Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Ես մեղավոր չեմ. ժողովուրդն այդպես ուզեց

Ես մեղավոր չեմ. ժողովուրդն այդպես ուզեց

Thu, 29 Oct 2026 18:15:13 +0400


Իգորն արցախցի է եւ իր ընտանիքի հետ արդեն երկուսուկես տարի ապրում է Ռուսաստանի Դաշնության Էսենտուկի քաղաքում: 2023 թվականի մեծ գաղթի ժամանակ նա թողել է իր երկհարկանի տունը Ստեփանակետում եւ գաղթել Երեւան: 6 ամիս ապրել է Երեւանում, սակայն չի կարողացել աշխատանք գտնել: Մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, Երեւանում մրցակցությունը մեծ է եղել, շուկան՝ գերհագեցած, ինքն էլ՝ առանց միջոցների եւ անհրաժեշտ գործիքների: Ծանոթներից մեկն օգնել է հասնել Ռուսաստան, որտեղ ինքը, կինը եւ տղան աշխատանք են գտել, ճիշտ է՝ ոչ ըստ մասնագիտության՝ սպասարկման ոլորտում, տուն են վարձել եւ կամաց-կամաց հարմարվում էին նոր պայմաններին: Բայց հիմա նորից են մտածում ճամպրուկները կապելու եւ Հայաստան վերադառնալու մասին: Փաշինյանի քաղաքականությունը նրանց հանգիստ ապրելու հնարավորություն չտվեց Արցախում, հիմա այդ նույն քաղաքականությունը չի թողնում աշխատել եւ ապրել Ռուսաստանում: Ռուսաստանում ապրող տասնյակ եւ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ հայտնվել են ծանր մտածմունքի մեջ՝ ինչ է լինելու հունվարի 1-ից հետո, ինչ անել:

Մարդիկ սկսել են հասկանալ, որ 2026 թվականի դեկտեմբերին Հայաստանին կարող են հեռացնել ԵԱՏՄ-ից (անդամությունը կասեցնել, սառեցնել՝ ձեւակերպումը կարեւոր չէ), եւ դրա արդյունքում տուժելու են ոչ միայն Հայաստանում ապրող մարդիկ, այլեւ Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիները: Իգորը մտահոգված է, որ երբ դա տեղի ունենա, իրենք ստիպված են լինելու ամսական վճարել հավելյալ 9 հազար ռուբլի՝ մոտ 40 հազար դրամ միգրացիոն վճար: Այդ վճարը գանձվում է յուրաքանչյուր աշխատանքային միգրանտից՝ լինի նա Հնդկաստանից, Ուզբեկստանից, թե Տաջիկստանից: Միգրացիոն վճար չի գանձվում միայն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից, իսկ հունվարից Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԵԱՏՄ անդամ, եւ դրա արդյունքում ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիները կզրկվեն այդ արտոնությունից: Իգորի աշխատավարձը բարձր չէ՝ 50 հազար ռուբլի է ստանում տղան, կինը՝ ավելի քիչ: Ասում է, որ եթե իրենց աշխատավարձը նվազի 9 հազարով, իրենց կյանքի պայմաններն էականորեն կվատանան: Մտավախություն ունեն, որ հունվարից հետո ոչ միայն ստիպված կլինեն նման վճար տալ, այլեւ հավելյալ խստացումներ կլինեն: Իրենք Ռուսաստանում մեքենա են գնել, հիմա մտածում են, որ եթե սպասեն Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելուն, ստիպված կլինեն Հայաստան գալու դեպքում մեքենան էլ մաքսազերծել: Փաշինյանի քաղաքականությունը հարյուր հազարավոր մարդկանց դրել է ծանր ապրումների եւ անորոշության մեջ: Հայաստան գալը միակ լուծումն է, բայց Հայաստանում բնակարանների վարձակալության եւ գնման գներն աստղաբաշխական են, սոցիալական ապահովություն եւ պետական աջակցություն չկա, մասնագիտությամբ աշխատանք գտնելն անհնար է:

Գայանե Պողոսյանն ընտանիքի հետ արդեն վերադարձել է Ռուսաստանից, մասնագիտությամբ բժիշկ-գինեկոլոգ է, 10 տարուց ավելի աշխատել է Մոսկվայի լավագույն կլինիկաներում, բայց Հայաստանում բժիշկների պահանջարկ չկա, այստեղ բժշկական համալսարան ավարտածներն են անգործ: Եվրոպա կամ ԱՄՆ գնալ չեն կարող՝ հիմա այնտեղից են ՀՀ քաղաքացիներին ստիպողաբար արտաքսում Հայաստան, որը Փաշինյանը ներկայացնում է որպես իր իշխանության ձեռքբերում, թե իբր ներգաղթ է տեղի ունենում:
Ցանկացած նորմալ երկիր մտածում է իր քաղաքացիների մասին, անգամ երբ նրանք արտերկրում են: Հայաստանն արդեն 35 տարի ապրում եւ զարգանում է հիմնականում արտերկրում ապրող քաղաքացիների կողմից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների շնորհիվ: Դրանց մեծ մասը Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների գումարներն են՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար: Փոխանակ շնորհակալություն հայտնելու եւ այդ մարդկանց մասին մտածելու, նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծվում:

Վաղը, երբ գազը թանկանա, երբ ապրանքների արտահանման արգելքներն ավելանան, երբ տասնյակ եւ գուցե հարյուր հազարավոր մարդիկ ստիպված լինեն Ռուսաստանից հետ գալ Հայաստան, Փաշինյանն ասելու է՝ ես ի՞նչ մեղավոր եմ, այդ օրենքը՝ ԵՄ-ին անդամագրվելու մեկնարկի, ընդունվել է քաղաքացիական նախաձեռնության արդյունքում, քաղաքացիներն են ուզել: Մի քանի կուսակցություն է նախաձեռնել, 50 հազար մարդ էլ ստորագրել է դրա տակ, ՔՊ-ն ընդառաջ է գնացել քաղաքացիների ցանկությանը: Զրո կամ դրան մոտ տոկոս վարկանիշ ունեցող «Հանրապետություն» կուսակցությունը եւ նրա նմանները խաբել են մարդկանց` խոստանալով առանց վիզայի Եվրոպա գնալու հնարավորություն, իսկ փոխարենը ստանում ենք գազի գնի թանկացում, ապրանքների արտահանման սահմանափակումներ, աղքատություն, մարդկանց տեղահանություն եւ իրենց բնակության երկրներից արտագաղթ: Բայց Փաշինյանն ի՞նչ մեղք ունի` քաղաքացիներն են այդպես ուզել, ինքն էլ հրահանգել է ՔՊ խմբակցությանը՝ քվեարկել հօգուտ քաղաքացիների պահանջի կատարման:

Մի բան էլ. երբ Ռուսաստանը խստացնի ՀՀ քաղաքացիների նկատմամբ միգրացիոն կանոնները, եւ նրանք ստիպված լինեն լքել ՌԴ տարածքը, Փաշինյանը կհայտարարի, որ դա Հայաստանն ապակայունացնելու չորրորդ փորձն է: Որ Ռուսաստանն այդ մարդկանց ուղարկում է, որ այստեղ իշխանափոխություն անեն, իրեն զրկեն իր պաշտելի վարչապետական աթոռից: Այնպես որ, այդ մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ կերակրել ու պահել են Հայաստանը, կհայտարարվեն ազգի ու պետականության թշնամի եւ կարժանանան թշնամական վերաբերմունքի, այնպես, ինչպես արցախահայերը: Հարյուր հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ հայտնվել են մի մարդու գերության մեջ, հայրենազրկվում, ունեզրկվում, տանջվում ու տառապում են` հանուն այն բանի, որ նա նստած լինի այդ աթոռին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան Thu, 29 Oct 2026 08:45:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով