ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»
Thu, 26 Nov 2026 10:00:14 +0400

Նոյեմբերի 23-ին հանրությանը ներկայացվեց նոր սահմանադրության նախագիծը՝ բաղկացած 12 գլխից եւ 89 հոդվածից։ Այն, ըստ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, ոչ միայն իրավաբանական փոփոխություն է ենթադրում, այլեւ ազգային ինքնության վերաֆորմատավորման հիմքն է դնում եւ հայկական պետականության քաղաքական փոփոխություն է նշանակում։ Հիմնական փոփոխությունը, որն արձանագրել է ռուս փորձագետը, նախաբանից Հայաստանի անկախության հռչակագրին հղումը զեղչելն է։ Պատմական ազգային ձգտումների փոխարեն առաջարկվում է միջազգային սահմանների շրջանակում պետության կոնցեպցիան։ Փաստացի՝ Փաշինյանը «պատմական» Հայաստանը «իրական» Հայաստանով փոխարինելու հաջորդ քայլն է անում։ Նոր սահմանադրություն ընդունելու արտաքին քաղաքական մոտիվացիան ակնհայտ է։ Բաքուն գործող սահմանադրության նախաբանը խաղաղության պայմանագրի ստորագրման գործում որպես խոչընդոտ է դիտարկում, եւ չնայած Երեւանը ֆորմալ առումով հայտարարում է, որ ինքնուրույն է որոշել փոխել սահմանադրությունը, սակայն, հեռացնելով Ադրբեջանի համար խնդրահարույց հատվածը, կատարում է Ադրբեջանի պահանջը։ Բայց, ըստ Մարկեդոնովի, կա մի շատ կարեւոր հարց․ արդյո՞ք փոխված սահմանադրությունը կդառնա խաղաղության երաշխիք, թե՞ կլինի հերթական զիջումը, որին համարժեք հանձնառություն մյուս կողմը չի ստանձնի կամ հետագայում նոր զիջման պահանջ չի դնի։
Մարկեդոնովն արձանագրում է, որ Փաշինյանի առաջարկած սահմանադրությունը ներհայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում արդեն անվանում են «ալիեւյան սահմանադրություն»։ Պահպանվում է կառավարման խորհրդարանական մոդելը, սակայն դատավորների գնահատման համակարգն է փոխվում, նոր կանոններ են սահմանվում կուսակցությունների ֆինանսավորման, ԶԼՄ-ների գործունեության թափանցիկության մասով։ Առաջարկվում է սահմանափակել այն քաղաքացիների ընտրական իրավունքը, ովքեր ապրում են արտասահմանում, եւ զրկել քաղաքացիությունից դատարանի որոշմամբ՝ պետության դեմ կատարած որոշ հանցագործությունների համար։ Այս ամենը, ըստ քաղաքագետի, Հայաստանում քաղաքացիական ազատությունների լուրջ սահմանափակումներ եւ ռիսկեր է ստեղծելու։ Գործող սահմանադրությունում այդ նորմերը բացակայում են։ Ուշագրավ է նաեւ, որ պետական սիմվոլների նկարագրությունը սահմանադրությունից տեղափոխվում է հատուկ օրենք։ Պարզ է, որ Հայաստանի զինանշանի վրա առկա Արարատ լեռը պետք է հեռացվի, եւ Նիկոլ Փաշինյանն այսպես է որոշել լուծել այդ հարցը։ Այսինքն՝ վերանայվելու է նաեւ Հայաստանի զինանշանը։ Բայց Մարկեդոնովը կարծում է, որ այս պրոցեսը, ըստ էության, վերածվում է Փաշինյանի վարած քաղաքականության, նրա իշխանության լեգիտիմության փորձության։ Որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի, անհրաժեշտ է, որ ընդդիմության մի մասն աջակցի։ Մինչդեռ ընդդիմությունը դեմ է արտահայտվել։ Ուստի Հայաստանի հասարակության համար սկսվում է լուրջ փորձություն՝ կատարել ընտրություն պետության, պետականության ապագա մոդելի շուրջ։ Այլ կերպ ասած, եթե վերաշարադրենք Մարկեդոնովին՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի բառերով, ապա Հայաստանի քաղաքացիներն են որոշելու՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր