Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, երբ ասվում է մի բան, արվում՝ այլ բան

«Հրապարակ». Երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, երբ ասվում է մի բան, արվում՝ այլ բան

Wed, 05 Aug 2026 11:45:55 +0400


Օգոստոսի 2-ին նախ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, ապա Նիկոլ Փաշինյանը բավականին տարօրինակ ուղերձներով հանդես եկան: Ռուբինյանը կոչ արեց խորհրդարանական ընդդիմությանը` պահպանել բարեկրթության կանոնները եւ զրոյական կետից սկսել աշխատանքն ԱԺ-ում, իսկ Նիկոլ Փաշինյանը գնաց նախագահական նստավայր` Վահագն Խաչատուրյանից անձամբ ստանալու իր նշանակման հրամանագիրը, եւ այնտեղ տարօրինակ հայտարարություն արեց.

«Հույս ունեմ, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների եւ ոչ թե անձանց բախման միջավայր կլինի: Այսօր էլ տեսա, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց՝ ցուցաբերելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատրաստակամությունը՝ խորհրդարանում աշխատել առանց անձնական եւ անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի եւ վիրավորանքի տրամաբանությունից դուրս: Իհարկե, բանավեճերը պետք է եւ կլինեն սուր, բայց շատ կարեւոր է, թե սրությունն ինչի մասին է, սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի եւ ոչ թե փոխադարձ թիրախավորումների»:

Երեւի այս մարդիկ թիթեռնիկի կամ գուպի ձկան հիշողություն ունեն կամ էլ հանրությանն են հիմարի տեղ դրել: Ամիսներ, անգամ տարիներ շարունակ հայհոյանք, ատելության խոսք, վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչեցրել ընդդիմադիրների, նրանց արժեքների, նրանց կողմից հարգված անձանց եւ ինստիտուտների հասցեին, իսկ հիմա եկել` կոչ են անում, թե եկեք բարեկիրթ լինենք, «անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի եւ վիրավորանքի տրամաբանությունից» դուրս գանք:

Ասենք, երբ ամիսներ շարունակ հայհոյում էին Սամվել Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին, երբ սպառնում էին «վատ օրեր» բերել ընդդիմադիր պատգամավորների գլխին, անգամ ֆիզիկական հաշվեհարդարի եւ «վենդետայի» սպառնալիքներ էին հնչեցնում, չէի՞ն մտածում, որ կարելի է բարեկիրթ ու օրինավոր լինել: Կարծում են, որ ինչ ասես, կարող են ափեղ-ցփեղ խոսել, հետո կոչ անել, թե եկեք համագործակցենք ու խաղաղ գոյատեւենք: Երբ քաղաքական հետապնդումներ են իրականացնում, տարիներով զրկում ընդդիմադիր գործիչներին բնականոն կյանքով ապրելու իրավունքից ու հիմա էլ մեծ ինտենսիվությամբ բռնում են ընդդիմադիրներին, ապօրինաբար բանտ նստեցնում, զրկում խոսքի իրավունքից, փորձում խլել նրանց ունեցվածքը, տեռորով ցուցմունքներ կորզում նրանց դեմ, ընտրությունների արդյունքները խեղաթյուրում եւ մի ողջ կուսակցություն դուրս թողնում խորհրդարանից, չե՞ն մտածում, որ դա ապականում է երկրի մթնոլորտը:

Խաղաղ գոյակցություն եւ կառուցողական աշխատանք ցանկացող իշխանությունն Ավետիք Չալաբյան ու Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան ու Արեգնազ Մանուկյան չի կալանավորում, 7 ամիս տնային կալանքի տակ չի պահում պրոֆեսոր Խաչիկ Մանուկյանին, Բագրատ եւ Արշակ սրբազաններին, վերջապես` չի հրաժարվում ազատ արձակել եւ շարունակում է օրենքի կոպտագույն խախտմամբ տնային կալանքի մեջ պահել պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող Արթուր Սարգսյանին: Ի բարօրություն երկրի աշխատող իշխանությունը համալսարաններից չի ազատում բոլոր անկախ դասախոսներին, չի դադարեցնում նրանց պայմանագրերը, աշխատանքից չի ազատում ընդդիմադիրների հարազատներին եւ այլն, եւ այլն:
Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ես հիմա էլ եմ ազատ եւ միշտ լինելու եմ ազատ

«Հրապարակ». Ես հիմա էլ եմ ազատ եւ միշտ լինելու եմ ազատ Wed, 05 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով