Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

«Հրապարակ». 20 միլիոն դրամը՝ ուր, 300 հազարը՝ ուր

«Հրապարակ». 20 միլիոն դրամը՝ ուր, 300 հազարը՝ ուր

Wed, 19 Aug 2026 13:15:13 +0400


ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը որոշել է հայ հանրությանը զարմացնել իր մտքի փայլատակումներով: Նա պարբերաբար ինչ-որ մանիպուլյատիվ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հնչեցնում ամբիոնից: Օրինակ, վերջերս հայտարարել էր, որ Հայ առաքելական եկեղեցին պետությանը հարկեր չի վճարում, այն դեպքում, երբ եկեղեցին միլիոնավոր հարկեր է վճարում պետությանը, ինչը հրապարակված է բաց աղբյուրներում: Իրեն չարենցագետ հռչակած պատգամավորն օրեր առաջ էլ հայտարարել է, որ մեկ աշակերտի համար պետությունը 20 միլիոն դրամ է ծախսում, ինչն ահռելի գումար է անգամ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ արեւմտյան առաջադեմ պետությունների համար, որտեղ նշված թվից մի քանի անգամ քիչ են ծախսում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի նման աղքատ երկրում 20 միլիոն դրամ են հատկացնում մեկ աշակերտի համար: Մեր տեղեկություններով, ՀՀ պետբյուջեով մեկ աշակերտի վրա ծախսվում է ընդամենը մոտ 300 հազար դրամ գումար:

Իսկ ինչ-որ հրաշքով պատգամավորի աթոռին հայտնված տիկինն ասում է. «Ոսկեպարի եկեղեցի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր փրկած ընդդիմությունը հիմա էլ փրկում է փակվող 229 դպրոցները: Առաջարկում եմ՝ սեպտեմբերի 1-ին գնանք այդ փակված դպրոցները, ռիլեր անենք, տեսնենք` ոնց է փակված: Կգա սեպտեմբերի 1-ը, կտեսնենք»: Ապա ՔՊ-ական պատգամավորը որոշեց «անկեղծ լինել». «Հայաստանում, Երեւանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ: Ժողովուրդ, եթե էդ 20 միլիոնը տանք էդ երեխայի ծնողին, իրենց գյուղի դպրոց կտանի՞: Օպտիմալ ա պետք ծախսել էդ գումարը; Մենք 20 միլիոնի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք այդքան գումար»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է, որ Թագուհի Ղազարյանի ասած 20 միլիոնը` մեկ աշակերտին ուղղված, վերաբերում է բացառապես այն դպրոցներին, որտեղ 2-3 աշակերտ է սովորում: Կրթության փորձագետը կարծում է, որ իշխանական պատգամավորի հայտարարության տողատակերում փոքր դպրոցները լուծարելու եւ այլ դպրոցների միավորելու հարցն էր. «20 միլիոն դրամ` մեկ աշակերտի համար, հատկացվում է միայն այն դեպքում, երբ դպրոցում սովորում է 2-3 աշակերտ: Մեզանում այդպիսի դպրոցներ կան` քիչ, բայց կան: Նման դպրոցներում էլ` անկախ աշակերտաքանակից, հարկավոր են ուսուցիչներ բոլոր առարկաներից անխտիր: Չի կարող պետությունն ասել` այդ դպրոցում սովորում է երկու երեխա, ուրեմն մաթեմատիկայի կամ անգլերենի ուսուցիչ հարկավոր չէ: Ուստի 50 հոգանոց դպրոցն էլ, 2 հոգանոց դպրոցն էլ ունենում են նույն քանակությամբ ուսուցիչներ: Երբ աշակերտների թիվը փոքր է, ծախսը մեծանում է: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում կար մի դպրոց, որտեղ սովորում էր երկու աշակերտ: Այդ դպրոցը 30 միլիոն գումար էր ստանում: Այնպես որ, Թագուհի Ղազարյանի ասածը չի վերաբերում բոլոր դպրոցներին, խոսքը շատ քիչ դպրոցների մասին է: Նրա ասածն այն էր, որ այդ 20 միլիոնը տալու փոխարեն ավելի լավ կլինի փակել այդ դպրոցները, այդ 2-3 աշակերտին տանել այլ դպրոց եւ այդ գումարները ծախսել խելամիտ ձեւով»: Խաչատրյանը նշեց, որ մնացյալ դպրոցներում, որտեղ աշակերտաքանակը նորմալ է, աշակերտի համար տրամադրվում է մոտ 300 հազար դրամ գումար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ճամբարային սկանդալի կուժն ու կուլան կոտրել են մի շարքային աշխատողի վրա

«Հրապարակ». Ճամբարային սկանդալի կուժն ու կուլան կոտրել են մի շարքային աշխատողի վրա Wed, 19 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով