«Կա՛մ-կա՛մ»՝ առանց դիվանագիտության
Mon, 24 Aug 2026 12:34:40 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատության է ենթարկել իշխանությունների վարած բանակցային քաղաքականությունը՝ պնդելով, որ բանակցելու անհրաժեշտ կարողությունների բացակայությունը Հայաստանին պարբերաբար խնդիրների առաջ է կանգնեցնում։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունը մի շարք դեպքերում չի կարողացել արդյունավետ բանակցություններ վարել և արդյունքում կորցրել է տարբեր գործընկերների։ Կարապետյանը նաև նշել է, որ իշխանությունները սեփական բանակցային անհաջողությունների պատասխանատվությունը հաճախ փորձում են վերագրել այլ կողմերի։
Խմբակցության ղեկավարը Փաշինյանի բանակցային մոտեցումը բնութագրել է որպես «կա՛մ-կա՛մ» տրամաբանություն՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը պետք է ենթադրի նաև այլընտրանքային տարբերակների որոնում։ Նրա խոսքով՝ Արցախյան հակամարտության բանակցային փուլում ևս իշխանության մոտեցումը սահմանափակվել է երկու տարբերակի ընտրությամբ՝ պատերազմի կամ զիջումների միջև։
Կարապետյանի համոզմամբ՝ բանակցություններում միայն երկու հակադիր տարբերակների առկայությունը սահմանափակում է դիվանագիտական հնարավորությունները, մինչդեռ արդյունավետ բանակցությունների նպատակը նոր լուծումների և փոխզիջումային տարբերակների որոնումն է։
«Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում, ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցել, արդեն որերորդ գործընկերոջն են կորցնում:Այսքան ժամանակ չի եղել մի ոլորտ, որտեղ կարողանան լավ բանակցել, իր բանակցային ոճն այսօրվա ելույթում վառ արտահայտվում է՝ «կա՛մ-կա՛մ» է, «և՛-և՛» չկա։ Արցախյան հակամարտության այն փուլում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կա՛մ պատերազմի, կա՛մ զիջման, իր տեսլականը երկու տարբերակ էր, բայց միշտ կան երրորդ տարբերակները, դիվանագիտությունն էլ դրա մասին է»,- պնդել է Կարապետյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր