Հարսնաքույրը հարսանիքի ընթացքում հաշմանդամ է դարձել
Fri, 24 Jul 2026 23:00:02 +0400

Չինաստանում 20-ամյա Չժան ազգանունով երիտասարդ աղջիկը ծանր վնասվածք է ստացել ընկերուհու հարսանեկան ավանդական «զվարճանքներից» մեկի հետևանքով և, ըստ հրապարակումների, հաշմանդամ դարձել։ Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։
Չժանը տոնակատարությանը մասնակցում էր որպես հարսնաքույր։ Տեղի որոշ ավանդույթների համաձայն՝ հարսանիքի օրը հյուրերը զանազան խաղերի ու կատակների միջոցով «փորձության են ենթարկում» նորապսակներին և հարսնաքույրերին՝ հավատալով, թե դա կվանի չար ոգիներին ու բարեհաջող ընթացք կապահովի։
Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում աղջիկը հայտնվել է մի սենյակում, որտեղ գտնվում էին մոտ տասը տղամարդիկ՝ հիմնականում փեսայի ընկերները։ Չնայած նա փորձել է թաքնվել, տղամարդկանցից մեկը նրան դուրս է բերել սենյակից և առաջարկել մյուսներին սավանի օգնությամբ նրան օդ նետել։
Փեսայի մորաքույրը, նկատելով տեղի ունեցողը, հորդորել է ներկաներին լինել ավելի զգույշ, սակայն նրա զգուշացումն անտեսվել է։
Առաջին նետումից հետո աղջկան հաջողվել է անվտանգ բռնել, սակայն երկրորդ անգամ նա ընկել է հատակին՝ ստանալով ողնաշարի ծանր վնասվածք։ Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են գոտկային ողի կոտրվածք։
Ինչպես հայտնում է աղբյուրը, Չժանը դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ինչպես նորապսակների, այնպես էլ միջադեպին մասնակցություն ունեցած անձանց դեմ։ Դատարանի որոշմամբ՝ նրանք պարտավորվել են տուժածին վճարել շուրջ 230 հազար յուան փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր