Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը

Thu, 17 Sep 2026 12:45:47 +0400


Թրամփի ուղու կառուցման երկու խոչընդոտ կա այս պահին` Ռուսաստանն ու Իրանը: Հատկապես Իրանի պահանջը, որ TRIPP-ի անվտանգությունը պիտի ապահովեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ արդեն տարածաշրջանում առկա երրորդ երկիրը՝ Ռուսաստանը, բայց ո՛չ ԱՄՆ-ն, խառնում է ոմանց խաղաքարտերը:

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ասում է. «Այստեղ Հայաստանի համար կա բավական լուրջ, միաժամանակ երկակի բնույթի վտանգ։ Իմ գնահատմամբ՝ Իրանի այս դիրքորոշման ամենակարեւոր ենթատեքստը ոչ այնքան TRIPP-ին դեմ լինելն է, որքան այն հարցը, թե ով է ստանում Սյունիքում անվտանգության եւ փաստացի վերահսկողության լծակը։ Իրանը սահման է գծում՝ ԱՄՆ-ն չպետք է լինի։ Իրանի մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այդ ճանապարհը մոտ է իր հյուսիսային սահմանին եւ կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։ Սակայն եթե TRIPP-ի անվտանգությունը հանձնվի Ռուսաստանին` Հայաստանի համաձայնությամբ եւ իրավական պայմանագրի հիման վրա, ստեղծվում է վտանգավոր նախադեպ. Սյունիքում կարող է ձեւավորվել իրավիճակ, երբ ճանապարհը Հայաստանի տարածքն է, բայց անվտանգության հիմնական երաշխավորը՝ օտար պետություն։ «Հայաստանի առջեւ կարող է առաջանալ ոչ թե տարածքային ինքնիշխանության ֆորմալ կորուստ, այլ ավելի նուրբ խնդիր՝ ինքնիշխանության պահպանման պայմաններում անվտանգության ոլորտում նոր կախվածություն։ Բայց հայկական ուժերի վերահսկողության տարբերակն էլ ունի իր վտանգը, չնայած թվում է, թե սա Հայաստանի համար լավագույն տարբերակն է։ Եթե TRIPP-ը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ դրա անվտանգությունն ապահովում են ՀՀ սահմանապահներն ու իրավապահ մարմինները, ապա Հայաստանն ամբողջ պատասխանատվությունն է վերցնում իր վրա։ Եթե TRIPP-ի նկատմամբ տեղի ունենա ահաբեկչական հարձակում, դիվերսիա, զինված միջադեպ կամ Իրանի կողմից սպառնալիք, միջազգային պատասխանատվության եւ անվտանգության հիմնական բեռն ընկնելու է Երեւանի վրա։ Ուստի հայկական վերահսկողությունը պետք է ուղեկցվի ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական, տեխնոլոգիական եւ միջազգային անվտանգության երաշխիքներով»,- շեշտում է միջազգայնագետը:

Նա կարծում է, որ Ռուսաստանի կողմից TRIPP-ի անվտանգության ապահովումը վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում` Ռուսաստանը կստանա Սյունիքի նոր ռազմավարական հանգույցի վրա ազդեցության օրինականացված մեխանիզմ եւ կարող է դառնալ Հայաստանի անվտանգության գործընկեր, TRIPP-ի անվտանգության մասնակից, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կողմ, տարածաշրջանային հաղորդակցության վերահսկողության կարեւոր դերակատար։ «Այսինքն՝ Մոսկվան կարող է ստանալ մի քանի դերերի համատեղում` մեկ աշխարհագրական կետում։ Սա արդեն շատ ավելի մեծ հարց է, քան պարզապես ճանապարհի անվտանգությունը։ Եվ այստեղ է Իրանի դիրքորոշման ամենահետաքրքիր հակասությունը։ Իրանը ցանկանում է կանխել ամերիկյան ռազմավարական ներկայությունն իր հյուսիսային սահմանին, իսկ եթե դրա փոխարեն Սյունիքում ամրապնդվի Ռուսաստանի ներկայությունը, Հայաստանը կարող է հայտնվել ռուս-իրանական ռազմավարական համաձայնության գոտում։ Այսինքն՝ ԱՄՆ-ի ազդեցությունը նվազում է, Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը հարաբերականորեն մեծանում է։ Եվ այստեղ Հայաստանի շահը կարող է չհամընկնել ոչ մեկի շահի հետ։ Հայաստանի համար ցանկալի չէ, որ Սյունիքը դառնա ԱՄՆ-Ռուսաստան-Իրան աշխարհաքաղաքական մրցակցության կառավարվող տարածք։ Հայաստանի շահը պետք է լինի հակառակը՝ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածք է, իսկ այնտեղով անցնող միջազգային ենթակառուցվածքը գործում է Հայաստանի օրենքներով եւ Հայաստանի վերահսկողությամբ»:

Բայց Իրանի այս դիրքորոշումը կարող է որոշակի պայմաններում օգնել Հայաստանին։ «Թեհրանը փաստացի ընդունում է մի սկզբունք, որը Երեւանի համար շատ կարեւոր է՝ TRIPP-ը պետք է գտնվի Հայաստանի անվտանգության համակարգի ներքո, այլ ոչ թե լինի արտատարածքային միջանցք։ Եթե ասում է՝ «հայկական ուժերը կարող են ապահովել անվտանգությունը», դա անուղղակիորեն նշանակում է, որ Իրանն ընդունում է Հայաստանի տարածքային եւ իրավական վերահսկողությունը։ Սա Հայաստանի համար դիվանագիտական կարեւոր ձեռքբերում կարող է դառնալ։ Բայց կա ավելի խորքային վտանգ. եթե Իրանը կարողանա իր դիրքորոշումը դարձնել TRIPP-ի իրականացման նախապայման, ապա Հայաստանը կարող է հայտնվել 3 ուժերի միջեւ՝ ԱՄՆ-ն ցանկանում է ռազմավարական ներկայություն եւ ազդեցություն, Ռուսաստանը ցանկանում է պահպանել-վերականգնել իր տարածաշրջանային դերակատարումը, Իրանը ցանկանում է թույլ չտալ ամերիկյան ներկայություն իր հյուսիսային սահմանին, իսկ մեջտեղում գտնվում է Հայաստանը՝ Սյունիքով։ Այս իրավիճակում ամենավտանգավոր սցենարն այն է, որ Հայաստանը կդառնա ոչ թե խաղի նախաձեռնող, այլ անվտանգության մեխանիզմի օբյեկտ։ Երեւանի համար ամենաճիշտ դիրքորոշումը պետք է լինի. ո՛չ ամերիկյան, ո՛չ ռուսական, ո՛չ իրանական վերահսկողություն, 100% հայկական իրավական եւ ֆիզիկական վերահսկողություն։ Սահմանապահ ծառայությունը, ճանապարհային ոստիկանությունը, մաքսային վերահսկողությունը, իրավապահ մարմինները՝ ՀՀ կողմից, ենթակառուցվածքի սեփականության/կառավարման իրավական հիմքը՝ ՀՀ օրենսդրությամբ, միջազգային ներդրողները՝ միայն ՀՀ համաձայնությամբ։ Իսկ ԱՄՆ-ն կարող է մասնակցել ֆինանսավորմանը, ներդրումներին, տեխնոլոգիային, տնտեսական կառավարմանը, առանց ռազմական կամ արտատարածքային անվտանգության դեր ստանձնելու։ Սա Հայաստանի համար ամենաբալանսավորված մոդելն է»,- նկատում է Կարապետյանը:

Ամենավտանգավորը կլինի այն սցենարը, եթե TRIPP-ը վերածվի մի համակարգի, որտեղ Հայաստանը պահպանում է տարածքի անվանական ինքնիշխանությունը, բայց անվտանգության իրական որոշումների վրա ազդեցությունը փոխանցվում է Ռուսաստանին կամ որեւէ այլ արտաքին ուժի։ Քաղաքագետը 4 սկզբունք է առաջարկում․ Իրանին՝ «TRIPP-ը ձեր դեմ ուղղված նախագիծ չէ», ԱՄՆ-ին՝ «տնտեսական ներկայություն կարող է լինել, ռազմական վերահսկողություն՝ ոչ», Ռուսաստանին՝ «կարող եք լինել գործընկեր, բայց ոչ Սյունիքի անվտանգության բացառիկ կառավարիչ», Ադրբեջանին՝ «ճանապարհն անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքով եւ գործում է ՀՀ իրավազորության ներքո»։ Այս սկզբունքները պահպանելու դեպքում TRIPP-ը կարող է Հայաստանի համար դառնալ ինքնիշխանության ամրապնդման գործիք։ Հակառակ դեպքում այն կարող է վերածվել Սյունիքի նկատմամբ արտաքին ազդեցության նոր մեխանիզմի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը Thu, 17 Sep 2026 11:15:27 +0400 Մեզ պատմեցին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով