Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Խաչատուր Պոլ Կարապետյանն ու ԱՄՆ քաղաքացիական պատերազմը

Խաչատուր Պոլ Կարապետյանն ու ԱՄՆ քաղաքացիական պատերազմը

Fri, 28 Aug 2026 21:00:31 +0400


ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մասին խոսելիս անպայման հիշում ենք Աբրահամ Լինքոլնին, Ուլիս Գրանտին եւ Ռոբերտ Լիին, ինչպես նաեւ՝ Հյուսիսի եւ Հարավի միջեւ տեղի ունեցած ճակատամարտերը։ Նաեւ՝ կինոնկարներ, որոնք պատմում են այդ ժամանակների մասին։ Պարզվում է, սակայն, որ ԱՄՆ պատմության այդ բախտորոշ շրջափուլին մասնակցություն են ունեցել նաեւ մեր հայրենակիցները։

Նրանցից է Խաչատուր Պոլ Կարապետյանը (Khachadour Paul Garabedian), որը եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի սպա։ Պաշտոնական պատմագրության համաձայն, նա միակ փաստաթղթավորված հայն է, որը մասնակցել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մարտական գործողություններին՝ Միության, այսինքն՝ Հյուսիսի կողմից։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը՝ որպես մարդու եւ հայի, որը նպաստել է Նոր Անգլիայի արդյունաբերականացմանը, տեղի հայ համայնքների ձեւավորմանը, ամերիկյան ռազմածովային ուժերի զարգացմանը։ Խաչատուր Կարապետյանը ծնվել է Հռոդոսթոյում՝ 1836 թվականի օգոստոսի 25-ին, Օսմանյան կայսրությունում։ 1850-ական թվականներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Բնակություն է հաստատել Լովելում (Մասաչուսեթսի նահանգ)։ Լովելը որպես իր նոր բնակության վայր ընտրելը բնական էր։ 19-րդ դարի կեսերին այս քաղաքը Նոր Անգլիայի կարեւոր արդյունաբերական կենտրոններից էր։ Նրա տեքստիլ ֆաբրիկաները կարիք ունեին մասնագետների եւ բանվորական ուժի, իսկ արդյունաբերական ներուժի շուրջ ձեւավորվում էր նոր քաղաքային մշակույթը։ Այստեղ էլ Կարապետյանն անցնում է աշխատանքի՝ Massachusetts Mills-ում, որպես մեքենավար։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նա երիտասարդ մասնագետ էր եւ կատարում է իր քաղաքական ընտրությունը՝ 1864 թվականին անցնելով Միության կամ Հյուսիսի կողմը։ Օգոստոսի 6-ին ծառայության է անցնում Միության ռազմածովային ուժերում։ Ստանում է ինժեների երրորդ օգնականի պաշտոն։ Այսինքն՝ զբաղեցնում է սպայական պաշտոն։

Lowell Daily Citizen & News տեղական թերթը 1864 թվականի օգոստոսի 11-ի համարում գրում է երիտասարդ նոր սպայի մասին՝ շեշտելով, որ նա հայկական ծագում ունի, սակայն լիովին ամերիկյան քաղաքացի է, ունի լոյալ եւ լիբերալ սկզբունքներ։ Թերթի հոդվածում վստահություն է հայտնվում, որ երիտասարդ Կարապետյանը պատվով կկատարի իր պարտականությունները։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր հիշատակություն է, որն աչքաթող անել չի կարելի։ Այն ցույց է տալիս, թե ընդամենը մոտ մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ տեղափոխված հայորդին ինչպես է կարողացել ինտեգրվել ամերիկյան պետությանը, ամերիկյան քաղաքական համակարգին, դառնալ այդ հասարակության մասնիկը։ Կարապետյանը ծառայել է USS Geranium եւ USS Grand Gulf նավերի վրա։ Որպես թիկունքային ռազմածովային ուժերի սպա՝ իրականացրել է բլոկադային առաջադրանքների ապահովում։ Դա կարեւոր պահ է, քանի որ քաղաքացիական պատերազմում Հյուսիսը ձգտում էր նաեւ բլոկադայի միջոցով հյուծել Հարավին կամ Կոնֆեդերացիային ու հասնել հաղթանակի։ Պատերազմից հետո Կարապետյանը թողնում է զինվորական ծառայությունը, բնակություն հաստատում Ֆիլադելֆիա քաղաքում։ 1868 թվականին ներկայացնում է պատենտ՝ կապված խողովակների միակցման իր համակարգի ստեղծման հետ։ 1871 թվականին արդեն խոր գիտելիքներ եւ լուրջ փորձառություն ունեցող Կարապետյանն ամուսնանում է Հաննա Մաթիլդա Վինկուպի հետ։ Երեխաներ չեն ունենում։ Ապրում է ընդամենը 45 տարի, մահանում է 1881 թվականի օգոստոսի 25-ին՝ իր իսկ ծննդյան օրը, Ֆիլադելֆիայում։ Ասում են՝ մահվան պատճառը եղել է թոքախտը։ Հետո արդեն գալիս է մոռացության շրջանը, եւ միայն 2000-ականներին նրա անունն ու նրա մասին հիշողությունն աստիճանաբար սկսում են վերականգնվել։

Խաչատուր Պոլ Կարապետյանի կենսագրությունը գաղթականի կենսագրություն է, որը կարողացել է անցնել բարդ ուղի եւ հասնել հաջողության՝ դառնալով մասնիկը ամերիկյան պատմության՝ պահպանելով հանդերձ կապը հայկական մշակույթի եւ ինքնության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը մահափո՞րձ է կատարել Թրամփի որդու դեմ

Իրանը մահափո՞րձ է կատարել Թրամփի որդու դեմ Fri, 28 Aug 2026 12:00:59 +0400 Իրանի Ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով