Կիրակի , 16 Օգոստոսի 2026

ՔՊ-ի հաղթահարած աղքատության զոհերը

ՔՊ-ի հաղթահարած աղքատության զոհերը

Sun, 16 Aug 2026 13:15:22 +0400


«Հրապարակը» երեկ գրել էր, որ արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված՝ ցնցել էր համացանցը։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»:

Հենց այսպիսի իրավիճակում են գտնվում պետական համապատասխան հաստատության վերահսկողության տակ գտնվող անձինք ու եթե չլիներ այս բարի մարդը, հնարավոր չէ պատկերացնել, թե հոր և որդու վիճակն ինչպիսին կլիներ: Իսկ քանի՞ այսպիսի մարդ կա Հայաստանում:

Հիշեցնեմ, որ ՔՊ-ական «կարկառունները» հայտարարում են, որ Հայստանում ծայրահեղ աղքատություն արդեն չկա։ Միգուցե պատճառն այն է, որ այդ ծայրահեղ աղքատությունն էլ հենց այս հոր և իր որդու գլխում է ու իրենք դրանից ոչ մի կերպ չե՞ն կարողանում ազատվել: Այնուամենայնիվ, ծայրահեղ աղքատությունից ազատվելու մասին ճոռոմ-ճոռոմ խոսացող ՔՊ-ականները, որ կրկնապատկել են ՀՀ արտաքին պարտքն ու հասցրել իրենց «թույն» արտաքին քաղաքականության շնորհիվ կարելի է ասել »ասֆալտին փռել» ՀՀ գյուղատնտեսության որոշ առանցքային ոլորտներ, առանց ամաչելու փորձում են մեզ համոզել՝ ծայրահեղ աղքատներ Հայաստանում չկան։

Ինչ խոսք, հիշողությունը որոնց մոտ կարճ է, ու ստիպված ենք որոշակի թվերով թարմացնել ոմանց հիշողությունը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի (Արմստատ) ամենաթարմ ամփոփիչ տվյալների համաձայն Հայաստանի բնակչության 0.6%-ը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։ Այս ցուցանիշը ներառված է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերջնական պաշտոնական զեկույցում: Հայաստանի ամենաաղքատ մարզերն են Տավուշի և Շիրակի մարզերը: Համաշխարհային բանկի (World Bank) տվյալներով՝ Հայաստանում միջազգային չափանիշներով հաշվարկված ծայրահեղ աղքատության մակարդակը բավականին ցածր է և կազմում է շուրջ 1.1% – 1.9% Ծայրահեղ աղքատները, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 18 000 մարդ է, սակայն չենք կարող բացառել, որ նրանց թիվն իրականում շատ ավելին է: Ծայրահեղ աղքատ համարվում են այն մարդիկ, ում ամսական սպառումը կազմում է 29 196 դրամ, ինչը բավարար չէ օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն կալորիաներով սննդի ձեռքբերման համար: Ի դեպ, սա նշանակում է, որ ծայրահեղ աղքատ մարդը օրական 970 դրամ է ծախսում: Համեմատության համար դիտարկենք Ուգանդայի ծայրահեղ աղքատի օրական ծախսի գումարը՝ օրական 1.90 դոլար է կազմում՝ շուրջ 695 հայկական դրամ: Սա նշանակում է, որ Ուգանդայի ծայրահեղ աղքատ համարվող մարդն օրական ծախսում է մոտ 250 դրամով պակաս, քան Հայաստանի ծայրահեղ աղքատ քաղաքացին:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կարելի է գնել Հայաստանում 970 դրամով Հայաստանում՝

Տարբերակ առաջին՝
1 հաց ՝ 160–200 դրամ
1 կգ կարտոֆիլ՝ 250–300 դրամ
1 կգ սոխ ՝ 250–300 դրամ
Ընդհանուր ծախսը կազմում է մոտ 700–800 դրամ, և մնում է 150-200 դրամ:

Տարբերակ երկրորդ՝
1 հաց՝180 դրամ
1 տուփ մակարոնեղեն՝ 350–400 դրամ
1 հատ հավկիթ՝ 60–70 դրամ
Ծախսը կազմում է մոտ 600–650 դրամ:

տարբերակ երրորդ՝
1 հաց՝ 180 դրամ
1 լիտր կաթ՝ 400–450 դրամ
100 գրամ հալված կամ հասարակ պանիր (կշռով)՝ 300-350 դրամ
Ծախսը կազմում է մոտ 900–950 դրամ:

Այնինչ, այս գումարով հնարավոր չէ գնել մսամթերք: Հիշեցնենք, որ անկառավարելի գնաճի պայմաններում 1 կգ տավարի կամ խոզի միսն արժե 3,500–5,000 դրամ լավագույն դեպքում, իսկ հավի միսը՝ 1,500–2,500 դրամ: Արևածաղկի ձեթի մեկ լիտրն արժե նվազագույնը 700–900 դրամ, դե թարմ րգերի ու բանջարեղենի մասին, կարծում եմ, չարժե նույնիսկ հիշատակել: Ստացվում է, որ 970 դրամը բավականացնում է միայն օրգանիզմը սովից փրկելու համար, բայց հասկանում ենք չէ, որ նույնիսկ ամենաառողջ մարդը այս սնունդի երկարատև ընդւոնումից հետո տարատեսակ լրջագույն առողջական խնդիրներ է ձեռք բերելու, որոնք էլ ավելի են խորանալու, որովհետև մարդիկ պարզապես ի վիճակի չեն լինելու ոչ միայն բժշկի գնալու, այլև բուժում ստանալու ու հասարակ դեղամիձոցներ ձեռք բերելու համար. կոմունալներ, հագուստ, հիգիենայի պարագաներ ու այլ ծախսերի մասին չենք խոսում՝ պ ատկերը չափազանց սարսափելի կլինի:

Ընդ որում, կարճ հիշողություն ունեցողներին հիշեցնենք, որ ծայրահեղ աղքատության հիմանական թիրախային խմբերն են բազմազավակ ընտանիքները, ծերերը, ինչպես նաև պատերազմների մասնակիցները, որոնք հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամության տարբեր աստիճաններ են ստացել:

Հենց այսպես են Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ն «հաղթահարել» ծայրահեղ աղքատությունը Հայաստանում՝ մի մասը սովամահ են լինում, մյուս մասը կիսասովահար վիճակում գոյատևում են, մինչև արմավիրցի հոր ու որդու վիճակին հասնելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայրն անհետացել է, որդուն տարել են հիվանդանոց․ ինչ վիճակում են արմավիրցի տղամարդիկ

Հայրն անհետացել է, որդուն տարել են հիվանդանոց․ ինչ վիճակում են արմավիրցի տղամարդիկ Sat, 15 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով