Կառավարության 2026–2031 թթ. ծրագրի քննարկման հետաքրքիր պահերը եւ ծուղակները
Mon, 24 Aug 2026 20:15:30 +0400

Ծրագրի հիմնական առանցքներն են՝«Չորրորդ Հանրապետության» և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, Ադրբեջանի հետ խաղաղության պահպանումն ու ինստիտուցիոնալացումը,TRIPP նախագիծը և տարածաշրջանային ապաշրջափակումը, նոր Սահմանադրությունը, ԵՄ-ին մոտենալը և 2029-ին վիզաների ազատականացման նպատակադրումը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների փաստացի ավարտը, տնտեսական աճը՝ տարեկան միջինը 6%, 125 հազար նոր աշխատատեղերը, գյուղատնտեսության, ջրային համակարգերի և ենթակառուցվածքների զարգացումը, և, ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման/հոգևոր անվտանգության» թեման։
Այսինքն՝ սա սովորական «հինգ տարվա տնտեսական ծրագիր» չէ։ Փաշինյանն այն ներկայացնում է որպես ամբողջ պետական-քաղաքական վերաձևակերպում՝ «Երրորդ Հանրապետությունից» դեպի իր ասած «Չորրորդ Հանրապետություն»։
«ՀԱՊԿ-ը թող մեզ հանի»
Պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարցրեց՝ առաջիկա հինգ տարում Հայաստանը պատրա՞ստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Փաշինյանի պատասխանը շատ ուղիղ էր. «Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից»։ Կրկնեց, որ Հայաստանն իր հարցերը ՀԱՊԿ-ին տվել է, պատասխաններ չի ստացել, հետևաբար հետաքրքրությունը սպառված է, և առաջիկա հինգ տարում ՀԱՊԿ վերադառնալու որևէ ծրագիր չկա։ Սա այն դեպքերից է, երբ Փաշինյանը չի «լղոզում», հակառակը՝ ուղիղ պատասխանում է։ Բայց մենք էլ հարց ունենք իրեն ուղղված` «ո՞ր ռազմաքաղաքական դաշինքով ենք փոխարինում ՀԱՊԿ-ը», եթե վստահ ենք, որ «ՀԱՊԿ-ը մեզ այլևս պետք չէ»։ Այսինքն՝ հինը մերժելը հասկացանք, անվտանգության նոր ճարտարապետության պատկերը պարզ չէ։ ՀԱՊԿ-ը չեղարկելը կարող էր ճիշտ ռազմավարություն համարվել` եթե հայտնի է՝ դրան ինչն է փոխարինում։
Նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրի
Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության մեջ 1990 թ. Անկախության հռչակագրին հղում չի լինի։ Դա կապեց Ղարաբաղյան շարժումը չշարունակելու և «խաղաղության օրակարգի» հետ։ Նրա խոսքով՝ Հռչակագրին հղումը կարող է ընկալվել որպես Ղարաբաղյան շարժման շարունակություն: Սակայն կրկին հարց է ծագում. «Եթե նոր Սահմանադրության նպատակն ինքնիշխան Հայաստանի պետականության ամրապնդումն է, ինչո՞ւ պետք է Հայաստանի անկախ պետականության հիմնարար փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորվի Ադրբեջանի հետ խաղաղության տրամաբանությամբ»։ Սա ավելի կարեւոր հարց է, քան «դուք հայրենասե՞ր եք, թե՞ ոչ» տիպի հռետորաբանությունը։
«Կտրիճ Ներսիսյան»` նիստի ամենակուրյոզային հատվածը
Այստեղ խորհրդարանական բանավեճը վերածվեց քաղաքական թատրոնի։ Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին մի քանի անգամ դիմեց ավազանի անունով, եկեղեցուն մեղադրեց քաղաքականացման մեջ, Վեհափառին պիղծ անվանեց, ասաց, որ եկեղեցին վերածվել է «պատերազմի քարոզչության ինստիտուտի»։ Դահլիճը համարժեք արձագանքեց՝ ընդդիմությունը սկսեց սեղաններին հարվածել, ՔՊ-ի պատգամավորների մի մասը սկսեցին ծափահարել, ապա իրավիճակն այնքան սրվեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքեցին դահլիճը։ Երբ երկրի հնգամյա ծրագրի քննարկման ամենաթեժ դրվագը Կաթողիկոսի անունն արտաբերելն է, դա խորհրդարանի ու կառավարության որակի, երկրի քաղաքական օրակարգի մասին շատ բան է ասում, անշուշտ՝ ոչ դրական։
«Դիվանագիտությունը՝ կա՛մ–կա՛մ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատեց Փաշինյանի բանակցային ոճը՝ այն բնութագրելով որպես «կա՛մ–կա՛մ», մինչդեռ դիվանագիտությունը պետք է կարողանա երրորդ տարբերակ գտնել։ Նա իրավացի է` Փաշինյանի ելույթում շատ են երկընտրանքային կառուցվածքները. կամ հին տրամաբանություն, կամ` խաղաղություն, կամ Ղարաբաղյան շարժման շարունակություն, կամ` նոր պետականություն, կամ` ՀԱՊԿ-ի վերադարձ, կամ` հեռացում, կամ` հին Սահմանադրություն, կամ` նոր Սահմանադրություն։ Փաշինյանը երբեք երրորդ տարբերակ հաշվի չի առնում, չի քննարկում, իր առաջարկը մշտապես փորձում է ինչ որ մերժված տարբերակ` որպես միակ այլընտրանք ներկայացնելով առաջ մղել։ Նրա հմտությունը հարցին պատասխանելը չէ, այլ հարցը շրջանցելը, իր ուզած շրջանակը սահմանելը, որը լսողի մոտ տրամաբանական պատասխանի տպավորություն է գործում։
ԵՄ-ն հիմա էլ 2029-ի նշաձող
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թ. ընթացքում։ ԵՄ անդամակցության հանրաքվե, իր համոզմամբ, լինելու է, բայց պետք է անցնել պաշտոնական դիմումի և ճանապարհային քարտեզի փուլերով։ Նա մի կողմից փորձում է ասել՝ «մենք չենք վազում ուրիշների հետևից», մյուս կողմից եվրոպական ուղղությամբ ժամկետ է դնում, չնայած ոչ մեզ կանչող կա, ոչ գործընթաց։ Հարց. ո՞ր չափելի քայլերով ենք 2029-ին հասնելու արդյունքի, և ո՞վ է պատասխանատու լինելու, եթե ճանապարհային քարտեզի կետերը չկատարվեն։
TRIPP-ի կոնկրետ երթուղին
Փաշինյանը խոսեց TRIPP-ի մասին՝ նշելով Նռնաձոր–Ագարակ ուղղությունը, ՀՀ հարավային սահմանը, Արաքսի ափը և նախկին երկաթուղային գծի տրամաբանությունը։ Նաև հայտարարեց, որ ՌԴ-ի հետ բանակցություններում առաջարկում են կոնցեսիայի իրավունքը փոխանցել երրորդ երկրի, քանի որ չեն ուզում կորցնել միջազգային տրանսպորտային ուղիներին մասնակից դառնալու պատմական հնարավորությունը։ Հարց. «Լավ, երթուղին ասացիք։ Հիմա ասեք՝ ժամկետը, ներդրողը, կառավարման մոդելը, անվտանգության մեխանիզմը, Հայաստանի վերահսկողության ծավալը, տարեկան ակնկալվող տնտեսական արդյունքը»։ Եթե այս հարցերին չկան կոնկրետ պատասխաններ, իսկ Իրանն էլ կատեգորիկ դեմ է արտահայտվում ԱՄՆ ներկայությանն այս տարածաշրջանում, ապա Փաշինյանի խոսքը մնում է քարտեզի վրա մատով գիծ քաշելու մակարդակում։
Իսկ Փաշինյանն ինչպե՞ս էր իրեն պահում
Իմ դիտարկմամբ՝ նա ավելի շատ հարձակվողի, քան պաշտպանվողի դիրքերում էր, չնայած հարցերի, ձախողումների անհաշիվ քանակին։ Ոչ ոք չի ժխտում նրա հռետորական «տաղանդը», բայց վերցնել հարցի քաղաքական հիմքը, վերաձևակերպել եւ իր նախընտրած կեղծ հակադրության մեջ ներկայացնել հանրությանը, երկար պատմական կամ գաղափարական բացատրություններ տալ, վերջում կրկնել նույն քաղաքական եզրակացությանը, որն արդեն սկզբում ուներ։ Սա ոչինչ չասելու եւ ամեն ինչի տակից դուրս գալու արվեստ է, որին քչերն են տիրապետում:
Պատգամավորների պահվածքը
Ընդդիմության բողոքը հասկանալի է, բայց սեղանին հարվածելը ուժեղ փաստարկ չէ` անելանելի քայլերի շարքից է: ՔՊ-ականների ծափերն էլ մեծ շնորհք ու ցնցող քայլ չէ: Եւ այս ամենը խորհրդարանական մշակույթի լավ օրինակ չեն։ Սա վկայում է, որ ԱԺ-ն վերածվում է քաղաքական շոուի թատերաբեմի: Օգոստոսի 24-ի նիստից այդ տպավորությունը ստացանք։ Փաշինյանը նորից սրեց ԱԺ մթնոլորտը, սադրեց իրավիճակը եւ այս անգամ նորաթուխ ընդդիմությունը՝ սեղաններին հարվածեց ու դահլիճը լքեց։ Այսօրվա ընդդիմության ամենախոցելի քայլն այն է, որ նրանք Փաշինյանին տալիս են մեծ թվով գաղափարախոսական հարցեր, որտեղ նրան «բռնացնելը» շատ դժվար է։ Օրինակ՝ «Ի՞նչ է իրական Հայաստանը», «ո՞րն է հայրենիքը», «ինչո՞ւ խաղաղություն», այդ դաշտում Փաշինյանի հետ մրցել չեն կարող: Իմ կարծիքով, պետք էր հարցնել. «2027-ին կոնկրետ քանի՞ կիլոմետր ճանապարհ, քանի՞ աշխատատեղ, քանի՞ միլիարդ ներդրում, քանի՞ ազատ արձակված գերի, քանի՞ նոր զորամաս, քանի՞ ջրամբար» կունենանք։ Թեեւ խոստումների դաշտում էլ նրա հետ մրցելն անհնարին է: Ուղղակի նրան պետք է բռնել թվերի, ժամկետների, պարտավորությունների և արդյունքների վրա։ Օրինակ՝ «Տարեկան 6% տնտեսական աճը ո՞ր հիմքով եք հաշվարկել և ի՞նչն է լինելու չկատարման չափանիշը»։ 125 հազար աշխատատեղ՝ «դրանից որքա՞նն է լինելու մասնավոր, որքա՞նը՝ պետական, ինչպե՞ս եք հաշվարկելու իրական նոր աշխատատեղը, այլ ոչ թե ստվերից դուրս եկածը»։ Մինչեւ 2029 թ. վիզաների ազատականացման համար ո՞ր 5 չափելի պայմաններն են պետք կատարել։ TRIPP. «Ո՞վ է վերահսկելու ենթակառուցվածքը և ո՞րն է Հայաստանի իրավազորության իրական ծավալը»։ Գերիների վերադարձ. «Քանի՞ վերադարձ է նախատեսվում, երբ և ի՞նչ բանակցային մեխանիզմով»։ Ընդդիմության լավագույն մարտավարությունը ոչ թե ավելի բարձր գոռալն է, այլ ավելի ճշգրիտ հարց ձեւակերպելը։
Այսօրվա նիստի հիմնական դասը
Ամենադժվարն այն հարցը չէ, որի շուրջ կարելի է երկար վիճել, ամենադժվար հարցն այն է, որի պատասխանը կարելի է 1-2-5 տարի հետո բացել ու ասել՝ «դուք սա խոստացել էիք, ահա խոստումը` ահա արդյունքը, որը հեռու է խոստումից»։ Ու ամենավտանգավոր բան այն էր, որ այլեւս ինքն է որոշում, թե ինչ հարցի պատասխանի, ինչպես պատասխանի, ինչքան դիպչի հայի հոգու նուրբ լարերին, ինչ մարտահրավերներ հնչեցնի` ուղղված ընդդիմությանը։ Ընդդիմության խնդիրը նրան այդ հնարավորությունը չտալն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր