«Հրապարակ». Հողիդ տեր կանգնի, ունեցածիդ տեր կանգնի, պահպանի, չարեցիր` Ալիեւն էլ կտանի, Էրդողանն էլ
Fri, 28 Aug 2026 13:15:48 +0400

Հարցազրույց դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ
– Այսօր ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղված Անահիտ Ղուկասյան դերասանուհին:
– Պատանի հանդիսատեսի թատրոնում եմ աշխատում, այսօր զբաղվածություն չունեմ թատրոնում, մեկ տարի է՝ դեր չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ կունենամ, ակնկալիքներ դեռ կան: Իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնը, իմ կարծիքով, ամենակարեւոր թատրոնն է բոլոր երկրների համար, որովհետեւ այն թատրոնն է, որը կազմավորում է նոր սերունդը, որ հետո դառնա այդ երկրի քաղաքացին: Յուրաքանչյուր երկրի քաղաքացի Պատանի հանդիսատեսի թատրոնում է ձեւավորվում: Գույն, երաժշտություն, նստելու ձեւ, ծափ տալ՝ ամեն ինչ սովորում է մեր թատրոնում, այսինքն` կրթվում է: Որովհետեւ, բացի ընտանիքից եւ դպրոցից, նաեւ շրջապատն է ձեւավորում մարդուն: Իմ 80 տարվա կյանքն արդեն բերել է այն մտքին, որ իսկապես այդ թատրոնն է տալիս ճիշտ ուղղություն երեխային, որը պետք է հասկանա, թե որտեղ ինչպես պետք է վարվի: Եվ ինձ համար շատ կարեւոր է, թե մենք ինչ ենք բեմադրում: Ցավոք, այսօր քիչ են կարդում, դպրոցը քիչ է տալիս, գոնե թատրոնը պետք է այդ բացերը լրացնի: Իմանա՝ ինչ բան է հայ մտավորականը, հայի ոգին, որի մասին ժամանակին գրել են Րաֆֆին եւ մեր մյուս մեծերը: Րաֆֆին էր, որ բավականաչափ պարզաբանեց, թե ինչ ենք եղել եւ ուր ենք գնում: Ցավոք, նրա նկարագրած մերուժաններն այսօր այնքան են շատացել, որ կործանում են ազգը: Եվ երեխան պիտի իմանա այդ մասին ու դաստիարակվի Սամվելի ոգով: Կարեւոր է, որ չդավաճանեն։ Դավաճաններն են շատացել, իսկ դա ցավալի խնդիր է, շատ:
– Ինչպե՞ս է ապրում բեմից դուրս Անահիտ Ղուկասյանը:
– Տարօրինակ ձեւով: Ես զբաղված մարդ եմ: Գիտեք, չնայած իմ տարիքին, բավականին պահանջված եմ ե՛ւ կինոյում, ե՛ւ գովազդներում: Ես անընդհատ եմ զբաղված: Երբեք չեմ մնում անգործ: Եթե ժամանակ է լինում, հաճույքով կարդում եմ: Գոնե իմ սերունդը գրքի նկատմամբ վերաբերմունք է ունեցել: Բացի այդ, ես նաեւ հարազատներ ունեմ, եղբորս ընտանիքն իմ ընտանիքն է: Եղբայրս չի տեսել իր տղայի երջանկությունը, երբ մահացավ, տղան ամուսնացած չէր: Այդ ընտանիքն իմն է, ես նրանցով եմ ապրում, իմ թոռներով: Ես մենակ եմ ապրում, բայց միայնակ չեմ: Միայնակությունն ուրիշ վիճակ է, երբ անտեր ես: Իսկ ես անտեր չեմ, իմ ընտանիքն առանձին է ապրում, բայց կա:
– Կուզենայի՞ք փոքրիկ անդրադարձ կատարել Ձեր ամուսնուն` ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին:
– Մեծ հաճույքով: Նա տաղանդավոր մարդ էր, բայց քիչ գնահատված, իր կյանքի օրոք նա ըստ արժանվույն չգնահատվեց: Իսկապես տաղանդավոր մարդ էր եւ շատ խելացի: Բագրատի չափ կարդացած, գիտակ չկար։ Ե՛վ կինոն գիտեր, ե՛ւ հատկապես գրականությունը, որովհետեւ ռոմանագերմանական բաժինն էր ավարտել: Անգլոամերիկյան գրականությունը կարդում էր բնագրով, շատ մեծ գրադարան ունեինք, եւ ինքը գրքի ֆանատ էր: Ես Բագրատի շնորհիվ ծանոթացա Հրանտ Մաթեւոսյանի հետ: Բագրատին չէի ճանաչում՝ մինչեւ «Աշնան արեւը» ֆիլմի նկարահանվելը: Եվ ֆիլմի նկարահանման կեսին մենք ամուսնացանք: Ես գնահատեցի իրեն որպես մարդ, որպես անձնավորություն, որն իսկապես ինձ համար շատ կարեւոր էր: Նախ՝ մեծ էր ինձնից 17 տարի, տարբեր սերունդներ էինք, բայց ես նայում էի Բագրատի բերանին: Իսկ ես այն դերասանուհին եմ, որը հավատում է ռեժիսորին, եւ ինձ համար ինքը շատ կարեւոր մարդ էր: Ես այդ ընթացքում էի հասկանում, թե ինչքան խելացի է ինքը: Այսինքն, ես գնահատեցի իր գիտելիքները, մարդկային վարվելաձեւը, բազմաթիվ բաներ կային: Հետո՝ շատ գեղեցիկ տղամարդ էր, բոյով, շատ սիրուն, բացի ճաղատ լինելուց՝ մնացած ամեն ինչ լավ էր, փառահեղ աչքեր ուներ, հսկայական, մեծ, սեւ աչքեր: Ու ես չէի հասկանում, թե իմ ինչին էր սիրահարվել: Բայց այդպես ստացվեց:
14 տարի ես եղել եմ Բագրատի կինը, եւ շատ ծանր է եղել մեր կյանքը, այնպես հալած յուղի պես չի եղել, անընդհատ կռիվ, պատերազմ: Բացի դրանից, ինքը բուռն բնավորություն ուներ, ահավոր խանդոտ էր, սարսափելի խանդոտ էր, եւ ես չէի հասկանում, թե ինչին էր խանդում, պատուհանին կարելի՞ է խանդել: Թաքուն գալիս էր թատրոն, եւ թատրոնից հետո սկսվում էր մեր տան պատերազմը: Երբ ներկայացումից հետո կանգնում էինք բեմի վրա, հանդիսատեսի առաջ, հետո ասում էր՝ ինչո՞ւ բռնեցիր կողքիդ կանգնածի ձեռքը: Այ, այդպես: Գուցե հիմար բան էր, բայց ինքը տառապում էր դրանից: Այդ 14 տարին այդպես բուռն ենք մենք ապրել: Կարծես իտալական ընտանիք լիներ, բայց շատ հետաքրքիր էր: Որովհետեւ ես իր շնորհիվ նաեւ ծանոթացա Մուշեղ Գալշոյանի գործերին եւ հիմա վստահ եմ, անժխտելի փաստ է, որ 20-րդ դարի արձակագիր այդ երկուսն են եղել` Հրանտ Մաթեւոսյան եւ Մուշեղ Գալշոյան, ու Բակունցն էր, իմ կարծիքով:
– Ձեզ հանրությունը ճանաչում է Աղունի դերով: Ի՞նչ կարծիք ունեք մեր այսօրվա թատրոնի, կինոյի մասին:
– Այսօր ամենացավալին կինոն է: Այն սինթեզված արվեստն է, որը բոլորին է հասանելի եւ շատ կարեւոր է: Բայց դուք տեսեք, թե ինչ է կատարվում հայ կինոյում: Դուք այսօրվա հայ կինոյում որեւէ հայի կերպար զգացե՞լ եք: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Եթե դրսում նայում են մեր սերիալները, համարում են, որ նախ հայերն ընտիր են ապրում, որովհետեւ դղյակներ են, փառահեղ մեքենաներ, եւ իրենցից ոչ մեկն էլ չի աշխատում: Եվ անընդհատ իրար սպանում են, ու չգիտես ինչեր: Երբ իտալական մաֆիաները տեսնում են մեր սերիալները, լաց են լինում, որ իրենք երեխա են մեր մաֆիաների համեմատ: Ես իմ կյանքը, լավ թե վատ, ապրել եմ, բայց ցավալի է, որ մատաղ սերունդը չի տեսնելու ոչ մի լավ բան, որովհետեւ իրենք նոր են կյանք մտնում: Ի՞նչ պետք է տեսնեն այդ կինոներով, թատրոններով: Պետք է հասկանան, չէ՞, որն է իսկական մարդը, ինչպես պետք է ապրել, բայց չեն տեսնում: Ցավալի է: Իսկ թատրոնն ավելի վատ վիճակում է: Մի բուռ ազգ ենք, բայց 100 հատ թատրոն, իսկ ո՞ր թատրոնում է բեմադրվում հայ գրողի որեւէ գործ: Չկա ոչ մի տեղ, ես շշմում եմ: Յուրաքանչյուր թատրոն իր խաղացանկում գոնե մի հայ գրողի գործ պետք է ունենա: Գոնե մի գործ բեմադրեն, որ լինի ազգային: Էլի Շեքսպիր բեմադրեք, բայց… Թատրոնի բեմը հանդիսատեսից բարձր է, որպեսզի բարձրացնի եւ արվեստին հասցնի նրան: Իսկ մենք այսօր փողոցային լեզվով ե՛ւ թատրոնում ենք խոսում, ե՛ւ կինոյում: Որտե՞ղ է մնացել մեր գեղեցիկ հայերենը: Մենք հակառակն ենք անում, բեմից իջնում ենք դեպի փողոց:
– Տարանջատենք իրական բարձր արվեստը եւ ժամանցայինը: Արժեւորվո՞ւմ է իրական արվեստը պետության եւ հասարակության կողմից, պայմաններ ստեղծվո՞ւմ են դրա համար:
– Պետությունը թքած ունի արվեստի վրա: Համարում է, որ արվեստն այդքան փող չի տալիս, ինչքան կտա ադամանդի արտադրությունը: Գնացին ցածրարժեք արվեստի վրա, որպեսզի ժողովրդին դեգրադացնեն: Նոր չէ, դեռ վաղուց է ծուռ բերանով խոսելը, իբր կատակ են անում, բայց դա կատակ չէ: Եվ ունեցանք այն, ինչ ունենք: Ես հույս ունեմ, որ ինչ-որ մի տեղ կա բարձրարժեք արվեստ, որի մասին ես չգիտեմ: Հովհաննես Ազոյանը, մեր նախկին քաղաքապետը` Հայկ Մարությանը։ Դու քո գործով զբաղվիր, ճարտարապետականն ես ավարտել, ի՞նչ գործ ունեիր դերասանության հետ: Իսկ ո՞վ է ասել, որ դու բերանդ ծուռ խոսելով ժողովրդին արվեստ ես մատուցում: Իսկ Մկոն այնքան խելացի մարդ է, որ ես զարմանում եմ՝ քո գիտելիքներն ո՞ւր մնացին, երբ դու այս խեղկատակությունն ես անում: Ես հումոր շատ եմ սիրում, բայց իսկական հումոր պետք է լինի, մակարդակ լինի հումորի մեջ: Գոտկատեղից ներքեւը հումոր չէ, լկտիություն է:
– Երբ բարձր արվեստից զրկվում է հասարակությունը, ինչի՞ է վերածվում: Կարո՞ղ ենք ասել, որ մենք հենց այդ անճաշակության զոհն ենք այսօր:
– Այո,100 տոկոսով կարող եմ ասել, որ դրա զոհն ենք մենք։ Դա ավելի հեշտ է ընկալել, ուղեղ պետք չէ։ Եվ ստացանք այս ցածրարժեք ոչխարների մի սուրու, որոնք, ամբախ-զամբախ, Նիկոլի հետեւից էլ կգնան, չգիտեմ էլ ում հետեւից, այ, դրանով վերջանում է ազգը։ Ժամանակին, եթե հիշում եք, Նիկոլը մի այսպիսի արտահայտություն արեց, թե ի՞նչ է եղել, ազգեր են եղել, որ կորել գնացել են, հիմա հայերն էդ ի՞նչ դառան, որ․․․։ Ուրեմն ինքը հայ չէ, ինքը վիժվածք է, թուրքի վիժվածք է, որը չի հասկանում՝ ինչ բան է հայ լիները, եւ ինչպես կարելի է պահպանել հային։ Դրա համար է, որ ցավ չի զգում, ասում է՝ նրանք, որ կործանվեցին, սա էլ թող կործանվի։ Այ, դա է խնդիրը։ Իմ ամենամեծ ցավը ջահելներն են, ափսոսս գալիս են այս երեխաները, որոնք այդ գաղափարով հիմա պիտի գնան եւ չհասկանան, թե ինչ բան է՝ պահպանել պետությունը։
– Պղծվում են արժեքները, հալածվում են արժեքներ պաշտպանողները, կորցնում ենք հայրենիքի մաս ու հատված։ Սա՞ է մեր ժամանակի բնորոշումը։
– Ինձ համար շատ անհասկանալի բաներ կատարվեցին 20-րդ դարի վերջինեւ 21-րդ դարի սկզբին։ Տարբեր ազգեր ընդունում էին Հայոց ցեղասպանությունը, եւ մենք էլ ուրախանում էինք, բայց ինչո՞ւ մենք չէինք ընդունում Արցախի անկախությունը։ Հայաստանը չճանաչեց, չէ՞։ Այ, դա ենք մենք, այ, դրա համար էլ կորցրինք։ Տեր չկանգնեցինք։ «Տերը» ֆիլմն ինչի՞ մասին է․ հողիդ տեր կանգնի, ունեցածիդ տեր կանգնի, պահպանի։ Չարեցիր՝ կտանի, Ալիեւն էլ կտանի, Էրդողանն էլ, ի՞նչ է եղել։
– Ժողովուրդը հանդուրժում է այս իրականությունը եւ անտարբեր է իր շուրջը կատարվող ամեն ավերի ու կորստյան նկատմամբ։ Չի՞ գիտակցում, ինչի՞ հետեւանք է սա։
– Սա այն անտարբերությունն է, որին բերեցին՝ ժողովրդին անընդհատ իրար գզվռտելով, իրենց ամբախ-զամբախ, հիմար կռիվների պատճառով, ժողովուրդը հոգնեց, զահլեն գնաց։ Եվ այդ անտարբերությունը բերում է նրան, որ մենք անընդհատ կորուստներ ունենանք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր