Չխոսողը միլիարդներ է ստեղծել, լեզվի չեմպիոնը՝ ոչինչ
Mon, 12 Oct 2026 16:45:02 +0400

Փաշինյանի միակ պարծանքը երկար լեզուն է։ Պարապած լեզու է՝ ոնց որ մարզասրահում մկաններ են մարզում, ինքն էլ լեզուն է մարզել։ Այնքան է գործի դրել, որ լեզվի տակ մկան չի մնացել։ Ուր ասես՝ թռցնում է՝ վերև, ներքև, աջ ու ձախ։ Երբեմն էլ լեզուն իրենից առաջ է ընկնում, մի բան ասում, հետո տերը ստիպված արդարանում է՝ ես այդպես չեմ ասել, այնպես եմ ասել, դուք սխալ եք հասկացել։
Բայց լեզվի այդ օլիմպիական չեմպիոնության մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Թե չէ՝ մարդն իր մարզած լեզվով ո՛չ օլիմպիադաների է մասնակցում, ո՛չ չեմպիոնատներ նվաճում, ո՛չ էլ երկիրը մի օգտակար դիվանագիտական բանակցության հասցնում։ Լեզվի մարզումները երկրի համար մեդալ չեն բերում, իսկ երկար-բարակ խոսելուց տնտեսություն չի ստեղծվում, երկիր չի շենանում, կորցրած հնարավորությունները չեն վերականգնվում։
Ժողովուրդն իզուր չի ասում՝ կչկչացող հավը ձու չի ածում։ Բայց Փաշինյանի դեպքում կչկչոցը դարձել է պետական կառավարման առանձին ճյուղ։ Խոսում է, խոսում, խոսում, մինչև ասածի տակից դուրս գալու համար ստիպված է լինում նորից խոսել։ Մի խոսքով՝ լեզուն աշխատում է արտաժամյա, իսկ արդյունքը մնում է չվճարված աշխատավարձի պես՝ խոստացված է, բայց չկա։
Լեզվի այդ ֆիզիկական վարժությունները Փաշինյանը միայն հրապարակային ելույթներում չի կիրառում։ Դրանցով ուզում է նաև քաղաքական հակառակորդներին տապալել։ Իսկ թիրախում անընդհատ Սամվել Կարապետյանն է։ Թե բա՝ խոսել չի կարողանում, շարադրություն գրել չգիտի։
Տեսեք՝ ինչ հետաքրքիր չափանիշներ են ընտրվել մարդուն գնահատելու համար։ Պարզվում է՝ գործարարի արժեքը որոշվում է ոչ թե իր ստեղծածով, այլ նրանով, թե որքան սահուն է խոսում։ Եթե լեզուդ երկար է՝ ուրեմն քաղաքական գործիչ ես, եթե կարճ է՝ ինչքան էլ գործ արած լինես, միևնույն է՝ շարադրություն չգիտես գրել։
Միայն թե Փաշինյանը մի կարևոր հանգամանք է մոռանում։ Այդ «չխոսող» մարդը գործ է արել, բիզնես ստեղծել ու աշխարհի միլիարդատերերի շարքն է հասել։ Իսկ ինքը՝ խոսքի միլիարդատեր, կյանքում ի՞նչ է ստեղծել, որ հիմա ուրիշի ստեղծած միլիարդների հետևից է ընկել։
Այստեղ է, որ լեզվի չեմպիոնի մարզական ցուցանիշները կտրուկ անկում են ապրում։ Որովհետև լեզվով կարելի է մարդուն ծաղրել, պիտակավորել, մեղադրել, կարելի է նույնիսկ սեփական անհաջողությունները ուրիշի վրա բարդել։ Բայց լեզվով գործարան չես կառուցի, բիզնես չես ստեղծի, աշխատատեղեր չես բացի։ Իսկ եթե ստեղծածդ ամենամեծ արժեքը սեփական խոսքդ է, ստիպված ես ամեն օր նորից ապացուցել, որ ասելիք ունես։
Փաշինյանը լեզվով ուզում է հաղթել նրան, ով գործով է հասել իր ունեցածին։ Բայց չի կարող, որովհետև լեզվի չեմպիոնությունը դեռ գործի չեմպիոնություն չէ։ Երկար լեզուն, որքան էլ մարզված լինի, երբեք չի կարող փոխարինել ստեղծածին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր