Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Թուրքերը վայնասուն են բարձրացրել՝ Թալեբը հանուն Վարդանյանի չի դասախոսել Բաքվում

Թուրքերը վայնասուն են բարձրացրել՝ Թալեբը հանուն Վարդանյանի չի դասախոսել Բաքվում

Thu, 06 Aug 2026 12:45:10 +0400


Օրերս հանրահայտ «Սեւ կարապը», «Հակափխրունություն» եւ «Պրոկրուստյան մահիճ» գրքերի հեղինակ, լիբանանյան ծագմամբ ամերիկացի մտածող, փիլիսոփա, ակնարկագիր եւ մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտարարեց, որ մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու առաջարկը։

«Ինձ խնդրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես մերժեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող վարձատրության չափը՝ չգիտակցելով իմ բարոյական սկզբունքները՝ կարծելով, թե այն ինչ-որ բան կփոխի),- X-ում գրել է Թալեբը՝ եզրափակելով։- Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»։
Աշխարհահռչակ փիլիսոփան նաեւ արձագանքել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան նախկինում մեջբերել է իր մտքերը՝ նշելով, որ դա որեւէ պարտավորություն չի ստեղծում իր համար։ «Ես անշարժ գույքի վաճառող չեմ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թալեբը 2023 թվականի նոյեմբերին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության եւ գործարարության օրեր 2023» համաժողովին։ Այցի ընթացքում նրան ընդունել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը նաեւ խմբագրել է Թալեբի մի շարք աշխատությունների հայերեն թարգմանությունները։ Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Թալեբն անդրադարձել էր նաեւ սփյուռքի, մասնավորապես՝ հայկական սփյուռքի թեմային՝ նշելով, որ, լինելով լիբանանյան ծագմամբ, սերտ կապեր ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բնականաբար սպասելի էր, որ հանրահայտ գիտնականի այս հայտարարությունը մեծ վայնասուն կբարձրացնի թե՛ Բաքվում եւ թե՛ Անկարայում։ Այսպես, թուրքական արմատներ ունեցող ամերիկացի քիմիկոս, ինժեներ եւ ձեռնարկատեր Էրգյուն Քըրլիկովալին որոշել է բաց նամակ հղել Թալեբին եւ դեռ մի բան էլ բարոյախրատական կոչեր հնչեցնել։ Այս անձը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ամերիկյան B-2 Spirit եւ F-35 Lightning II գաղտնի կործանիչների համար եզակի պոլիմերային ծածկույթներ մշակելու համար։ Բայց սա դեռ նրան իրավունք, հատկապես բարոյական իրավունք չի կարող վերապահել՝ հանդիմանելու մարդասեր ու արդարամիտ մտավորականին՝ Թալեբին։ Իսկ ի՞նչ է գրում Քըրլիկովալին իր բաց նամակում․ «Իմ կարծիքով, դարձել եք հանգամանորեն մշակված պատրանքի զոհ»։

Այս բարբաջանքից հետո նաեւ հավելել է, թե «Վարդանյանի հանրային կերպարը՝ որպես բարեգործի, դարձել է մի տեսակ «խոսույթային վահան», որը թաքցնում է նրա երկարատեւ գործունեությունը, որը կապված է անօրինական ֆինանսական սխեմաների եւ աշխարհաքաղաքական անկայունացման հետ»։ Ինչպես ասում են՝ վարագույր։

Ցածրամիտ եւ կանխակալ թուրք-ամերիկացի գործչի բաց նամակի առանձին բաժին էլ նվիրված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո տեղի ունեցած իրադարձություններին: Ինքը դառնալով իր իսկ վկայաբերած լավ մշակված պատրանքի զոհը՝ նշում է, որ «Ռուբեն Վարդանյանը ներառվել է մի քանի միջազգային պատժամիջոցների եւ մոնիթորինգի ցուցակներում՝ Ռուսաստանի ռազմական նպատակներին աջակցող արդյունաբերական ոլորտներին նյութական, տեխնիկական եւ լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար»։

«Երբ դուք պահանջում եք խիստ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձի անվերապահ ազատ արձակումը, դուք արդյունավետորեն պաշտպանում եք տարածաշրջանային բռնությունը խթանող ֆինանսական մեխանիզմները»,- շարունակում է ցնդաբանել պարապախոս նամակագիրը։ Քըրլիքովալին հընթացս «արցունք է թափում Ադրբեջանի կրած ողբերգությունների եւ Թալեբի կողմից դրանք անտեսելու համար»։ Ապա, եզրափակելով իր խոսքը, կոչ է անում Թալեբին՝ հրաժարվել Վարդանյանի նկատմամբ իր «հուզական ընկալումից եւ իր աշխատանքում կիրառել նույն քննադատական մոտեցումը, որը փիլիսոփային համաշխարհային ճանաչում բերեց»։

Եվ ո՞վ է խոսում արդար մոտեցումից ու հուզականությունից։ Սիամանթոն հրաշալիորեն տվել է այդ հարցի պատասխանը՝ Օ, մարդկային արդարություն, թող ես թքեմ քո ճակատին․․․Բա՛ց ճակատին, առանց բաց նամակի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկանդալ Բաքվում․ ադրբեջանցու հետ գոտեմարտում վիճահարույց որոշումից հետո հայ ըմբիշը նվաճեց բրոնզը

Սկանդալ Բաքվում․ ադրբեջանցու հետ գոտեմարտում վիճահարույց որոշումից հետո հայ ըմբիշը նվաճեց բրոնզը Thu, 30 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով