Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Ոչ թե հրավիրում են ներս, այլ դուրս են շպրտում

Ոչ թե հրավիրում են ներս, այլ դուրս են շպրտում

Wed, 15 Jul 2026 19:45:40 +0400


Հայաստանի համար կարեւոր է Ուկրաինայի օրինակը: Ինչպե՞ս են ուկրաինական արտադրողները գրավում ԵՄ շուկան կամ, ավելի ճիշտ՝ ինչպե՞ս են նրանց «դուրս շպրտում» (ձեւակերպումն ուկրաինական մամուլինն է) ԵՄ շուկայից: Ուկրաինական մամուլը, հղում անելով երկրի մետալուրգիական ընկերություններին, գրում է, որ ԵՄ-ն փակում է իր շուկան իրենց արտադրանքի առաջ, սահմանափակելով ավելի վաղ հատկացված քվոտաները: Ուկրաինան անցյալ տարի առանց հարկման ԵՄ է արտահանել 2,6 միլիոն տոննա պողպատ, մինչդեռ այս տարի այդ քվոտան նվազեցրել են 2,5 անգամ՝ թույլ տալով ընդամենը 1,05 միլիոն տոննայի ներմուծում: Բայց ավելի կարեւորն այս քվոտայի նվազեցման հիմնավորումն է. «Որոշումը կայացվել է ԵՄ իշխանությունների կողմից՝ որպես շուկաների դեմ պայքարի մաս, որտեղ աշխատուժն ավելի էժան է, քան միության ներսում»:

Թվում է, թե Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ պետք է լիներ՝ արտոնյալ: ԵՄ-ն միանգամից 90 միլիարդ է հատկացնում Ուկրաինային, իսկ պողպատի ներմուծումն արգելում է: Այդ 90 միլիարդն ուղղվելու է ոչ միայն պաշտպանական կարիքների բավարարմանը, դրանով ֆինանսավորվելու են Ուկրաինայի պետական այլ ծախսեր` աշխատավարձ, թոշակ, սոցիալական ծրագրեր, Ուկրաինայի բյուջեի 60-70 տոկոսը ձեւավորվում է արտաքին հատկացումների հաշվին: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի՝ թույլ տալ, որ Ուկրաինան ինքը գումար աշխատի եւ ինքն էլ ֆինանսավորի իր ծախսերը, ոչ թե անընդհատ արտաքին ներարկումներ կատարել: Բայց եվրոպացիների տրամաբանությունը ռացիոնալ է. 90 միլիարդը կամ դրանից առաջ հատկացված հարյուրավոր միլիարդները ոչ թե պարզապես օգնություն են, այլ՝ վարկ, պարտք, որն Ուկրաինան պարտավոր է վճարել, հետ վերադարձնել: Իսկ ուկրաինական արտադրողների համար սեփական շուկան բացելով՝ ԵՄ-ն վնասում է իր ներքին արտադրողներին, նրանց համար ստեղծելով մրցակցություն, որին նրանք չեն կարողանում դիմանալ: Դա նույնն է, որ ինչ-որ մեկին սննդի փող տաք, դրանով դուք կարեկցանք եք դրսեւորում նրա նկատմամբ, բայց երբ նա հավակնի ձեր աշխատանքին եւ եկամտին, կարեկցանքը միանգամից կփոխվի թշնամանքի:

ԵՄ տնտեսական վիճակը պարզ լինելու համար մի քանի տվյալ ներկայացնենք: Եվրոպական մամուլը գրում է, որ ԵՄ տնտեսապես ամենամեծ ու առաջատար երկրի՝ Գերմանիայի տնտեսական վիճակը տարեցտարի վատթարանում է: Հալեյում գտնվող Լայբնիցի անվան տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, 2026 թ․ երկրորդ եռամսյակում Գերմանիայում լուծարվել են մոտ 5 հազար ձեռնարկություն եւ բաժնետիրական ընկերություն, ինչը ռեկորդային է վերջին 20 տարիների համար, երրորդ եռամսյակի համար կանխատեսվում է հետագա աճ:

Գերմանիայի առեւտրա­արդյու­նաբերական պալատի գլխավոր վերլուծաբան Ֆոլկեր Թրեյերն էլ հայտարարել է, որ 2025-ին յուրաքանչյուր 20 րոպեն մեկ գերմանական որեւէ ընկերություն սնանկության հայտ է ներկայացնում: Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) տվյալներով՝ սնանկությունների թիվը մի քանի տարի շարունակ կայուն աճում է. 2024 թվականին այդ ցուցանիշը 2023-ի համեմատ աճել է 22.4%-ով, իսկ 2023-ին այս ցուցանիշը 2022-ի համեմատ աճել է 22.1%-ով։ ԵՄ-ի բյուջետային պակասորդը 2026 թվականի համար կազմում է 6.2 տոկոս, այն դեպքում, երբ ի սկզբանե որոշել էին, որ այն չպետք է գերազանցի 3 տոկոսը, դա վերաբերում էր նաեւ անդամ երկրներից յուրաքանչյուրին: ԵՄ անդամ Բուլղարիայի բյուջետային պակասորդը կազմում է 22 տոկոս, Հունաստանինը՝ 18:

Այս տեղեկությունները շատ կարեւոր են՝ հասկանալու համար, որ ԵՄ-ում չեն սպասում հայ ֆերմերներին եւ արտադրողներին, այլ իրենք են շուկաներ փնտրում՝ իրենց արտադրանքն իրացնելու, իրենց տնտեսական եւ ֆինանսական խնդիրները լուծելու համար: Կարող են ասել, որ Հայաստանի արտադրական հզորություններն այդքան մեծ չեն, որ վտանգ ներկայացնեն ԵՄ-ի համար, մենք Ուկրաինա չենք, որ միլիոնավոր տոննաներով պողպատ, ցորեն ու եպիտացորեն, թռչնի միս կամ ձու արտադրենք, որ սպառնանք ԵՄ շուկաների ներքին կայունությանը: Դա ինչ-որ իմաստով ճիշտ է: Բայց մեր դեպքում էլ կա ուրիշ խնդիր: Ուկրաինական պողպատը կամ ցորենը հումք են, դրանք ունեն ստանդարտ չափանիշներ եւ վաճառվում են բորսաներում եւ բորսայական գներով: Հայկական փոքր ֆերմերային տնտեսությունները չեն կարող բորսայական ապրանքներ արտադրել, իրենց արտադրանքը հայտնի դարձնել եվրոպացի սպառողին:

Ինչո՞ւ է Ռուսաստանում հայկական ապրանքը վաճառվում` մեր գինիները, հանքային ջրերը, կոնյակը ռուսական շուկայում հայտնի են եղել խորհրդային տարիներից, դրանք ներկայացնելու կարիք չկա: Ռուսաստանում կոմպակտ ապրող հայկական համայնքներ կան` հարյուր հազարանոց համայնքներ Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Սոչիում, Սանկտ Պետերբուրգում: Այդ քաղաքներում եւ ավելի փոքր ռուսական քաղաքներում կան հայկական խանութներ, եւ հայկական արտադրանքի հիմնական սպառողը հայեր են, որոնց այդ արտադրանքը հայտնի է: ԵՄ-ում նման մեծ հայկական համայնքներ չկան: Ֆրանսիայում հայկական կոնյակ կամ գինի չես վաճառի, հանքային ջուր չես վաճառի, Հայաստանի հարուստ խավն է ֆրանսիական գինիները եւ հանքային ջրերը գերադասում տեղականին, Գերմանիայում կամ Նիդերլանդներում հայկական պահածոներ` բադրիջանի խավիար կամ բոխիի թթու չես վաճառի կամ որ վաճառես էլ, շատ չնչին քանակությամբ: Ռուսաստանի հայերն իրենց ռուս ծանոթներին սովորեցրել են հայկական արտադրանք սպառել, ընտանեկան ընդհանուր միջոցառումների, խնջույքների ժամանակ հայերը հյուրասիրել են ռուսներին հայկական պահածոներ, խմիչք եւ այլ արտադրանք եւ դրանով գովազդել են հայկական արտադրանքը, եվրոպաներում ընդհանուր ընտանեկան միջոցառումներ չկան, հայերը գերմանացիների կամ չեխերի հետ չեն գնում բնության գիրկ՝ քեֆ անելու, կամ տանը 15-20 հոգանոց համատեղ խնջույքներ չեն կազմակերպում: Հայերը Ռուսաստանում հազարավոր ռեստորաններ ու խանութներ ունեն, որտեղ վաճառում են Հայաստանից ուղարկվող ապրանքը, Եվրոպայում հայերը կա՛մ փախստական են, կա՛մ աշխատավոր դասակարգ: Խոսքը Հայաստանից գնացած հայերի մասին է:

Երբ վաղը հարյուրավոր հայկական ձեռնարկություններ սնանկանան, կամ տասնյակ հազարավոր հայեր գործազուկ մնան, ԵՄ-ում որեւէ մեկը դրա համար ոչ թե ցավ, այլ ափսոսանք չի զգալու: Վաղը ո՛չ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է Եվրահանձնաժողովի նախագահ լինելու, ո՛չ Մարթա Կոսը՝ ընդլայնման հարցերով հանձնակատար, այս մարդիկ ԵՄ շահերն են պաշտպանում, իսկ ԵՄ շահը թշնամի Ռուսաստանի դեմ այլ երկրների տրամադրելն է: Ոնց որ հիմա ո՞վ է հիշում Արցախի հանձնման հարցում դերակատարում ունեցած ԵՄ խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելին եւ արտաքին հարցերով նախկին հանձնակատար Ջոզեպ Բորելին: Երբ դուք որեւէ հիմարություն եք անում, դրա հետեւանքը դուք եք կրում, ոչ թե հիմարացնողը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական հաշվեհարդարի զոհ առյուծը եւ քաղբանտարկյալ կենդանիները

Քաղաքական հաշվեհարդարի զոհ առյուծը եւ քաղբանտարկյալ կենդանիները Tue, 14 Jul 2026 18:15:13 +0400 Փաշինյանական ռեժիմը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով