ ընդունելու, որ իրենք պարտվել են, նրանք փորձում են այդ պարտության մեղավոր եւ պատասխանատու հռչակել Հայաստանին եւ Հայաստանի քաղաքացիներին՝ ասելով, որ նրանք իրենց վրա կզգան այդ պարտության հետեւանքները: Ասենք թե՝ կզգան եւ արդեն իսկ զգում են, հետո՞ ինչ: Իսկ մի՞թե Ռուսաստանը չի զգում իր աշխարհաքաղաքական պարտությունների ազդեցությունը, երբ իր տասնյակ դաշնակիցներ վերածվել են թշնամիների, երբ երկիրը շրջապատված է թշնամիներով եւ ոչ թե բարեկամներով: Կամ` խոսելով Հայաստանի մասին, մի՞թե իրենց հետաքրքրում է ՀՀ քաղաքացիների ճակատագիրը եւ ոչ թե այն, որ բարեկամ երկիրը վերածվել է թշնամու:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդմանը` միայն նրա համար, որ նա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առողջ հարաբերությունների կողմնակից է, դա եւս Ռուսաստանի ձախողումն է: Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ Արեւմուտքի արձագանքը, եթե որեւէ պրոարեւմտյան գործչի նկատմամբ քրեական գործ հարուցեին կամ, առավել եւս՝ զրկեին մանդատներից, ինչպիսի աղմուկ-աղաղակ հիմա բարձրացած կլիներ: Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շուտով մեկ տարի կլինի՝ զրկված է ազատությունից միայն այն պատճառով, որ խոսել է Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների մասին: Ռուսաստանում որեւէ մեկը հիշո՞ւմ է նրա գոյության մասին: Հեշտ է սեփական ձախողումների համար մեղավորներ գտնել, միայն թե դրանից ի՞նչ օգուտ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր