Խունտան ունի ծրագիր, իսկ ի՞նչ ծրագիր է առաջարկում հավաքական ընդդիմությունը
Thu, 26 Nov 2026 18:15:03 +0400

Խունտայի պարագլուխն ունի ծրագիր՝ ալիեւյան սահմանադրության նախագիծը տանել խորհրդարան, այնտեղ մերժում ստանալուց հետո կեղծ հրաժարական ներկայացնել վարչապետի պաշտոնից, թույլ չտալ, որ խորհրդարանը երկու անգամ վարչապետ ընտրի, դրանով հասնել խորհրդարանի արձակման եւ արտահերթ ընտրությունների անցկացման, ապա կեղծել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն եւ հաստատել ալիեւյան սահմանադրությունը։
Իսկ ի՞նչ ծրագիր ունի ընդդիմությունը․ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ կոչ են անում երկար չձգձգել։ Ի՞նչ է նշանակում խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելը, կամ՝ ինչո՞վ են պատրաստ։ Արդյո՞ք ընդդիմության ներկայացուցիչները մտածում են, որ այս անգամ ավելի հաջողակ կլինեն եւ կկարողանան հաղթել խունտային ու դրա պարագլխին։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ խունտային օրինական, այսպես կոչված, սահմանադրական մեթոդներով հաղթել հնարավոր չէ, հիմա նա ավելի անթաքույց է գնալու կեղծիքի, Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են արագ կատարել խոստացածը։ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ից մինչեւ Գերմանիա, քաջալերում են խունտայի պարագլխին՝ արագացնել ադրբեջանական հպատակության ընդունումը․ այդ երկրները եւ դրանց ներկայացուցիչներն առաջնորդվում են իրենց երկրների պետական շահերով, Հայաստանը նրանց չի հետաքրքրում։ Արդյո՞ք այն, ինչ ընդդիմությանը չհաջողվեց անել 2026թ․ հունիսի 7-ին, ստացվելու է 2-3 ամիս հետո տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների ժամանակ։
Խունտային որոշ ծառայություններ մատուցող ծանոթ մեկն ասում է, որ պարագլուխն անակնկալի է եկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից․ ծախսված հարյուր միլիոնավոր դոլարները եւ վարչական ռեսուրսի գործադրումը նրա մոտ համոզմունք էին ձեւավորել, որ ինքը ստանալու է իր ուզածը՝ սահմանադրական մեծամասնություն։ Անակնկալի գալով նման արդյունքից՝ նա նույնիսկ հակված է եղել չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ կազմակերպել։ Այդ գաղափարից հետ է կանգնել երկու պատճառով․ նախ՝ չէր կարող նոր ընտրությունների գնալ եւ թույլ չտալ նախորդ ընտրություններին մասնակցած եւ 600 հազարից ավելի ձայն ստացած քաղաքական ուժերին մասնակցել այդ ընտրություններին, վախեցել է, որ դա կարող է բողոքի մեծ ալիք առաջացնել՝ 600 հազարից գոնե 15 տոկոսը՝ մոտ 100 հազար մարդ, դա կընկալի որպես անարգանք իր քվեարկության նկատմամբ, վախեցել է, որ չի կարողանա ճնշել բողոքի ալիքը։ Երկրորդ․ ընտրություններն էապես դատարկել են խունտայի դրամապանակը, իսկ առանց փողի ինչո՞վ էր կերակրելու եւ շահագրգռելու բացառապես անձնական շահի եւ անձնական հարստացման նպատակով իր շուրջ համախմբված խառնամբոխին։ Հիմա՝ ընտրություններից վեց ամիս անց, հասարակության եւ պետության թալանի հաշվին սեւ դրամարկղը համալրվել է, փողի հարցը լուծված է, հնարավոր է, որ արտաքին հովանավորները եւս ֆինանսական հանգանակություն կատարեն՝ երկրի ոչնչացման ծրագրի իրականացման գործը տրամաբանական հանգրվանին հասցնելու հարցում։ Հիմա խունտայի առաջնորդը ֆորմալ հիմք ունի՝ ընդդիմադիր կուսակցություններին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու, բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները տարբեր կեղծ եւ շինծու մեղադրանքներով կալանավորված են, իսկ նրանց համախոհներին կարելի է մեղադրել նրանց գործած հանցանքներում մեղսակից լինելու մեջ։ Խունտան հենց նրանով է խունտա, որ իշխանության գալով հակասահմանադրական հեղաշրջման միջոցով՝ իր տիրապետության տակ անցած երկիրը կառավարում է բռնության, քաղաքական եւ ֆիզիկական տեռորի միջոցով, սպասարկելով ոչ թե հասարակության եւ պետության, այլ այդ հանցավոր խմբավորման ղեկավարի եւ դրա մեջ ներգրավված անձանց շահերը։
Ընտրություններին պատրաստ լինելը ծրագիր չէ՝ հանրային աջակցություն ստանալու համար։ Հանրային համախմբում եւ հանրային աջակցություն ունենալու համար ընդդիմությունը պետք է ասի, թե ինչով է այս ընտրությունը տարբերվելու նախորդից, ինչո՞ւ այն, ինչ չստացվեց 2026 թ․ հունիսի 7-ին, ստացվելու է հիմա։ Տրամաբանական պատասխանը կարող է լինել մեկը․ այս անգամ ընդդիմությունը հանդես է գալու ոչ թե առանձին-առանձին, որ հետո գնա միավորվի եւ կազմի մեծամասնություն՝ դա չի աշխատում, այլ մեկ միասնական ճակատով, Հայաստանն ազատագրելու, փրկելու, անկախությունը եւ ինքնիշխանությունը վերականգնելու՝ ով ինչպես ուզում է թող ասի, ծրագրով։ Տրամաբանական է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք մաս չեն կազմի այս համախմբմանը եւ կհայտարարեն ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, պետք է ընկալվեն իշխանության կամակատար եւ արժանանան համարժեք վերաբերմունքի։ Ընդդիմությունը հասարակությանը պետք է խոստանա, որ եթե ընտրության արդյունքները կեղծվեն, ինչը հենց այդպես էլ կլինի, պետք է պայքարը շարունակել փողոցում եւ երկիրը փրկել ազգային-ազատագրական, հակագաղութային, թավշյա հեղափոխության, ով ոնց ուզում է, թող հասկանա, պայքարի միջոցով։
Հայաստանը հասել է մի հանգրվանի, որ այլեւս գոյություն ունեցող ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել, այլեւս չի լինելու այնպես, որ Փաշինյանն աշխատում է բռնապետ, իսկ ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են նրա կողմից իրականացվող քայլերը, եւ աշխատանքային օրը, շաբաթը կամ ամիսն ավարտվում է։ Հայաստանը մոտեցել է մի հանգրվանի, որ կարող է երկիրը դադարել որպես ինքնուրուն միավոր գոյություն ունենալուց։ Այս հարցում համարյա բացարձակ կոնսենսուս կա․ եւ ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, այլեւ անգամ հարեւան Վրաստանի միջեւ, որի վարչապետը շտապել է իր աջակցությունը հայտնել Հայաստանի ադրբեջանահպատակեցմանը՝ ալիեւյան սահմանադրության ընդունման միջոցով։ Վրաստանի իշխանություններին թվում է, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը կլանեն ու ոչնչացնեն Հայաստանը, նրանք ձեռք կքաշեն Վրաստանից՝ համարելով, որ արդեն իրար հետ ընդհանուր սահման ունեն, Վրաստանն իրենց պետք չէ կամ գոնե առայժմ պետք չէ։ Յուրաքանչյուրը մտածում է իր փրկության մասին եւ շատ հաճախ՝ հարեւանի հաշվին։ Դրանում եւս որեւէ նորություն չկա, եթե անգամ այդ փրկությունը ժամանակավոր է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր