Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Մի քանի հանգամանք է ազդել վարձով տների գնաճի վրա

«Հրապարակ». Մի քանի հանգամանք է ազդել վարձով տների գնաճի վրա

Wed, 12 Aug 2026 12:15:08 +0400


Վերջին շրջանում Հայաստանում նորից վարձով տրվող բնակարանների գների աճ է նկատվում՝ պայմանավորված Ռուսաստանից եւ ԵԱՏՄ այլ երկրներից դեպի Հայաստան մեծ հոսքով։ Սոցիալական ցանցերում դժգոհություններ են հնչում, որ, ռուսների ժամանելուն զուգահեռ, Հայաստանում վարձով բնակարանների գները նորից թանկացրել են։ Ֆեյսբուքում կան խմբեր, էջեր, որոնց միջոցով մարդիկ վարձով բնակարան են փնտրում կամ առաջարկում։ Այդ էջերում ամեն օր տասնյակներով հայտարարություններ են տեղադրվում։
Վարձով տների արժեքը, ըստ այդմ, սկսվում է նվազագույնը 170 հազար դրամից։ Բողոքողներն ասում են՝ երբեմն էլ վարձով բնակարան փնտրողներն են «խանգարում» մատչելի գնով բնակարաններ գտնել, որովհետեւ նախապես իրենք են գին հայտարարում, որը պատրաստ են վճարել։ Միջնորդի օգնությամբ բնակարան գտնելու դեպքում էլ ստիպված են մեկ ամսվա վարձավճարի չափով նրանց էլ վճարել։

Անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞վ է պայմանավորված վարձով բնակարանների գների աճը: Մեր զրուցակիցն ասում է, որ դա մի քանի պատճառ ունի. «Սովորաբար օգոստոսին է լինում տուրիստական շրջանի պիկը, եւ այդ ամենին էլ գումարած՝ ուսանողները հենց օգոստոս ամսին են սկսում բնակարաններ փնտրել, որովհետեւ ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերին: Ռուս-ուկրաինական պատերազմն էլ այս ընթացքում թեժացել է, Ռուսաստանում կա մեծ աղմուկ, որ սեպտեմբերին կարող է մեծ մոբիլիզացիա տեղի ունենալ, այս ամենն էլ իր հերթին նպաստում է, որպեսզի մարդիկ գան, Հայաստանում բնակվեն: Ռուսական մեդիայում վերջին տասն օրվա ընթացքում տեղեկություններ կան, որ ռուսաստանաբնակները սկսել են մեծ թվով անշարժ գույք փնտրել Հայաստանում: Ռուսների համար պահանջված ուղղություններից մեկը Հայաստանն է: Մարդկանց գիտակցության մեջ մտել է, որ Հայաստանն ապահով վայր է ապրելու համար, հարմար է եւ այլն: Սա եւս նպաստում է վարձով տների գների բարձրացմանը: Ռուսները բնակարաններ են վարձակալում 2-3 ամսով կամ ավելի երկարաժամկետ: Մի քանի այսպիսի հանգամանք ազդել է գների վրա, այդ պատճառով էլ գները բարձրացել են: Այնուամենայնիվ, կա վիճակագրություն, որ ամեն տարի այս շրջանում զբոսաշրջիկների թիվը Հայաստանում մեծանում է: Միեւնույն ժամանակ Հայաստանում մեծ հյուրանոցներ չեն կառուցվում, եւ այդ ամենի ֆոնին տուրիստների թիվը հազարներով, անգամ տասնյակ հազարներով ավելանում է: Ի դեպ, շատ ռուսներ Հայաստանում բնակարաններ են գնում, տալիս են վարձակալության եւ իրենք վերադառնում են Ռուսաստան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Երեմյանի պաշտոնին դեռ փոխարինող չեն նշանակել, կրթահամալիրում անհանգիստ են

«Հրապարակ». Երեմյանի պաշտոնին դեռ փոխարինող չեն նշանակել, կրթահամալիրում անհանգիստ են Tue, 11 Aug 2026 09:45:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով