«HI AREV»-ը բոլորին տուն է կանչում
Wed, 01 Jul 2026 15:15:47 +0400

Հունիսի 26-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «HI AREV» անսամբլը հանդիսատեսի դատին հանձնեց «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը՝ հայրենիքի, ընտանիքի և տուն վերադառնալու անհագ ցանկության մասին։
Ներկայացման հիմքում դեպի Հայաստան վերադարձի սպասումն է, հետաձգվող թռիչքը, որի ընթացքում յուրաքանչյուրն ավելի խորն է գիտակցում հայրենիքի, հարազատ տան ու ընտանիքի արժեքը։ Տունդարձի երազանքը դառնում է ներկայացման գլխավոր առանցքն ու միավորում հերոսներին և հանդիսատեսին։
Ներկայացման ընթացքում հնչեցին երգեր՝ նվիրված Հայաստանին, հայրենիքին, տանը, մայրիկին և հարազատ օջախին։ Երաժշտական համարները մեկ գաղափարի շուրջ համախմբեցին թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին՝ փոխանցելով ջերմություն, հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թագուհի Գևորգյանի և ստեղծագործական թիմի նպատակն է «Հայաստանն է մեր տունը» ներկայացման միջոցով ընդգծել հայրենիք վերադառնալու գաղափարի կարևորությունը՝ որպես ազգային ինքնության, արմատներին հավատարիմ մնալու և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշ։
Պատմության հանգուցալուծումն իհարկե ուրախ է և հուզիչ. երեխաները վերջապես վերադառնում են հայրենիք, իսկ բեմից հնչող վերջին երգերն ու տեսարանները ևս մեկ անգամ ամրապնդում են ներկայացման գլխավոր ուղերձը՝ ամեն ճանապարհ, ի վերջո, տանում է դեպի տուն՝ դեպի հայրենիք։
Հասմիկ Հովհաննիսյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր