Պուտինի զանգը Ալիևին նախազգուշացում էր․ Զոլյան
Sat, 01 Aug 2026 18:45:46 +0400

«Հրապարակի» զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Սուրեն Զոլյանը:
-Ինչո՞ւ Փաշինյանն ի վերջո, մի կողմ դրեց իր «հպարտությունն» ու զանգահարեց Պուտինին: ԵՄ-ի աջակցությունն իրեն բավական չէ՞ին:
-Մինչ Պուտին- Փաշինյան հեռախոսազանգին անցնելը, պետք է նշել, որ մենք ամբողջ բովանդակությանը ծանոթ չենք, մենք կարդացել ենք միայն պաշտոնական հաղորդագրությունը: Բացի այդ, կարևոր է, թե ինչ են խոսել Մակրոնն ու Մերցը Փաշինյանի հետ այս զանգից առաջ: Բացի այդ, Մերցի զանգն էլ լավ բան չի հուշում…
-Հերթական զիջումների վտա՞նգ կա:
-Այո, պետք է անհանգստանալ, որովհետև այն ջերմ ընդունելությունը, որին արժանացավ Ալիևը Բեռլինում, ցույց է տալիս, որ դժվար թե ինչ-որ ճնշումներ կարելի է ակնկալել Ալիևի մասով, ավելի ճիշտ կլինի ենթադրել հակառակը, որովհետև ոչ մի խոսք չկար ոչ արցախցի փախստականների վերադարձի մասին, ոչ այլնի մասին: Եթե հիշում եք, Շոլցի հետ հանդիպումների ժամանակ, Շոլցը թեև շատ համեստ, բայց երաշխիքներ էր տալիս Արցախի բնակչությանը, մի անգամ խոսեց Արցախի ինքնորոշման մասին, ինչը հետո հեռացրեցին: Այսինքն, մենք տեսնում ենք ցավալի նահանջ Գերմանիայի դիրքորոշման մեջ և ես սա կապում եմ ընդհանուր քաղաքականության հետ: Այսօր Եվրոպայի հետ Ռուսաստանի դեմ մի նոր իրավիճակ է ստեղծվել և դա Կասպից ծովում հենց Ռուսաստանի մոտ` ուրվագծվում է թշնամական մի նոր բաստիոն, ասենք, ֆորպոստ ասենք: Մերցի հետ հանդիպմանը շատ կոնկրետ խոսակցություն է գնացել, կոնկրետ խոստումներ են եղել, որ Ադրբեջանը փոխարինելու է ռուսական գազը: Գիտեք, որ Գերմանիան բավականին լուրջ խնդիրներ է ունեցել, որովհետև Սովետական Միությունից ինքը և նրա արդյունաբերությունը նստած է եղել սկզբից սովետական, հետո ռուսական գազի վրա և արդյունաբերությունը գազի պակասից շատ տուժեց: Ադրբեջանն էլ, կարծես թե, պատրաստվում է լրացնել այդ բացը, ուստի դառնալու է շատ կարևոր գործընկեր: Թե ինչպես է դա անելու, նույնպես հասկանալի է, Ադրբեջանն այդքան գազ չունի, բայց Թուրքմենստանի ու ղազախական գազը կարող են այդ բացը լրացնել, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, որովհետև Ադրբեջանը դառնում է լուրջ մրցակից: Այնինչ, մինչ այդ գազային հարցերում իրենք կարծես թե համագործակցում էին: Այդ առումով բոլոր այդ զանգերը խիստ մտահոգիչ են, թեև խոսք է գնում միայն ու միայն տնտեսական խնդիրների մասին, բայց պետք չի բացառել նաև այլ տարբերակները:
-Ինչպիսի՞ տարբերակներ:
-Օրինակ, որ Փաշինյանը փորձել է ինչ-ինչ տարբերակներով վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նաև մատնացույց տալով Ադրբեջանի հնարավոր լարվածությունը: Մտածելու տեղիք է տալիս նաև Պուտինի զանգը Ալիևին, միգուցե վարկածներ կարող են լինել՝ դա կարող էր կանխարգելիչ բնույթ ունենալ, որ Ալիևին ուղղակի զգուշացնում էր հնարավոր հետևանքների մասին, բայց որպեսզի հասկանաք, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում երկրներն իրենց ազգային շահի հարցում, ուզում եմ մի բան պատմել: 1990-ականներին Էստոնիայի Տարտուի համալսարանի հետ շատ սերտ կապեր ունեի, էստոնացիներն ինձ ասացին, որ իրենք երբ Խորհրդային Միությանը խոզ և կաթնամթերք էին մատակարարում, Եվրոպային էլ նույնը կմատակարարեն ու կապրեն, սակայն հիմա հասկացել են, որ իրենց հարստությունը ոչ թե խոզի միսն է, այլ Տարտուի համալսարանը, որովհետև իրենց եղբայր ֆինները, ովքեր ամեն ինչ պատրաստ են հանուն էստոնացիների տալ, մի սանտիմետր իրենց շուկայից չեն տվել: Այսինքն, էստոնացիներն ասացին, որ ֆիններն իրենց համար ամեն քայլի պատրաստ են, ամեն ինչ կանեն, բայց իրենց շուկայից չեն տա: Եվ իրենք խնդիր ունեցան, փոխարենն իրենք իրենց արտադրանքը արտահանեն՝ հակառակը եղավ, Եվրոպայից՝ Դանիայից, օրինակ, այդ ամեն ինչն ավելի էժան եկել էր, լցվել էր շուկան: Իրենք հասկացան, որ պետք է զարգացնել ոչ թե ագրարային սեկտորը, ինչպես որ եղել էր Սովետական Միությունում, այլ գիտությունը, արդյունաբերությունը, բարձր տեխնոոգիաները և այլն: Ինչու եմ սա ասում, որ անգամ Էստոնիան, որ այդքան մոտ էր իր բարեկամ Ֆինլանդիայի հետ, որը միշտ շատ օգնում էր, նաև սկանդինավյան երկրները, պատրաստ էին շատ մեծ ֆինանսական աջակցություն ցույց տալ, բայց ոչ երբեք շուկա:
Իրենք են գրավել էստոնական շուկան և, փաստորեն, Էստոնիան հիմա ոչինչ չի արտադրում՝ այնտեղ եղել եմ, տեսել եմ, փաստորեն իրենց կաթնամթերքն ավելի որակյալ է, ավելի թանկ է, բայց լցված է սկանդինավյան արտադրանքով շուկան: Դա ցույց է տալիս, թե ինչքան սին են այն երազանքները, որ ինչ-որ մեկը պատրաստ է իր տեղը զիջել, որ որևէ հայկական ապրանք գնա Եվրոպա: Շատ լուրջ խնդիր է այսօր լուծվում, դա, փաստորեն, Հայաստանի տնտեսական կազմաքանդումն է, քաղաքական առումով, գաղափարական ու սիմվոլիկայի առումով տեսնում ենք, հիմա էլ անցել են տնտեսությանը: Պատկերացրեք հետագայում ինչ է լինելու, եթե այդ մարդիկ, որոնց շնորհիվ այսօր գյուղերը շարունակում են գոյություն ունենալ, այդ աշխատող մարդկանց շնորհիվ, այդ գյուղերը դատարկվելու են, որվհետև աշխատանք չի լինելու, գնալու են այլ վայրեր, և իրենց փոխարեն գալու են հենց այդ 300 հազար ադրբեջանցիները, որոնց մասին մշտական խոսում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանք ունեն հատուկ ծրագրեր մախալների մասին, օրինակ ցույց են տալիս, որ այսպես կոչված Բասարգեչարի մախալում կան գյուղեր, որոնք սպասում են իրենց «իսկական տերերին»: Այսինքն, Արարատյան դաշտավայրը, որը բարվոք վիճակում է այսօր, նույն ճակատագրին պիտի արժանանա, որպեսզի այդ դատարկված գյուղերում բնակվեն այդ արդբեջանցիները: Սա շատ լուրջ խնդիրներ են, ու մարդիկ, ովքեր դրանք բացատրում են միայն տնտեսական բնույթով ու ասում են, որ երկու տարուց վիճակը կնորմալանա՝ շատ սխալվում են:
Վիճակը շատ լուրջ է, որովհետև Հայաստանն իրեն դարձրեց առաջնային ճակատ: Հենց Երևանից հնչեցին Զելենսկու այն հայտարարությունները, որ ինքը ռմբակոծելու է Մոսկվան և Հայաստանը` որպես հրավիրող, նախագահող կողմ ինչ-որ ձևով պետք է արձագանքեր դրան, ինչը չեղավ: Իսկ դա շատ լուրջ թշնամական քայլ էր: Շատ են խոսում հիբրիդային պատերազմի մասին, բայց հիբրիդային պատերազմը հենց այդպիսին է լինում, Հայաստանից այդպիսի ապռնալիքներ են հնչում:
-Իսկ ինչո՞ւ է ռուսական կողմը անընդհատ կարևորում հանրաքվեի անցկացումը: Մի՞թե իրենք չգիտեն, որ Փաշինյանը չի գնա այդ հանրաքվեին:
-Տրամաբանություն կա, եթե դու պիտի դիմես ԵՄ թեկնածու լինելու համար, այդտեղ քո ժողովրդի կարծիքը հարցնես, այս կողմից կա տրամաբանություն: Ուրեմն տեսեք, դիմելու համար նախ պետք է հասկանաս Եվրամիության կարծիքը, ինչը Փաշինյանն էլ է հասկանում՝ բացասական է: ԵՄ-ում համաձայն չեն, լավ, ժողովրդիցդ հարցրու, թող ժողովուրդդ ասի, բնական է, որ Պուտինի պահանջն ուղղակի արձանագրում է այն փակուղային վիճակը, որում ինքն իրեն դրել է Փաշինյանը: Գլխավոր պահանջն այստեղ հետևյալն է, ու տեսեք, թե Հայաստանն ինչ վիճակի մեջ է գցել Փաշինյանը: Բոլորը Հայաստանից պահանջում են՝ Ալիևը պահանջում է Սահմանադրություն փոխել, որը նույնպես հանրաքվեի խնդիր է: Պուտինը պահանջում է, որ հանրաքվեով որոշեն ինչ ես անում, այսինքն, նորից անելանելի վիճակի մեջ է գցում: Մի ճանապարհ կա Փաշինյանի համար՝ չեղարկել այն օրենքը, որ ընդունել էին ԵՄ անդամակցության հետ կապված, որովհետև դա ոչինչ չի տալիս, դա ուղղակի հայտարարություն է: Եթե այդ օրենքն ընդունել ես, ուրեմն բարի եղիր հանրաքվե անցկացրու, որպեսզի այդ բոլոր քայլերը փակես, ասես՝ մենք գնում ենք, սպասես, երբ Եվրոպան կընդունի:
-Ի՞նչ է մեզ սպասվում:
– Գիտեք, եթե ուրիշ իրավիճակ լիներ՝ ավելի հանգիստ, այսօր Եմ- Ռուսաստան կոնֆլիկտն էսկալացիայի է գնում և այդ կոնֆլիկտի մեջ փորձում են ներգրավվել նաև այլ երկրներ, օրինակ, Թուրքիային որպես ՆԱՏՕ պետություն, Ադրբեջանին, փորձ է արվում ստեղծել ևս մեկ ճակատ, որի մասին է կազմելու Հայաստանը: Ճիշտ է, Ռուսաստանը նման ձևով չի ասում, բայց Հայաստանը և Եվրամիությունը, բացահայտ հայտարարելով հիբրիդային պատերազմի մասին, փաստացի դրան են բերում: Եթե հիբրիդային պատերազմ է, բնական է, որոշակի քայլեր պիտի լինեն: Հանրաքվեի մասին խոսակցությունն իրականում ավելի խորքային պատճառներ ունի և այստեղ հարց է դրված, թե ինչու է Հայաստանը փորձում իրեն մեջտեղ գցել և առճակատման գծում կանգնել, թեև մենք ունենք Վրաստանի օրինակը, որը չի գնում նման քայլերի, կամ նույն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք չեն անցնում որոշակի գծեր, և, անգամ, կատարելով քայլեր, որոնք կարող են համարվել հակառուսական՝ համենայնդեպս ոչ ոք չի հայտարարում, որ իրենց դեմ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր